News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից որդեգրած բռնության քաղաքականության շարունակումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը միայն երկարաձգում է խնդրի կարգավորումը՝ նոր տառապանքներ ստեղծելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար․ այս մասին ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյան։ Նրա ելույթը հրապարակել է ԱԳ պաշտոնական կայքը․ տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար: Մայիսին Հայաստանում Թավշյա խաղաղ հեղափոխության հաղթանակն ի ցույց դրեց հայ հասարակության վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և օրենքի գերակայության,  ժողովրդավարության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների և առաջընթացի ապահովման հարցում: Հայաստանում հանրային բողոքներն ցուցադրեցին մեր հասարակության և հասարակական կառույցների, քաղաքացիական հասարակության կարողությունը և դրանց՝ քաղաքական հասունության և իրավագիտակցության համեմատաբար առավել բարձր մակարդակի զարգանալը: Առանձնապես կարևոր նշանակություն ունի կանանց և երիտասարդության ընդգծված դերը, որոնք կանգնած էին հեղափոխության առաջնագծում:

Երեք օրից մեզ մոտ կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երաշխավորվելու է հայ ժողովրդի՝ իսկապես ազատ ընտրություն անցկացնելը: Սա մեր հստակ և անշեղ քաղաքական  կամքն է: Մեր հանձնառություններին համապատասխան և ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար Հայաստանի կառավարությունը հրավիրել է համապատասխան միջազգային կազմակերպություններին՝ ներառյալ ԺՀՄԻԳ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին ընտրությունների որպես դիտորդ մասնակցելու համար:

Պարոն նախագահ,

Երեսուն տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոտքի ելավ սկսելու մեր նոր պայքարն ընդդեմ պատմական անարդարության և հանուն ինքնորոշման, մարդկային արժանապատվության և ազատության: Մարդու հիմնարար այս իրավունքների մերժումը և նրանց խաղաղ նկրտումների դեմ ուժի կիրառումը հակամարտության սկզբնապատճառն է: Կենսական սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքին և անվտանգությանը ընկած է հակամարտության հիմքում:

Երեք տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաստատակամ է արժանապատվորեն կառուցելու իր կյանքն ու հաստատությունները՝ հակադարձելով  Ադրբեջանի կողմից իրականացվող դաժանություններին, բռնությանը և ագրեսիային: Ադրբեջանի կողմից որդեգրած բռնության քաղաքականության շարունակումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը միայն երկարաձգում են խնդրի կարգավորումը՝ նոր տառապանքներ ստեղծելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Զենքի սպառնալիքի ներքո օգուտներ քաղելու պատրանքները դատապարտված են ձախողման:

Հայաստանի նոր կառավարությունը վճռականորեն վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը չի ազդել խաղաղ գործընթացի վրա, և նախորդ յոթ ամիսների ընթացքում մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել հանդիպումների և քննարկումների մեջ: Սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպման ընթացքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ իրավիճակի սրման վտանգների նվազեցման, հրադադարի ամրապնդման և կողմերի միջև օպերատիվ կապի հաստատման վերաբերյալ:

Երեկ վեց ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, և մենք համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկանք: Անշուշտ ոգևորիչ է, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ: Այն վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ:

Խաղաղությանը նպաստող միջավայրն էական նշանակություն ունի բանակցային գործընթացի համար: Այս առնչությամբ նշանակալի ներդրում կլինի  Դուշանբեի համաձայնությունների, ինչպես նաև վստահության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:  Հակամարտության բոլոր կողմերի ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված իրական ջանքերը և ռազմատենչ հռետորաբանությունից ու ատելության քարոզից հրաժարվելը նույնքան կարևոր է:

Անհրաժեշտ է, որ վտանգի նվազեցման միջոցներն ուժեղ աջակցության արժանանան ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների կողմից։ Հարձակվողական զենքերի վաճառքը և մատակարարումը նպաստում են ուժի և դրա սպառնալիքի կիրառմանը։ Բոլոր ներգրավված անդամ պետությունները պետք է վերանայեն իրենց այս գործելաոճը։ Այն, ինչ ոմանք ներկայացնում են որպես գործարք, մեր ժողովրդի համար մահացու զենք է:

Հակամարտության, և հետևաբար դրա հանգուցալուծման առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունն է:

Պարոն նախագահ,

Երեք օրից՝ դեկտեմբերի 9-ին, աշխարհը կնշի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Այս տարվա մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց ցեղասպանության կանխարգելման մասին Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը: 2015թ. մեր նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Պարոն նախագահ,

Մենք Կիպրոսի պատվիրակության հետ համատեղ նախաձեռնել ենք Կոնվենցիայի 70-ամյակին նվիրված Հռչակագիր և լիահույս ենք, որ ԵԱՀԿ-ի այս մարմնին դեռևս հնարավորություն կընձեռվի արտահայտելու իր վճռականությունն՝ ի աջակցություն այս Կոնվենցիայի, որն արդիական է, քան երբևէ:

Պարոն նախագահ,

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ ողջունել Սլովակիային գալիք նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել ամենայն հաջողություն և հայտնել մեր աջակցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ