News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Այսօր պետք է մեկնարկեր ԱԺ-ի հերթական քառօրյան, սակայն չի հաջողվել քվորում ապահովել եւ առաջին նիստը տապալվել է: Մի շարք պատգամավորներ չեն կարողացել Ազգային ժողով հասնել, քանի որ «Իմ քայլը» շարժման մասնակիները վաղ առավոտից փակել էին Երեւանի բազմաթիվ փողոցներ: «Ծառուկյան» խմբակցությունն էլ քառօրյան բոյկոտելու որոշում է կայացրել:

Ավելի ուշ խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարել է Հայաստանի վարչապետի հերթական ընտրության օրը. այս հարցով Ազգային ժողովի հատուկ նիստ կգումարվի հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 8-ին, ժամը 12:00-ին: Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը չընտրեց առաջադրված միակ թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին. նրա օգտին քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56-ը: Այս անգամ վարչապետի թեկնածուներն առաջադրվելու են պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Եթե մայիսի 8-ին նույնպես չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:

Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ: Այսօր Ազգային ժողովում նիստ է հրավիրել նաեւ ՀՀԿ խմբակցությունը: Նիստից հետո Վահրամ Բաղդասարյանը հայտնել է իրենց որոշումը. Հանրապետականը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, պաշտպանելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին:

Գագիկ Ծառուկյանն էլ հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, իսկ հետո հայտարարել, որ «Ծառուկյան» խմբակցությունը պաշտպանելու է ժողովրդի թեկնածուին: ՀՅԴ-ն առայժմ վարչապետի թեկնածուի հարցով որեւէ հայտարարություն չի արել:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել: Պաշտոնյան այդ մասին հայտնել է ժամեր շարունակ մշակույթի նախարարության մոտ հավաքված ցուցարարներին: Բազմաթիվ մշակույթի գործիչներ այսօր առավոտից հավաքվել էին գերատեսչության շենքի մոտ եւ Արմեն Ամիրյանին հորդորում էին հրաժարական ներկայացնել ու միանալ շարժմանը: Ամիրյանն ի վերջո գնացել է հանդիպման եւ հաստատել իր հրաժարականի լուրը:

«Ելք»-ն Ազգային ժողով է վերադառնում: Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վաղը հանրապետությունում ակցիաներ չեն անցկացվելու: Իսկ երեկ քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաները նոր թափով սկսելու կոչից հետո այսօր Երեւանում եւ հանրապետության բազմաթիվ այլ քաղաքներում բազմամարդ ակցիաներ են անցկացվել. ցուցարարները փողոցներ ու մայրուղիներ են փակել, գերատեսչությունների շենքեր շրջափակել: Երկար ժամանակ Երեւանում չի գործել մետրոն, Գյումրի-Երեւան գնացքը: Փակ է եղել նաեւ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը. «գործադուլ» վարկարկելով կարճ ժամանակով ցուցարարներին են միացել նաեւ օդանավակայանի աշխատակիցները:

Մայիսի 1-ին Աշխատանքի միջազգային օրվա առիթով տարբեր երկրներում անցկացված ցույցերն անկարգությունների են վերածվել: Փարիզում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են գրանցվել, ընդհանուր առմամբ, 276 մարդ է կալանավորվել: Ծայրահեղականները Ֆրանսիայի մայրաքաղաքում խանութներ են ներխուժել, ավտոմեքենաներ այրել: Հաղորդվում է 4 տուժածի մասին: Սեւազգեստ երիտասարդները «Մոլոտովի կոկտեյլներ» եւ այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ի պատասխան՝ իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել իրավախախտների դեմ

Գերմանիայի որոշ քաղաքներում էլ բախումների ընթացքում էլ ցուցարարներին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ եւ ջրանետեր են գործի դրել: Իսկ Ստամբուլում մայիսմեկյան երթի մասնակիցները փորձել են մտնել Բեշիքթաշ եւ Թաքսիմ հրապարակներ, որտեղ քաղաքային իշխանություններն ավելի վաղ արգելել էին հանրային միջոցառումներ անցկացնել: Ավելի քան 60 մարդ է ձերբակալվել: 

Իրանի հյուսիս-արեւմուտքում՝ Յասուջ քաղաքից 20 կմ հեռավորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժի հետեւանքով առնվազն 51 մարդ է տուժել. 31 մարդ հոսպիտալացվել է, 20-ին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Մայիսի 2-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին արժեզրկվել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 580, ռուբլունը՝ 7 դրամ 59 լումա, ֆունտինը՝ 659 դրամ:

Մայիսի 3-7-ը հանրապետության շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ