News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Նրա գործը միացվել է Մարտի 1-ի քրեական գործին: Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեղադրանքի հիմքը Wikileaks-ի հրապարակումն է: Դրա համաձայն՝ 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում, երբ Սահմանադրական դատարանում քննվում էին նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումները, Արմեն Գեւորգյանը ճնշում է գործադրել դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու որոշում կայացվի:

Վալերի Պողոսյանը, սակայն, հերքել է տեղեկությունները, որ քննչական մարմնին ցուցմունք է տվել Արմեն Գեւորգյանի կողմից իր վրա ճնշում գործադրելու մասին: Ասում է՝ պարզապես որոշ փաստեր է հայտնել, որոնք մեկնաբանվել եւ ներկայացվել են որպես ճնշում: Նա, սակայն, չի նշում, թե ինչ փաստեր է ներկայացրել:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանի տեղեկացմամբ՝ նիստը նշանակված է ժամը 12:00-ին: Իսկ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու պահանջով ՀՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին 45 պատգամավոր է միացել: Նրանց երաշխավորագիրն արդեն դատախազություն է ներկայացվել: Այն քննարկվում է:

Հայտնի է, որ ստորագրահավաքին միացել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Արփինե Հովհաննիսյանը։ Մնացած պատգամավորների անունները հայտնի չեն: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է միայն, որ ստորագրողները միայն ՀՀԿ-ականներ չեն, կան նաեւ Դաշնակցություն խմբակցությունից։

Յուրի Խաչատուրովը մեկնել է Երեւանից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքային պարտականությունների կատարմանը: Խաչատուրովին, հիշեցնենք, Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել: 2008 թվականին նա Զինված ուժերի Երեւանի կայազորի պետն էր: Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է, որ որպես խափանման միջոց գրավի կիրառումը չի ենթադրում, որ Յուրի Խաչատուրովը չի կարող հեռանալ Հայաստանից, եւ բավարարել նրա պաշտպանի համապատասխան միջնորդությունը: Խաչատուրովը, սակայն, պարտավոր է առաջին իսկ պահանջով ներկայանալ քննչական մարմնին:

Կաշառքի վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Գործով մյուս ամբաստանյալ՝ կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանին դատարանը որոշեց տուգանել 120 հազար դրամով: Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի գետնանցումներից մեկում անձամբ ստացել էր 1000 դոլար: Գումարը փոխանցվել էր ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողությամբ:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. 22-ամյա Տրդատ Խաչատրյանին  մեղադրում են փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Սրա համար մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:

Պարտադիր զինծառայությունից խուսափել է նաեւ Խաչատրյանի մյուս որդին՝ Տիգրանը: Ոստիկանության տեղեկություններով՝ Տիգրան եւ Տրդատ Խաչատրյանները զինծառայությունից ազատվել են հիվանդության հիմքով, սակայն փաստացի ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ չեն տառապում: Նախապատրաստված նյութերը զինվորական դատախազություն են ուղարկվել:

Արցախում դժբախտ պատահարի հետեւանքով պայմանագրային զինծառայող եւ քաղաքացիական անձ է մահացել: Նախնական տվյալներով՝ Մարտակերտի 43-ամյա բնակիչ Արամ Սարգսյանն ու Ստեփանակերտի 36-ամյա բնակիչ Արմեն Հովակիմյանը ջրահեղձ են եղել լճում լողանալիս: Հովակիմյանը Արցախի պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող էր: Տղամարդկանց դիերը դուրս են բերել Խաչենի ջրամբարից:

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում հերթեր են գոյացել: Տրանսպորտի փոխնարարը տեղեկացրել է, որ խնդիրներ կան թե՛ ռուսական, թե՛ վրացական հատվածում: Ըստ Արմեն Փամբուկչյանի՝ ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է, ընդ որում մեքենաների մեծ մասը բեռնատարներ են, իսկ իսկ վրացական կողմում, ընդհանուր առմամբ, շուրջ 200 բեռնատար է կանգնած: Հերթերը թեթեւացնելու համար ռուսական կողմում, սովորական 5-ի փոխարեն, 7-10 անցակետով են բաց թողնում մեքենաները, սակայն արդյունքում հերթեր են գոյանում վրացական կողմում: Վարչապետի հանձնարարությամբ նախարար Աշոտ Հակոբյանը Վերին Լարս է մեկնկել՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Նշենք, որ հայկական բեռնատարների մի մասը շուտ փչացող պտուղ-բանջարեղեն է տեղափոխում:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձ է կատարվել: Դեպքը տեղի է ունեցել զինվորական շքերթի ժամանակ: Մի քանի թռչող սարքեր են պայթել, ինչի հետեւանքով 7 զինծառայող է վիրավորվել: Նախագահը, սակայն, չի տուժել: Իր մահափորձին մասնակցության մեջ Մադուրոն մեղադրել է «վենեսուելական եւ կոլումբիական ծայրահեղ աջերին», այդ թվում՝ Կոլումբիայի նախագահին: Այդ երկրի ԱԳՆ-ն, սակայն, հերքել է Վենեսուելայի նախագահի հայտարարությունը:

Իսկ մահափորձի պատասխանատվությունը ստանձնել է ընդհատակյա «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) խմբավորումը: Այն որպես ազգային-ազատագրական շարժում է ներկայանում: Մահափորձի գործով 11 լրագրող է ձերբակալվել, այդ թվում՝ վենեսուելական, արգենտինական եւ իսպանական պարբերականների աշխատակիցներ: Վենեսուելայի Մամուլի աշխատողների ազգային միությունը ձերբակալություններն անհիմն եւ տեղեկատվության իրավունքի խախտում է որակել: 

Օգոստոսի 6-ին դոլարի վերելքը շարունակվել է, եվրոն փոքր-ինչ էժանացել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 553, ռուբլունը՝ 7 դրամ 58 լումա, ֆունտինը՝ 624 դրամ:

Օգոստոսի 7-8-ի գիշերը եւ երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ