News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը


Ի տարբերություն նախորդ շաբաթների, Կառավարության այսօրվա նիստն անցել է առանց բուռն քննարկումների: Նիստի մեկնարկին վարչապետը աղմկահարույց հայտարարություն է արել: Պարզվում է՝ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց պետությունը վճարումներ է անում: Փաշինյանը հանձնարարել է նախարարներին պարզել այսպիսի ծրագրերի գոյությունն ու ցանկն իրեն ներկայացնել

Այնուհետեւ վարչապետը խոսել է Փանիկի միջադեպի մասին:  Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն առանց նախազգուշացնելու եւ փաստաթղթերի գյուղ էին մտել եւ զորավարժանք անցկացրել:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են եւ հույս է հայտնել, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Փանիկի միջադեպին նաեւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն է անդրադարձել

Արթուր Վանեցյանից լրագրողները նաեւ «Երեւան» հիմնադրամի վերաբերյալ հարուցված քրեական գործից են հետաքրքրվել: ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ առաջիկայում այս գործի շրջանակում կհարցաքննվի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ինչ վերաբերում է նախկին քաղաքապետի ունեցվածքի մասին մամուլի հրապարակումներին, Վանեցյանը հայտնել է.

ԱԱԾ տնօրենը նաեւ խոստացել է նոր աղմկահարույց բացահայտումներ ապօրինի հարստացման գործերով: Նա, սակայն, անուններ չի նշել: Քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն նաեւ Դավիթ Անանյանն է հրաժարվել հայտնել: Մամուլի ասուլիսում պաշտոնյան մանրամասն խոսել էր գազալցակայաններում հայտնաբերված խախտումների մասին, իրական սեփականատերերի անուններ տվել: Այսօր Պետական եկամուտների կոմիտեի նախագահը ստիպված էր խոստովանել՝ սխալվել է, պարզվում է՝ դա նախաքննական գաղտնիք է եղել: Այս խոստովանությունն էլ Անանյանին չի փրկել սուր հարցադրումներից: Ինչո՞ւ է Բագրատաշենի մաքսակետի պետ նշանակվել «Պիտուլ»  մականունով հայտնի Արթուր Գասպարյանը, որն Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին է եւ ՊԵԿ-ի նախկին ղեկավարության հովանավորյալը

Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանն այն պաշտոնյան է, որի յուրաքանչյուր նշանակում քննադատության է արժանանում: Նա այսօր հորդորել է ոչ թե նշանակումներով իրենց կառույցի մասին կարծիք կազմել, այլ կատարած աշխատանքով:

Արթուր Վանեցյանը ցանկություն ունի զբաղեցնելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, բայց դեռ վերջնական որոշում չի կայացրել: Այս մասին նա ասել է Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում:

Վանեցյանը հայտնել է նաեւ, որ օրերս հանդիպել է Ռուբեն Հայրապետյանի հետ: ԱԱԾ տնօրենի հայտարարությունից հետո Գյումրու «Շիրակը» ողջունեց ԱԱԾ տնօրենի հավանական ընտրությունը եւ նշեց, որ վերադառնում է Հայաստանի Բարձրագույն խումբ: 

«Շիրակի» հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին, ՀՖՖ ժողովի ժամանակ կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։

Հուլիսի 16–ին «Շիրակը» հայտարարել էր, որ կվերադառնա Հայաստանի առաջնություն, եթե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ֆեդերացիայի ամբողջ աշխատակազմը հրաժարական ներկայացնի։

«Շիրակի» այսօրվա հայտարարությունից անմիջապես հետո ՀՖՖ-ն պաշտոնական կայքում հեգնեց Գյումրու ակումբին՝ նշելով, որ ժողովի օրը նշանակվված չէ, թեկնածուներ էլ դեռ չկան:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կզբաղվի Երեւանի աղբահանության համար պատասխանատու «Սանիթեք» ընկերության վերաբերյալ դժգոհությունների հարցերով:

Վերջին օրերին մամուլն ու սոցցանցերը ողողված են լուսանկարներով եւ տեսանյութերով, որտեղ ակնհայտ երեւում է, որ «Սանիթեքը» օրերով չի իրականացնում աղբահանությունը:

Բացի այդ, անպատասխան են մնում քաղաքացիների զանգերը սանիտեքի թեժ գծին: Արդեն 4 տարի Երևանի աղբահանության համար պատասխանատու «Սանիթեքի» սպասարկման որակից քաղաքացիներն առանձնապես գոհ չէին նաև նախկինում, սակայն, ըստ նրանց, քաղաքապետի հրաժարականից հետո վիճակն ավելի է վատացել։

Այսօր Մարդու իրավունքների Պաշտպանի աշխատակազմում խնդրի վերաբերյալ սկսվել է քննարկման ընթացակարգ:

Երեկ  «Սանիթեքը» հաղորդագրություն էր տարածել՝ հայցելով քաղաքացիների ներողամտությունը։ Չմաքրված աղբի ու գարշահոտության պատճառն էլ, ըստ ընկերության, տեխնիկական խափանումներն են, որոնք աղբահանության գործընթացը շեղել են պլանից։

Հեռակա բանավեճ Արփինե Հովհաննիսյանի եւ Դանիել Իոաննիսյանի միջեւ:  Այսօր իր ֆեյսբուքյան էջում Իոաննիսյանը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։

«Ազգային ժողովի փոխնախագահը երեւի չէր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ»,- գրել է նա։

Ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ում արձագանքել է գրառմանը եւ ներողություն խնդրել. «Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր՝ ի վերջո ինչի մասին է քննարկումը), եւ որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երեւույթը (գուցե անհաջող եմ ձեւակերպել)։

Դանիել Իոաննիսյանն այս պարզաբանմանը չի հավատում: Նա շարունակում է պնդել, որ Արփինե Հովհաննիսյանը հենց իրեն է նկատի ունեցել:

Երեւանում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել  13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Օրերս մի կին ոստիկանություն հաղորդում էր տվել, որ հուլիսի 13-ին 16-րդ թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի աստիճանահարթակում անհայտ անձը բռնի գործողություններ է կատարել իր դստեր նկատմամբ: Ոստիկանությունը ժամերի ընթացքում բացահայտել է հանցագործությունը:

Հուլիսի 19-ին դոլարը փոքր-ինչ ամրապնդել է դիրքերը, եվրոն շարունակել է էժանանալ: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 557, ռուբլունը՝ 7 դրամ 57 լումա, ֆունտինը՝ 624 դրամ: 

Հուլիսի 20-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: գիշերը կդիտվի +21+23, ցերեկը՝ +36ից 38 աստիճան տաքություն: 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 15.08.2018
Առողջապահության նախարարությունում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակն առողջական խնդիրներ ունեցող քաղաքացի է...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 14.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել. այն, սակայն, տապալվել է...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 13.08.2018
Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է. Վերաքննիչ դատարանը բավարարեց երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը եւ հենց դատարանի դահլիճից...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 10.08.2018
Փաշինյանը մեկնաբանել է հայաստանյան վերջին իրադարձությունների հետ կապված Սերգեյ Լավրովի հայտարարությունը, նաեւ անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 09.08.2018
Վերաքննիչ դատարանը սկսել է քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 08.08.2018
Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվել է. նրան կասկածում են ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք...
Partner news