News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Կեսգիշերին մոտ հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Կրակոցներ են հնչել ինչպես մարտական դիրքերի, այնպես էլ գյուղերի ուղղությամբ, որոնք հայկական կողմը լռեցրել է: Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանն ասում է՝ կրակոցները վերջին շրջանում ակտիվացել են, հատկապես՝ սեպտեմբերի 2-ից հետո: Իսկ երեկվա սադրանքի հետեւանքով միջպետական ճանապարհը չի փակվել, գյուղում վնասներ չկան: Նախօրեին ցերեկը կրակոցներ են հնչել նաեւ Վազաշենում:

Պաշտպանության նախարարը հավաստում է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն է: Հրադադարի ռեժիմի խախտումներ, ըստ Դավիթ Տոնոյանի, պարբերաբար լինում են:

ՄԻՊ աշխատակազմն էլ փաստեր է հրապարակել, որոնց համաձայն՝ սեպտեմբերի 2-ից պարբերաբար գնդակոծության են ենթարկվել Տավուշի Բաղանիս, Ոսկեվան, Կոթի եւ Վազաշեն գյուղերը: Բնակավայրերի թիրախային գնդակոծության վերաբերյալ օմբուդսմենն արտահերթ զեկույց կհրապարակի, որը կուղարկվի նաեւ միջազգային կառույցներին:

Նախօրեին հրապարակված ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությանն արձագանքը շարունակվել է նաեւ այսօր: Նախ՝ հայտարարություն է տարածել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը. Արթուր Վանեցյանը երեկ ասուլիսում ասել էր՝ այս օպերատորի կապից է օգտվում: Հաղորդագրության համաձայն՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը չի իրականացրել եւ չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի»:

Ձայնագրությանը «Yerevan.Today»-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահը, որի մասին էլ, ըստ էության, ի սկզբանե եղել է Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի զրույցը: Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ սա ապացուցեց, որ իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է: Նախկին նախագահը կարծում է նաեւ, որ այս ամենն ուղղորդվում է վարչապետի կողմից, իսկ ԱԱԾ ղեկավարը պարզապես կատարող է:

Ինքը՝ վարչապետը, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է հեռախոսազրույցի՝ Յուրի Խաչատուրովին վերաբերող հատվածին: Նիկոլ Փաշինյանն ընդունում է. միջնորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խափանման միջոցը փոխելու հարցում, բայց՝ եթե իսկապես հնարավոր է: Պատմել է, որ այդ ընթացքում Սանկտ Պետերբուրգում էր՝ ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, եւ անընդհատ զանգեր էր ստանում ԱԱԾ տնօրենից. ասում է՝ սա արդեն ոչ թե դատական հարց, այլ մի ամբողջ պատմություն էր դարձել:

Հավելենք, որ այսօր հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի առիթով եւս մեկ քրեական գործ է հարուցվել. նկատի է առնվել քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները եւ այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերեւույթ առկայությունը մատնանշող տվյալներ:

Իրավապահները բառացիորեն են կատարում Նիկոլ Փաշինյանի հրահանգը: Այն հնչել էր երեկ, «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ: Այսօր ոստիկանությունն ասֆալտին է պառկեցրել 5 անձի, որոնցից մի քանիսի մոտ զենք է հայտնաբերվել: Նրանց բերման են ենթարկել: Ոստիկանությունից հայտնեցին, որ ստուգում են հայտնաբերված զենքի օրինականությունը, սակայն հրաժարվեցին տեղեկություններ տրամադրել բերման ենթարկվածների մասին: Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ նրանք ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի թիկնազորից են: Մինչ այդ, սակայն, խորհրդարանում Ալեքսանյանը լրագրողներին վստահեցրել է, որ թիկնազոր չունի:

Երեկ գիշեր էլ ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին: «Սիլ» կոնցեռնից տեղեկացնում են, որ նրանց փաստաթղթերը ստուգել են եւ րոպեներ անց ազատ արձակել. պարզել են, որ բոլորը պահնորդական կազմակերպության աշխատակիցներ են եւ օրենքով թույլատրելի գործունեություն են ծավալում: Վարչապետի հայտարարության մասին լրագրողները կարծիք են հարցրել նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից:

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում արտահերթ կքննարկվի Հայաստանի հարցը: Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը գրել է, որ Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանի զարգացումները: ԱԺ փոխխոսնակի տեղեկացմամբ՝ անդրադարձ է եղել, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումներին, ատելության խոսքի աննախադեպ բռնկմանն ու տարածմանը, նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերին, հնարավոր սահմանադրական փոփոխություններին: Հիմա Մոնիթորինգի հարցերի հանձնաժողովը պետք է դիտարկում իրականացնի՝ Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ:

Սեպտեմբերի 12-ին դոլարն ու եվրոն սկսել են էժանանալ: Դոլարի փոխարժեքը կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 6 դրամ 99 լումա, ֆունտինը՝ 632 դրամ:

Սեպտեմբերի 13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +15+17, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ