News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱԱԾ-ն վաղը՝ փետրվարի 28-ին, Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի դատարան: Այս մասին NEWS.am-ին հայտեց Ադյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Ադյանին վերագրվող արարքը վերաբերում է բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործին:

Մնացականյանի խոսքով՝ իր պաշտպանյալին վերագրվող կասկածն անհիմն է: Ըստ փաստաբանի՝ նա ցանկացել է ընդամենը արդար և մրցակցային դաշտ ստեղծել, սակայն այդ ամենը շրջվել է նրա դեմ: Ադյանի ձերբակալման որոշումը պաշտպանը բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, որը սակայն մերժել է այն:

Նշենք, որ Սամվել Ադյանի հետ ձերբակալվել է նաև ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը:

Ազգային անվտանգության ծառայությունը մինչ այս պահը գործի վերաբերյալ որևէ տվյալ չի ներկայացրել: NEWS.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամլո խոսնակ Սամսոն Գալստյանը հայտնեց, որ գործի հետ կապված հաղորդագրություն կտարածեն վաղը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ հեմոդիալիզի պարագաների մրցույթի գործով ԱԱԾ–ում հարցաքննվել է մրցույթում հաղթած «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Կարապետյանը։ Նրա հայրը՝ Արթուր Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդել էր, որ որդին հարցաքննվել է վկայի կարգավիճակով: ԱԱԾ–ում ամենայն հավանականությամբ քրեական գործ է հարուցվել «Հետք» կայքում հրապարակված «Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո։

Հիշեցնենք, որ «Հետքի» հետ զրույցում «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդել էր, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը: Խոսքը վերաբերում է Հեմոդիալիզի պարագաների մրցույթին։ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հայտարարած մրցույթում ըստ կայքի՝ հաղթել է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, armeps.am համակարգի տվյալներով, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել, Երեւանի կամարանցումներն (դալան) է նկարազարդել եւ այլն: Նշված ՍՊԸ-ն, հաղթելով մրցույթը, երկրորդ փուլում ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ ներկայացված ապրանքները մանրազերծված են ռադիացիոն բետտա եղանակով, որը համարվում է մրցույթի խախտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ