News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 5-ին, Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը (ֆոտոռեպորտաժ): 

Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ: Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում։ 

Վատիկանի պարտեզներում արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:

Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: 

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ այսօր առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:  

Գրիգոր Նարեկացու մասին

Գրիգոր Նարեկացին եղել է միստիկ բանաստեղծ, հոգեւորական, աստվածաբան, փիլիսոփա  եւ սուրբ (951-1010). Նա հայոց պատմության առանցքային, գրեթե հերոսական դեմքերից է համարվում, քանի որ կերտել է արեւելյան քրիստոնեական մտքի հիմնասյուները։ Որոշ առումներով, մտավոր տեսանկյունից նրան կարելի է համեմատել Դանթե Ալիգիերիի հետ եւ այս պատճառով գիտնականները նրան համարում են բացառիկ կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։

2015 թվականի ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս Պապը առաքելական հռչակագրով նրան շնորհեց Տիեզերական եկեղեցու վարդապետի բարձր տիտղոսը, ինչի մասին հայտարարվեց նույն օրը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվող հատուկ պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, ինչպես նաեւ Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ներսէս Պետրոս ժԹ Կաթողիկոսի ներկայությամբ։

Եկեղեցու վարդապետի տիտղոսը Գրիգոր Նարեկացուն շնորհվեց՝ հաշվի առնելով նրա նշանակալի վարդապետությունն ու սրբի կյանքը։ Կաթոլիկ եկեղեցին նրա հիշատակին տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ին։

Գրիգոր Նարեկացին փոքրուց հարուստ ուսում էր ստացել հոգեւորական վարդապետ Անանիայից, որի շնորհիվ ծանոթացել էր հույն եւ արեւելցի սուրբ հայրերի նշանավոր ստեղծագործություններին, եւ կարողացել ամենօրյա աղոթքը սնել սուրբ գրերի ոգով։ Նա իր կյանքն անց է կացրել ուսման, աղոթքի, այլոց կրթելու գործի մեջ՝ խորհրդածելով բնության մասին։ Իր ուսումնասիրությունների արդյունքում ստացած ավանդական գիտելիքը նա վերաշարադրեց քրիստոնեության պատմության մեջ նշանավորված բանաստեղծական վեհ լեզվով։

Մահից հետո Սուրբ Գրիգոր Նարեկացու մարմինն ամփոփվեց Նարեկա վանքում, որտեղ նա ապրել էր եւ որն իսկույն դարձավ սրբավայր՝ ի ճանաչումն նրա սուրբ կյանքի եւ հարուստ հոգեւոր ժառանգության։

Գրիգոր Նարեկացու ամենանշանավոր աշխատությունը Մատյան Ողբերգությանն է, բանաստեղծության տեսքով գրված 95 աղոթքների հավաքածուն, որը բոլոր ժամանակների պոեզիայի եւ միստիկ գրերի մեծագույն գլուխգործոցներից մեկն է։ Գիրքը պատմում է հոգեւոր ճանապարհորդության մասին, որի կենտրոնում մարդու հոգին է՝ իր վախերով, բարձր ձգտումներով եւ Աստծո հավատի քաղցով։ Դա մի վեհ բանաստեղծություն է, որը, ողբ լինելով հանդերձ, ի զորու է շահել Աստծո ողորմածությունը։ Այն ոչ թե լաց է, այլ խթան, որը հոգուն ճախրելու թեւեր է տալիս։

Քանդակագործի մասին

Դավիթ Երեւանցին մեր ժամանակների հայ նշանավոր արվեստագետներից է։ Ծնվել է 1940 թվականին Երեւանում, ուսանել Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում, որտեղ զարգացրել է քանդակագործի իր առանձնահատուկ ոճը՝ հիմնված անտիկ ավանդույթների ժամանակակից վերամարմնավորման վրա։ 1974 թվականին բնակություն է հաստատել Փարիզում։ Ներկայումս ապրում եւ աշխատում է Փարիզում եւ Երեւանում։

Երեւանցին Փարիզի, Մոսկվայի, Պրահայի եւ Երեւանի պատկերասրահների հավաքածուներում ներառված իր աշխատանքներով մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Չեխիայի Հանրապետությունում եւ այլ երկրներում։ 1960-ից 70-ական թվականներին նրա կերամիկական էքսպերմենտալ աշխատանքներն արժանացել են տարբեր մրցանակների։ Երեւանցու քանդակագործական ամենահայտնի աշխատանքների թվում է հայ կոմպոզիտոր Կոմիտասի արձանը Փարիզում, ինչպես նաեւ հայկական ծագումով ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի արձանը Երեւանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ