News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այստեղ ներկայացված է ժամանակակից մարդու գրեթե ամբողջ պատմությունը. 40 հազար տարվա կյանքը հողի մի քանի մետր շերտում է տեղակայված: Ինձ համար, որպես անտեղյակ մարդու, այս հողային տորթը միայն տարբեր գույներով շերտերի հաջորդականություն է: Սակայն հնագետները դրանք գրքի պես կարդում են: Ներքեւում՝ վերին պալեոլիթի շերտերն են, ապա մեծ անտիկ շերտը, վերեւում` միջին դարերի: Հողե տորթը պատված է կերամիկական սալիկով. մի քանի տասնամյակ առաջ ինչ–որ մեկը քարանձավային ռեստորան է որոշել կառուցել: Փառք Աստծո, հուշարձանների պահպանության մասնագետները արագ կասեցրել են այդ փորձը (ֆոտոռեպորտաժ):

Սյունիքի մարզի Աղիտու գյուղի մոտ՝ Որոտան գետի ձախ ափին գտնվող Աղիտու 3 քարանձավը եզակի հնագիտական հուշարձան է, որը ժամանակակից մարդու նախնիների կյանքի մասին շատ հարուստ նյութ է պարունակում: 2009 թվականից սկսած հայ-գերմանական համատեղ պեղումների արդյունքում այստեղից կենդանիների ոսկորներ են հայտնաբերվել, որոնց որսացել է այսպես կոչված անատոմիական ժամանակակից մարդը, ինչպես նաեւ ոսկորներից եւ քարերից պատրաստված աշխատանքային գործիքներ: Դրանց թվում են նետասլաքները, դանակները եւ նույնիսկ 26 հազար տարեկան ոսկորից պատրաստված ասեղը, ինչը ցույց է տալիս, որ այդ ժամանակ արդեն հագուստ էին կարում:

Նկարահանումների օրը մեզ համար պատմական էքսկուրս կազմակերպեց հնագետների խմբի ամենաերիտասարդը՝ Հայկ Ազիզբեկյանը: Նա պատմեց, որ վերին պալեոլիթի շերտերը ցույց են տալիս, որ քարանձավը, որը 1600 մետր բարձրության վրա է գտնվում, 15 հազար տարի ինտենսիվ օգտագործվել է՝ 39 000-ից մինչեւ 24000 cal BP (մինչ այսօրվա օրացուցային տարիները): Լսում եմ եւ ապշում, ինչ հեշտությամբ են արտեբերում այդ հազար տարիները, այնինչ մարդկային երեւակայությունը չի հերիքի ժամանակի նման ահռելի հատված պատկերացնելու համար:

Հայկ Ազիզբեկյանի խոսքով՝ պեղումները նաեւ այդ ժամանակ կատարված կլիմայական փոփոխությունների մասին են պատկերացում տալիս: Գտնված արտեֆակտները՝ աշխատանքային գործիքները, զարդերը փաստում են այդ ժամանակվա մարդու հմտությունների, ինչպես նաեւ գեղագիտական պատկերացումների մասին: Մասնավորապես, գտնվել են խխունջներից կախիկներ, որոնք կարող էին Պարսից ծոցից այստեղ հայտնվել: Այս շրջանում օբսիդիանից պատրաստված գործիքները տարածվում են Սյունիքի եւ Հայաստանի սահմաններից դուրս:

Աղիտուի հնագիտական արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը արդեն պեղումների սեզոնի ավարտից հետո մեզ հետ զրույցում բացատրեց, որ Որոտան գետի հովիտը հարուստ է օբսիդիանով եւ դա այստեղ բնակվելու պատճառներից մեկն է եղել: Նա հավելեց, որ Աղիտու 3 քարանձավը պեղվում է հնագիտական վերջին խոսքով, գիտությանը հայտնի վերջին մեթոդներով, եւ այն հեռավոր ժամանկներում բնակվող մարդու կենցաղի մասին ամբողջական տեղեկություններ է հաղորդում: 

Աղիտու 3-ի եւս մեկ հետաքրքիր գտածո է անտիկ դամբարանը, որը մ.թ 1-ին դարով է թվագրվում: Մի քանի տարի առաջ այստեղ պեղումների ժամանակ 7 մարդու մարմին է հայտնաբերվել՝ մետաղադրամները բերանում: Հայկ Ազիզբեկյանի խոսքով՝ դա գետով անդրշիրիմյան աշխարհ անցնելու վարձ է եղել:

Բորիս Գասպարյանը պատմում է, որ դամբարանի կողքին կան անտիկ շրջանի այլ կառույցների ավերակներ, որոնց նշանակությունը դեռ պարզ չէ: Դատելով այս տարի գտնված ֆալոսից՝ դրանք պաշտամունքային նշանակություն են ունեցել:

Հնագետները մեզ ցույց տվեցին նաեւ Աղիտու 7 քարանձավը, որը տեղակայված է Որոտան գետի կիրճի լանջին՝ Աղիտու 3-ից ներքեւ:

Այստեղ պեղումները նոր են սկվել եւ այն եւս գրավել է հնագետների ուշադրությունը վերին պալեոլիթի շերտերով:

Ազիզբեկյանը բացատրեց, որ այն ժամանակ գետի մակարդակը բավական բարձր է եղել եւ այն սնունդ հայթայթելու համար լավ աղբյուր է եղել: Քարանձավի տարածքում միջնադարյան թոնիր եւ այլ կառույցներ էլ են հայտնաբերվել:

Բորիս Գասպարյանը, խոսելով Աղիտու 7-ի մասին, նշեց, որ այն շատ խորհրդավոր է հնագետների համար: Այստեղ անհասկանալի մշակութային ֆենոմեն է բացահայտվել: Նա կարծում է, որ 13-14-րդ դարերում այստեղ անհայտ աղանդավորների կողմից պաշտամունքային ծեսեր են կատարվել: Նա հավելեց, որ Աղիտու 7-ն ի սկզբանե ոսումնասիրվել է քարե դարի մարդու հետքերը գտնելու համար, սակայն ավելի խորը շերտերը նրանք դեռ չեն պեղի, մինչեւ չհասկանան ինչ շերտ է վերեւում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ