News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե կառավարության խնդիրը թոշակառուների ակումբ ստեղծելն է եւ մարդկանց աշխատանքի տեղավորելը, հենց այդպես էլ ասեք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, «Հանրային խորհրդի մասին» օրենքի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշատակեց, որ իր գործունեության ընթացքում Հանրային խորհուրդը տվել է բազմաթիվ առաջարկություններ տարբեր կարեւոր խնդիրների վերաբերյալ, սակայն դրանք ոչ մի արժեք չեն ունեցել:

«Հանրային խորհուրդն առաջարկել է եթերը մաքրել անորակ հաղորդումներից, սերիալներից. զրո արձագանք, թքած են ունեցել Հանրային խորհրդի առաջարկի վրա:

Հանրային խորհուրդը լրջորեն քննարկեց սուպերմարկետներին սահմանափակելու խնդիրը, որ փոքր խանութները եւս կարողանան աշխատել: Բայց այսօր ունենք սուպերմարկետների ցանցի ընդլայնում: 2015-ին ՀԽ-ն քննարկեց համայնքների խոշորացման խնդիրը, նշվեց, որ սա աղետ է, տանելու է համայնքների կործանման: ՀԽ նախագահը դա համարեց արտագաղթին նպաստող, բայց էլի ոչ ոք բանի տեղ չի դրել:

Հիմա խորհուրդնե՞րն են եղել անորակ, որ անարձագանք են մնացել, որից կարող ենք ենթադրել, որ այդ խորհուրդը եղել է պորտաբույծ, կամ այդ խորհուրդներին լսող չկա:

Թքած են ունեցել այդ կառույցի խորհուրդների վրա: Եթե այսքան տարի այդ խորհուրդները որեւէ մեկին պետք չի եղել, ինչո՞ւ եք որոշել, որ աշխատակազմը ավելացնելուց հետո այդ կառույցը հանկարծ դառնալու է այնպիսին, որ նրա խորհուրդները սկսելու են կառավարությանը հետաքրքրել»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա մեջբերեց օրենքի նախագծից մի հատված, ըստ որի Հանրային խորհուրդը կամուրջ է իշխանության եւ հասարակության տարբեր շերտերի միջեւ. «Ձեր ծիծաղը չի գալի՞ս: Այսինքն Հանրային խորհուրդը, որի մասին շատ քչերը գիտեն, կամուրջ է հանդիսանում: Հանրային խորհուրդը լրջագույն փաթեթ էր ներկայացրել, որ պետք է ստեղծել գյուղացիական կոոպերացիաներ, տեղը ցույց կտա՞ք:

Ասում եք խորհուրդ է տալիս, կառավարությունը կուզի՝ կընդունի, չի ուզի՝ չի ընդունի: Այդ դեպքում ՀՀ քաղաքացիները իրենց տներում նստած կարող են խորհուրդներ տալ: Ուրեմն մի թեժ գիծ բացեք, որ մարդիկ իրենց խոհանոցներում նստած խորհուրդներ տան, մելյով ուղարկեն կառավարություն, որը կարող են ընդունել, կարող են՝ չընունել»:

Ամփոփելով իր խոսքը, նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Հանրային խորհուրդը եղել է մեռելածին ոչ թե այն պատճառով, որ այդ կառույցում մարդիկ պրոֆեսիոնալ չեն, այլ այն պատճառով, որ ոչ մեր երկրի նախագահը, ոչ վարչապետը խորհուրդների կարիք չունեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանրային խորհրդի մասին» օրինագծով սահմանվում է, որ ՀԽ-ն ունենալու է ոչ թե 36, այլ 45 անդամ եւ ֆինանսավորվելու է բյուջեից՝ առանձին տողով: Ըստ Սահմանադրության, Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, որի գործունեությունը սահմանվում է օրենքով:

Նոր օրենքով Հանրային խորհրդում 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն կլինեն 15-ը: Հանրային խորհրդի առաջին 15 անդամներին կնշանակի կառավարությունը, նրանք իրենց հերթին կդիմեն տեղական ինքնակառավարման մարմիններին, հայրենակցական միություններին, երիտասարդական, ուսանողական կազմակերպություններին եւ այլն, առաջարկելով, որ նրանք ներկայացնեն Հանրային խորհրդի անդամի թեկնածություններ:

Ստանալով թեկնածությունները, կանցկացվի վարկանիշային ընտրություն՝ գաղտնի քվեարկությամբ: Առավելագույն ձայներ հավաքած 15 թեկնածուները կդառնան Հանրային խորհրդի անդամ: Հետագայում արդեն 30 անդամները կընտրեն մնացած 15 անդամներին: Վերջում էլ վարչապետը 45 անդամների շարքից կառավարությանը կներկայացնի Հանրային խորհրդի նախագահին:

Նշենք, որ այսօր գործող Հնարային խորհրդի նախագահը Վազգեն Մանուկյանն է:

Նոր օրինագիծ. Ինչպես է ձեւավորվելու Հանրային խորհուրդը, քանի անդամ է ունենալու եւ ով է նշանակելու նախագահին 

Մտավախություն ունե՞ր հանրային կարծիքից, թող չներեր. գաղտնի ներելու իմաստը ո՞րն է. Մարուքյան

Հայաստանում ներման իրավունքը վերցվում է ՀՀ նախագահից եւ տրվում վարչապետին. Մարուքյան

Դատապարտյալին ներում շնորհելու առաջարկը վարչապետն է ներկայացնելու նախագահին

ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, այդ թվում «ՏՐԱՍԵԿԱ» մուլտիմոդալ փոխադրումների համաձայնագիրը

Խորհրդարանն ընդունեց ուղեւորափոխադրողների համար հարկային բեռը թեթեւացնելու օրինագիծը

«Հանրապետականացո՞ւմ, թե՞ ոլորտի կարգավորում». «Միջհամայնքային միավորումների մասին» օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ