News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Բազմաթիվ ուսանողներ այսօր Երեւանի պետհամալսարանի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել, իսկ հետո երթ անցկացրել՝ դասադուլի կոչ անելով: Նրանք բողոքում են ակադեմիական տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագծով:

Ուսանողները նաեւ բաց նամակ են ուղղել պաշտպանության նախարարին: Նշում են, որ համաձայն չեն օրինագծի քննարկումների ժամանակ ներկայացված փաստարկներին: Մասնավորապես, որ տղաները տարկետման իրավունքից օգտվում եւ ասպիրանտուրա են ընդունվում զինվորական ծառայությունից խուսափելու համար, ինչպես նաեւ այն, որ այս օրինագիծը պայքարելու է կոռուպցիայի դեմ: Ակցիայի ժամանակ բարձրաձայնել են եւս մեկ խնդրի մասին. ուսանողները վստահեցնում են, որ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ոչ բոլոր տղաներն են կարողանում օգտվել դրա համար նախատեսված ուսման վարձավճարի զեղչից:

Նշենք, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»  օրինագծով առաջարկվում է տարկետում տրամադրել միայն այն ուսանողներին, որոնք պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կկնքեն եւ բուհն ավարտելուց հետո ծառայության կմեկնեն որպես սպա: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը:

Արցախում նոյեմբերի 4-ին վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն դրական տեղաշարժ կա: Ժամկետային զինծառայողը հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով բեկորային վնասվածքներ է ստացել դեմքի ու ձեռքերի շրջանում, մատներից մի քանիսն անդամահատվել են: Նա նաեւ ծնոտի կոտրվածք ունի, բայց վիրահատության մասին խոսելը, ըստ մասնագետների, դեռ վաղ է: Ալումյանը դեռեւս անգիտակից վիճակում է: Պատահարի ժամանակ վիրավորված մյուս զինծառայողի՝ Գեւորգ Հյուսնունցի վիճակը բավարար է: Նա շարունակում է մնալ Ստեփանակերտի հիվանդանոցում: Հիշեցնենք, որ նռնակի պայթյունի հետեւանքով նաեւ մեկ զինծառայող էր զոհվել՝ 20-ամյա Հրանտ Մանգասարյանը:

Հրազդանում կնոջ եւ տղամարդու դաժան սպանության գործով մեղադրյալ կա: 53-ամյա Սամվել Ալիխանյանի եւ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի սպանության մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 32-ամյա բնակիչ Լյուդվիգ Հակոբյանին: Ըստ տեղեկությունների՝ նախկինում նա մի քանի անգամ դատապարտված է եղել: Որոշ տվյալներով՝ սպանության օրը նրա հետ եղել է նաեւ ազգականը. սպանություններին նրա մասնակցությունը ճշտվում է:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ Սիմոնյանին եւ Ալիխանյանին սպանել են շահադիտական նկատառումներով. մեղադրյալը զոհերի հետ ծանոթ է եղել: Նա տուժածներին տարել է իր հայրական տուն, ծեծել ու գումար պահանջել: Մերժում ստանալով՝ 32-ամյա տղամարդը մետաղալարով խեղդամահ է արել Սամվել Ալիխանյանին, իսկ Վարդուհի Սիմոնյանին սպանել է մետաղական կշռաքարով գլխին հարվածելով: Շուրջ երկու ամիս անհետ կորած համարվող Սամվել Ալիխանյանի եւ Վարդուհի Սիմոնյանի մարմինները գտել են նոյեմբերի 2-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում, պոլիէթիլենային տոպրակով կապկպված:

Օֆշորային նոր բացահայտումներն իրարանցում են առաջացրել մի շարք երկրներում: Եվրամիությունը որոշել է լրջորեն զբաղվել խնդրով. կառույցի անդամ պետությունների ֆինանսների նախարարները քննարկում են համաշխարհային հարկային ապաստանների «սեւ ցուցակը»։ Նախատեսվում է նաեւ մինչեւ տարեվերջ «սեւ ցուցակի» մասին համաձայնագիր կնքել: Ենթադրվում է, որ ԵՄ սեւ ցուցակը բավական ծանրակշիռ կլինի:

Դրանում հայտնվողները կարող են պատժամիջոցների ենթարկվել, եթե հրաժարվեն համագործակցությունից: Ֆրանսիան իր հերթին գործընկերներին կոչ է արել դադարեցնել այն պետությունների ֆինանսավորումը, որոնք հարկային ապաստան են տրամադրում: Նշենք, որ օֆշորային գործարքների վերաբերյալ Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումի հրապարակած շուրջ 13.5 մլն փաստաթղթերում, որոնք «Դրախտային թղթապանակ» անվանումն են ստացել, 120 քաղաքական գործիչների եւ խոշորագույն ընկերությունների անուններ են շրջանառվում: Դրանց թվում են Եղիսաբեթ 2-րդ թագուհու, Կանադայի վարչապետի, Դոնալդ Թրամփի աշխատակազմից, Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահի ու վարչապետի մերձավոր շրջապատից անուններ: Իսկ ընկերությունների թվում են նաեւ Apple-ը, Nike-ը, Uber-ը: Հետաքննող լրագրողները խոստացել են ամբողջ շաբաթվա ընթացքում նոր բացահայտումներ հրապարակել:

Հունաստանում շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Լեւոն Արոնյանը լավագույն արդյունքն է գրանցել առաջին խաղատախտակի վրա: Հայաստանի հավաքականի առաջատարն արժանացել է ոսկե մեդալի: Երրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանն էլ արծաթե մեդալ է ստացել: Չնայած դրան՝ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 10 միավորով բաժանում է 12-17-րդ տեղերը: Անցկացված 9 տուրերում մեր հավաքականը հաղթել է Շվեյցարիային, Հունաստանին եւ Հոլանդիային, ոչ ոքի խաղացել Խորվաթիայի, Հունգարիայի, Լեհաստանի ու Սերբիայի հետ, պարտվել է Ադրբեջանին ու Գերմանիային:

Դոլարը շարունակում է թանկանալ, իսկ եվրոն էժանացել է եւս մեկ դրամով: Նոյեմբերի 7-ին դոլարի փոխարժեքը կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 8 դրամ 27 լումա, ֆունտինը՝ 638 դրամ:

Նոյեմբերի 8-10-ը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ