News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Դատական օրենսգրքի՝ սահմանադրական օրենք լինել-չլինելու հարցն այսօր էլ խորհրդարանում բուռն քննարկումների առիթ է դարձել: Հիշեցնենք, որ նախօրեին առաջին ընթերցմամբ քվեարկության արդյունքը խառնաշփոթ առաջացրեց Ազգային ժողովում. խորհրդարանի խոսնակն այն 63 ձայնով ընդունված համարեց, իսկ «Ելք»-ը հայտարարեց, թե օրենքին կողմ է քվեարկել 61 պատգամավոր ու վերաքվեարկություն պահանջեց:

Ավելի ուշ Դավիթ Հարությունյանը պարզաբանել էր, որ Դատական օրենսգիրքը սահմանադրական օրենք չէ, ուստի դրա ընդունման համար 61 ձայնն էլ բավարար էր: Գեւորգ Կոստանյանն այսօր հեռակա խայթել է կուսակից նախարարին. դա կառավարության որոշելիք հարցը չէ:

«Ելք»-ից Արարատ Միրզոյանն էլ այդ առիթով «Կարգին հաղորդումն» է հիշել ու իշխանության ներկայացուցիչներին հորդորել կողմնորոշվել: «Ելք»-ի պատգամավորներին դուր չի եկել երեկվա քվեարկության մասին լրատվամիջոցներից մեկի անդրադարձը, թե խմբակցությունը լքել է նիստերի դահլիճը՝ առանց հասկանալու, թե ինչ օրինագիծ է քվեարկվում: Նիկոլ Փաշինյանին էլ զայրացրել է Դավիթ Հարությունյանի, իր խոսքով, «մուննաթը»:

Ամեն դեպքում, Դատական օրենսգրքում փոփոխությունների օրինագծի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությունը վավեր է համարվել, եւ Արա Բաբլոյանն այսօր այն երկրորդ ընթերցմամբ քվեարկության է դրել: Որպես բողոքի նշան՝ «Ծառուկյան» խմբակցությունը լքել է նիստերի դահլիճը: Օրինագիծը, ամեն դեպքում, 64 կողմ ձայնով ընդունվել է: Այդ ընթացքում Էդուարդ Շարմազանովը, ի դեպ, իրար էր անցել ու գործընկերներին շտապեցնում էր քվեարկել:

Նշենք, որ այսօրվա նիստի ընթացքում «Ելք» խմբակցությունը տասն անգամ 20 րոպե ընդմիջում է վերցրել: Սեյրան Սարոյանին սա զայրացրել է. փորձում են խաթարել խորհրդարանի աշխատանքը, բայց մեկ է՝ մեծամասնությունն իր գործն անում է: Սարոյանը նաեւ «փակել» է Ազգային ժողովի նիստը, բարեմաղթանքներ հնչեցրել ու հորդորել ում ձեռքն ինչ կա՝ ժողովրդին բաժանել:

Գործադիրի այսօրվա նիստում Կարեն Կարապետյանը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում: Ասում է՝ տոներին ընդառաջ սպառողական ապրանքների պահանջարկն ավելանում է, պետք է հսկել, որ գներն անհիմն չբարձրանան: Օրերս հայ-իրանական սահմանին բացվեց Մեղրիի ազատ տնտեսական գոտին: Բայց, ինչպես ասում են, թափը չպետք է կոտրել. վարչապետը հանձնարարել է հնարավորինս արագ ավարտել նաեւ աշխատանքների երկրորդ փուլը:

Հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը Հայաստանում ավելանալու է. 180 դրամից՝ 194.3 դրամ: Որպեսզի սակագնի բարձրացումը սպառողների համար բեռ չդառնա, կառավարությունը 2018 թվականին սուբսիդավորում կտրամադրի, որպեսզի սպառողները շարունակեն 180 դրամ վճարել: Բայց նման օգնություն բնակչությունը վերջին անգամ կստանա:

Կառավարությունը Ճապոնիայից 650 հազար դոլար կստանա, այս անգամ՝ դրամաշնորհի տեսքով: Այդ գումարով Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի համար նորագույն սարքավորումներ են ձեռք բերելու, որպեսզի վերականգնեն գտածոները: Վարչապետն ուզում է, որ դրանք նաեւ ներկայացվեն մեր քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին:

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններ չեն կարող տեղի ունենալ, Թուրքիայի իշխանությունը դրանք անցկացնելու արտոնություն չի տալիս: Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ պետությունն իրեն է ճանաչում Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ: Ասում է՝ հայաստանյան մամուլը հաճախ մեղադրական հնչերանգով է անդրադառնում Թուրքիայի իշխող վերնախավի հետ իր մտերիմ հարաբերություններին: Բայց, վստահեցնում է, իր կապերը հայ համայնքի շահերին է ծառայեցնում: Փոխարենը, ըստ Աթեշյանի, ոչ ոք չի խոսում իր ձեռքբերումների, օրինակ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացման եւ խաչի տեղադրման մասին:

Արամ արքեպիսկոպոսը պոլսահայերի շահով է բացատրում նաեւ գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո Էրդողանին գրած աղմկահարույց նամակը: Հիշեցնենք, որ Աթեշյանը նամակում հայ համայնքի անունից քննադատել էր Գերմանիայի որոշումը՝ պնդելով, թե իմպերիալիստները հայկական հարցն ու հայերի վիշտն օգտագործում են իրենց շահերի համար: Վերջում Աթեշյանը կես-վիրավորված, կես-կշտամբանքով արձանագրել է. լրագրողներն անընդհատ ջանում են մեղադրել իրեն:

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է զոհվել: Ծովագյուղ-Վարդենիս ճանապարհին 42-ամյա Սամվել Կարճիկյանը ՎԱԶ-2107 մակնիշի մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Կարճիկյանը տեղում մահացել է: Պատահարի պատճառը խոշոր եղջերավոր անասուններն են եղել: Վարորդը փորձել է խույս տալ եւ չհարվածել կենդանիներին, սակայն չի կարողացել կառավարել մեքենան: Սամվել Կարճիկյանը աշխատում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում: Զինծառայողը մարզի Տորֆավան գյուղից էր, 4 անչափահաս երեխա ունի:

Երեւանը պատած խիտ մառախուղը խաթարել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքը: Վատ եղանակը ազդել է ինչպես ժամանող, այնպես էլ Երեւանից իրականացվող թռիչքների ժամանակացույցի վրա: Տարբեր ուղղություններով բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել դեպի եվրոպական, ռուսական եւ ամերիկյան քաղաքներ:

Դոլարի անկումը շարունակվում է, եվրոն թանկացել է եւս 1.5 դրամով: Դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 21-ին կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 571, ռուբլունը՝ 8 դրամ 22 լումա, ֆունտինը՝ 643 դրամ:

Դեկտեմբերի 22-ի ցերեկն ու 23-24-ը հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ