News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզում՝ Բաղանիս համայնքի մոտակայքում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ: Մեքենան վնասվել է, իսկ վարորդը, բարեբախտաբար, չի տուժել: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ հայկական ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել, ինչից հետո հակառակորդը լռել է:

Արտակարգ դեպք Տավուշում. Այգեձորի հանդամասում ականի պայթյունից 3 քաղաքացիներ են տուժել: Վիրավորները՝ 36-ամյա Նվերը, 32-ամյա Աստղիկն ու 37-ամյա Արամը, Այգեձորի բնակիչներ են: Նրանց Բերդի հոսպիտալում վիրահատել են. անդամահատել են տղամարդկանցից մեկի եւ կնոջ ոտքը, իսկ մյուս տղամարդու՝ ձեռքը: Բժիշկները տուժածների վիճակը բավարար են գնահատում:

Հավելենք, որ տուժածներից երկուսն ամուսիններն են: Նրանք գնացել են սինդրիկ հավաքելու, սակայն կորցրել են կողմնորոշումն ու մտել ականապատ տարածք: Ականի պայթյունից տուժած ամուսիններին օգնության են հասել համագյուղացիները, այդ ժամանակ էլ նրանցից մեկը նույնպես վիրավորվել է:

Ազատության հրապարակում այսօր մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած հանրահավաքը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Նշենք, որ կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրիից քայլելով հասել է Երեւան. քայլարշավի մասնակիցները 214 կմ ճանապարհ են անցել: Այսօր առավոտյան էլ նրանց են միացել դասադուլ հայտարարած մի խումբ ուսանողներ:

Ակցիայի մասնակիցները գնացել են ԵՊՀ եւ ռեկտորի հետ հանդիպում պահանջել: Արամ Սիմոնյանը, սակայն, չի արձագանքել: Համալսարանից արդեն նրանք շարժվել են դեպի Ազատության հրապարակ՝ ճանապարհին շարունակելով քաղաքացիներին կոչ անել միանալ իրենց: Հրապարակում ավելի քան մեկ ժամ տեւած հանրահավաքին երթ է հաջորդել: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գնում են Ֆրանսիայի հրապարակը գրավելու: Րոպեներ անց ոստիկանները կանգնեցրել են երթի մասնակիցներին, իսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ փողոցների փակումը հակաօրինական եւ կարող է հետեւանքներ առաջացնել։ Չնայած սրան՝ ցուցարարները կաթվածահար են արել Մաշտոցի պողոտայի երթեւեկությունը: Հավելենք նաեւ, որ Փաշինյանի նախաձեռնած պայքարի մասնակիցներն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին, երբ խորհրդարանի հատուկ նիստում կայանալու է Հայաստանի վարչապետի ընտրությունը, շրջափակել ԱԺ շենքն ու պատգամավորների տները, որպեսզի նրանց թույլ չտան մասնակցել վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները, ի դեպ, չեն միացել այս պայքարին:

Անկարայի դատախազությունը պահանջում է անձեռնմխելիությունից զրկել Կարո Փայլանին: Հայազգի պատգամավորը մանդատ է ստացել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ցուցակով: Թուրքիայի Արդարադատության նախարարությանը քրդական կուսակցության եւս 7 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու պահանջ է ներկայացվել: Անկարայի դատախազությունը նրանց մեղադրում է թուրք ազգին, Թուրքիայի նախագահին վիրավորելու եւ «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» մեջ: Եթե նախարարությունը մեղադրանքներն արդարացի համարի, պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու պահանջը կփոխանցվի խորհրդարանի նախագահին:

Արարատում ողբերգական վթար է տեղի ունեցել: Առավոտյան Երեւան-Երասխ ավտոճանապարհին BMW մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշին: Վթարի հետեւանքով 2 մարդ տեղում մահացել է, մեկը՝ հիվանդանոց տեղափոխվել: Պատահարի զոհ են դարձել մեքենայի վարորդը՝ Արտաշատի 34-ամյա բնակիչ Արման Հախնազարյանը եւ ուղեւորներից Երեւանի 36-ամյա բնակիչ Լուսինե Պողոսյանը: Վիրավորը Երեւանի 27-ամյա բնակիչ Արմենուհի Սարգսյանն է: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Շվեյցարական Նիոնում տեղի է ունեցել ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին» բաժին է հասել Մյունխենի «Բավարիան»: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն անգլիական «Լիվերպուլն» ու իտալական «Ռոման»: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները ապրիլի 24-ին եւ 25-ին են, պատասխան խաղերը՝ մայիսի 1-ին եւ 2-ին։ Իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին Կիեւում:

Իսկ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում Լոնդոնի «Արսենալը», որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգն ավստրիական «Զալցբուրգը» եւ ֆրանսիական «Մարսելն» են: Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումներն էլ կկայանան ապրիլի 26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին: Եզրափակիչը կանցկացվի մայիսի 16-ին Լիոնում:

Ապրիլի 13-ին դոլարը սկսել է թուլանալ, էժանացել է նաեւ եվրոն: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 595, ռուբլունը՝ 7 դրամ 85 լումա, ֆունտինը՝ 689 դրամ:

Ապրիլի 14-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 14-15-ին 6-7 աստիճանով կնվազի, այնուհետեւ նույնքան կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ