News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանը հանգստյան օրերին մասնակցել է Դիլիջանում անցկացվող տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին: Թերությունների մասով նախագահի ելույթը բավական կոշտ է եղել, սպասելիքների հարցում՝ հավակնոտ: Սերժ Սարգսյանը վստահ է, որ մեր համայնքներում հավակնոտ եւ իրատեսական ծրագրերի առկայության պարագայում ֆինանսավորում գտնել հնարավոր է. ֆինանսական հատվածի, այդ թվում՝ միջազգային կառույցների ներկայացուցիչներն են վկայում: Սակայն իրականությունն այլ է. համայնքների ղեկավարների աշխատանքից նախագահը դժգոհ է: Նա հիշեցրել է վարչապետի կոչը՝ համայնքների զարգացման ծրագրեր ներկայացնել ու օժանդակություն ակնկալել: Բայց կառավարության ղեկավարի կոչին արձագանքը Սերժ Սարգսյանին չի բավարարում: Նախագահին չի բավարարում նաեւ Երեւանից եւ մեծ քաղաքներից դուրս բնակիչների սոցիալական վիճակը: Բայց այս դեպքում պետության ղեկավարը հակված չէ մեղադրել համայնքապետերին:

Սերժ Սարգսյանը նաեւ համայնքապետերին խստորեն զգուշացրել է՝ երկրի զարգացման հաշվին ոչ մեկին լավություն չանել: Հասկանում է, որ շատերը դա անում են՝ գալիք ընտրությունների մասին մտածելով, բայց դա կարող է հակառակ արդյունքը տալ: Իսկ պաշտոնը չարաշահող եւ հարստացող համայնքապետերին նախագահն ամոթանք է տվել: Մինչեւ հիմա ներողամիտ են եղել, քանի որ համարել են, որ ինստիտուտը դեռ պետք է կայանա: Նախագահը վստահեցրել է, որ չի ուզում, իր խոսքով, որեւէ մեկին վախեցնել, բայց այսուհետ նման երեւույթների դեպքում ներողամտություն ակնկալել պետք չէ: Ուրախ կլինի, որ համայնքապետերը բարձր աշխատավարձ ստանան, սակայն միայն օրենքի սահմաններում եւ լավ աշխատանքի արդյունքում:

Խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ»-ում տեղի ունեցած աշխատակիցների հավաքի ընթացքում արված հայտնի ձայնագրության մեջ խոսող անձն Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին ասել է, որ այն կարեւոր փաստական տվյալ է, բայց նման ձայնագրությունները կարող են նաեւ ապացույց չհամարվել:

Արտակ Դավթյանի եղբորը դատախազությունում նույնպես հարցաքննել են, բայց գլխավոր դատախազը չի նշել, թե ինչ է նա ասել՝ կապված աշխատակիցներին սպառնալու հետ: Ամեն դեպքում, այս իրադարձության մեջ հանցակազմի հատկանիշներ չեն գտել: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակվել էր «ՍԱՍ գրուպ»-ում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Այն վարողն աշխատակիցներին պարտադրում էր ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ ձայն բերողներին խոստանալով պարգեւատրմամբ, իսկ չբերողները՝ աշխատանքից ազատմամբ:

Նյու Յորքի կենտրոնում պայթյուն է որոտացել: Մանհեթենի ամենամեծ ավտոբուսային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մի քանի մարդ է վիրավորվել, այդ թվում՝ պայթյունն իրականացնելու մեջ կասկածվողը: Մարդկանց ավտոկայանից տարհանել են:

Կասկածյալը ձերբակալված է: 27-ամյա տղամարդը Բանգլադեշի քաղաքացի է, վերջին 7 տարիներին ապրում է Բրուքլինում։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ տղամարդու վրա ամրացված են եղել ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք ժամանակից շուտ են պայթել՝ վիրավորելով նաեւ կասկածյալին: Նյու Յորքի ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն է որակել:

Վրաստանի նախկին նախագահը կրկին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է. Կիեւի դատարանը քննարկում է Միխայիլ Սահակաշվիլիին կալանավորելու հարցը: Սահակաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 9-ին: Նրան ժամանակավոր մեկուսարան են տարել, որտեղ գործիչն անժամկետ հացադուլ է հայտարարել:

Հանգստյան օրերի ընթացքում իրավապահների եւ Սահակաշվիլիի կողմնակիցների միջեւ նորից բախումներ են գրանցվել. վերջինները փորձել են քննչական մեկուսարանի շենքի մոտ վրաններ տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել եւ արցունքաբեր գազ են կիրառել:

Այսօր նորից վրացի գործչի կողմնակիցները Կիեւի փողոցներ են դուրս եկել. նրանք պահանջում են ազատ արձակել Սահակաշվիլիին: Մինչ այդ, Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Միխայիլ Սահակաշվիլին բողոքի ցույցերը կազմակերպել է՝ Ուկրաինայում պետական իշխանությունը զավթելու եւ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու գործարար Սերգեյ Կուրչենկոյի քրեական խմբի անդամներին օգնելու համար, որպեսզի նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: Սահակաշվիլին չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Իսկ Ուկրաինայի գլխավոր դատախազությունում Սահակաշվիլիին կալանավորելու ցանկությունը հիմնավորում են նրա իսկ շահերով. ասում են, եթե գործիչն ազատության մեջ մնա, Ռուսաստանի հատուկ ծառայությունները «կարող են վերացնել» նրան, նման հնարավորության մասին տեղեկություններ են ստացել:

Օրերս լրատվամիջոցներում հրապարակում հայտնվեց այն մասին, որ հաջորդ տարվանից երրորդ երկրից ավտոմեքենա ներմուծելն անհնար կդառնա: Բանն այն է, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սկզբունքը: Հրապարակումն իրարանցում էր առաջացրել, քանի որ այն, ինչպես նաեւ պարզաբանումը բավական բարդ էին ու խճճված: ՊԵԿ փոխնախագահը, սակայն, այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ սահմանափակումներ գործելու են, բայց ֆիզիկական անձանց սա չի վերաբերելու, ցանկացած երկրից մեքենա ներկրելիս ֆիզիկական անձը որեւէ արգելքի չի հանդիպի: Վախթանգ Միրումյանը նշել է, որ խոսքը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո երրորդ երկրներից ներմուծման արգելքի մասին է: Բայց այդ սահմանափակումները վերաբերելու են միայն բիզնես նպատակներով կատարվող ներմուծումներին, այդ թվում՝ ավտոմեքենաների մասով:

Դեկտեմբերի 11-ին դոլարն էժանացել է, եվրոն՝ ավելի քան 2 դրամով թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 571, ռուբլունը՝ 8 դրամ 19 լումա, ֆունտինը՝ 648 դրամ:

Դեկտեմբերի 12-16-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -5-7 աստիճան ցուրտ, ցերեկը՝ նույնքան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ