News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նորընտիր նախագահը երդվեց եւ ստանձնեց պաշտոնը, հիմա էլ հերթը վարչապետի ընտրությանն է: Խորհրդարանի խոսնակն այսօր մեկնարկած քառօրյա նիստում հայտարարել է, որ ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին:

Երեկ ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնում իշխող կուսակցությունն առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Էդուարդ Շարմազանովն այսօր հաստատել է սա, միաժամանակ հորդորել պաշտոնական հայտարարության համար սպասել Հանրապետականի վաղվա նիստին: Ինչ վերաբերում է տեսակետին, թե Հանրապետականն օգտագործեց Կարեն Կարապետյանին, իսկ հիմա զրկում է վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու հետագա հնարավորությունից. Շարմազանովը խորհուրդ է տալիս, իր բնորոշմամբ, մատի ու մատանու արանքը չմտնել: Նա, միաժամանակ, չի հերքել. նոր կառավարությունում Կարեն Կարապետյանը, ըստ ամենայնի, կնշանակվի առաջին փոխվարչապետի պաշտոնում:

Իսկ Ազգային ժողովի նիստում Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի քննարկման ժամանակ մտահոգություններ են հնչել՝ կապված ատոմակայանի հնարավոր փակման հետ: Միքայել Մելքումյանն առաջարկում է եվրոպացիների առջեւ պայման դնել. եթե նոր ռեակտոր չի կառուցվում, ՀԱԷԿ-ի ապագործարկման հարցը փակվում է: ԱԳ փոխնախարարը, սակայն, վստահեցնում է, որ ատոմակայանի փակման մասին Եվրամիության հետ ստորագրված փաստաթղթում որեւէ ձեւակերպում չկա:

«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի համաձայնագրի վավերացմանը, սակայն Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ դրա իրականացման համար իշխանությունը ստիպված կլինի կոտրել սեփական ողնաշարը: Իսկ եթե բարեփոխումները ոչ թե իրական լինեն, այլ իմիտացիա, այս փաստաթուղթն էլ թղթի վրա կմնա:

Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը. փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հույս ունի, որ մոտ ժամանակներս գործընթացը կմեկնարկի: Համենայն դեպս՝ դրա համար անհրաժեշտ քայլեր արդեն արել ենք:

«Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցներն արշավի 11-րդ օրը Հրազդան են հասել: Նիկոլ Փաշինյանը գոհ է քայլարշավի ընթացքից, իսկ արդյունքին սպասում է Ազատության հրապարակում: Մինչ այդ, երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու անդամներ՝ Վարսենիկ Ուզունյանն ու Բաբկեն Գրիգորյանը բերման են ենթարկվել ոստիկանություն: Կուսակցությունից տեղեկացնում են, որ նրանց բերման են ենթարկել Երեւանի կենտրոնում իրազեկման աշխատանքներ կատարելիս: Ուզունյանին եւ Գրիգորյանին վարչական իրավախախտման մեղադրանք են առաջադրել, իսկ ավելի ուշ ազատ արձակել:

Ոստիկանությունն իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այս օրերին Երեւանում օրենքի խախտմամբ հավաքներ եւ երթեր են անցկացվում. դրանք բազմամարդ են լինում, սահմանված կարգով հավաքների մասին չեն տեղեկացնում համայնքների ղեկավարներին, փողոցներ են փակվում: Իրավապահները զգուշացրել են, որ ցանկացած խախտման իրավական գնահատական է տրվելու:

Ամերիկյան նոր պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ, ընդհանուր առմամբ, շուրջ 16 միլիարդ դոլար են կորցրել: Վնասներ են կրել, մասնավորապես, Bloomberg-ի միլիարդատերերի ցանկում հայտնված 27 ռուսաստանցիներից 26-ը: Ապրիլի 6-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանից 38 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ: Դրանից հաշված օրեր անց՝ ապրիլի 9-ից Մոսկվայի բորսայի ինդեքսը 2014 թվականի մարտից ի վեր ամենամեծ վնասները կրեց: Ապրիլի 10-ի դրությամբ Ռուսաստանում դոլարի փոխարժեքը գերազանցել է 63 ռուբլին, իսկ եվրոյինը հասել է 78 ռուբլու: Կարծիք է հնչում, որ նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել տեխնիկական դեֆոլտների: Միաժամանակ, Մոսկվան Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներն անընդունելի եւ անօրինական է որակել՝ հայտարարելով, որ իրեն իրավունք է վերապահում նույն կերպ պատասխանել: Պուտինի վարչակազմի պաշտոնյաները նաեւ հայտնել են, որ արդեն գնահատել են ռուսաստանյան ընկերությունների կրած վնասն ու պետական աջակցություն խոստացել պատժամիջոցների արդյունքում տուժած ընկերություններին:

Վորոնեժում մարտի 20-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդը կալանավորվել է: «ՄԱՆ-ՏՈՒՐ» ընկերությունից, որին պատկանում էր վթարված ավտոբուսը, տեղեկացնում են, որ հարուցված քրեական գործով նախաքննություն է ընթանում: Ավտոբուսի մյուս վարորդը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել, ապաքինվել է. նա արդեն Երեւանում է: Նշենք, որ վթարից հետո ռուսական կողմը հայտարարել էր, թե նախնական տվյալներով՝ վթարի պատճառն ավտոբուսն է, որը դուրս է եկել հանդիպակաց գոտի: Հայկական ընկերությունն իր հերթին պատահարի մեղավոր է համարում բեռնատարի վարորդին: Հիշեցնենք, որ Երեւան-Մոսկվա երթուղու ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով 2 մարդ է զոհվել:

Վարդան Մինասյանը նորից կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում գլխավոր մարզչի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել է Ռուբեն Հայրապետյանը, իսկ կոմիտեի բոլոր անդամները կողմ են արտահայտվել: Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է նաեւ 2009-2013 թվականներին: Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաեւ «Փյունիկում» եւ ղազախական «Ակտոբեում», իսկ վերջին շրջանում զբաղեցնում է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը: Հիշեցնենք, որ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական էր ներկայացրել ապրիլի 6-ին: Այսօր նաեւ Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել. այդ պաշտոնը կզբաղեցնի Երեւանի «Փյունիկը» գլխավորող Արմեն Գյուլբուդաղյանցը:

Grenke Chess Classic մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: Նա միանձնյա առաջին տեղը գրավեց 6.5 միավորով: 5.5 միավորով երկրորդ տեղում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, իսկ 5-ական միավորով 3-5-րդ հորիզոնականները բաժանում են հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովը: Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի անցած տարվա հաղթողն է. նա նույնպես մրցաշարի միանձնյա առաջատար էր դարձել 5.5 միավորով: Իսկ այս տարվա մրցաշարը հայ գրոսմայստերն անցկացրեց առանց պարտության. նա հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին, իսկ մյուս պարտիաներն ավարտեց ոչ ոքի:

Ապրիլի 10-ին դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին՝ կտրուկ էժանացել: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 593, ռուբլունը՝ 7 դրամ 71 լումա, ֆունտինը՝ 682 դրամ:

Ապրիլի 11-14-ին երեկոյան ժամերին հանրապետությունում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը երեկոյան հնարավոր են կարճատեւ տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ