News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արարատյան մաքսատուն այցից եւ դրոշի հայտնի պատմությունից հետո Նիկոլ Փաշինյանը շատ է վերլուծել իր գործողությունները, իր ռեակցիաները եւ հասկացել է, որ ճիշտ է վարվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Փաշինյանը՝ արձագանքելով օգտատերերից մեկի խնդրանքին՝ ներելու մաքսատան աշխատակցին։

«Շատ եմ վերլուծել էդ օրվա իմ գործողությունները, իմ ռեակցիաները եւ անկեղծ ասած՝ պիտի խոստովանեմ, որ ճիշտ եմ ռեակցիա տվել։ Նրա համար որպես մի անհատ աշխատանքից ազատվելը շատ էր, այսպես ասած՝ դոզան շատ էր, բայց իրականում ես այդ քաղաքացուն ոչ ճանաչում էի, ոչ գիտեի, ոչ նախկինում հանդիպել էի, էսպես ասած՝ «լիչնի նեպրիյազն» չունեի, նա ինձ համար ընդամենը պետական պաշտոնյայի սիմվոլ էր, ով անարգում է դրոշը։ Էդ մի մարդուն չեմ ազատել գործից, ես ազատել եմ գործից բոլոր էն պետական պաշտոնյաներին, ովքեր անարգում են դրոշը, եւ ինձ թվում ա՝ բոլորը էս ուղերձը հասկացել են»,- ասաց նա։

Նա անդրադարձավ նաեւ իրեն ուղղված քննադատություններին, նախ, որ «դու»-ով է խոսել քաղաքացու հետ․ «Այո, ես ձեզնից շատերի եւ բոլորի հետ դու-ով խոսել եմ։ Երբ ասել եմ՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես», չեմ ասել՝ դուք եք, ասել եմ՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Այո, երբեմն ամենակարեւոր ասելիքներն ասելիս ասում են դու-ով։ Երբեմն դու-ի անցնելն ունի շատ մեծ իմաստ։ Իմիջայլոց, մարդն Աստծո հետ էլ ա դու-ով խոսում, դա էլ հաշվի առեք»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի առաջ ձիգ կանգնելու դիտողությունը, որ Փաշինյանն արել էր մաքսատան աշխատակցին, հաջորդ քննադատությունն էր, որին նա անդրադարձավ․ «Ասում են՝ էսօր մեկ, երեկ՝ երկու, դառել ա վարչապետ, ասում ա, որ վարչապետը գալիս ա՝ պետք ա ուղիղ կագնել։ Խնդիրը իմ անձի մեջ չի, ժողովուրդ ջան, խնդիրը նրա մեջ ա, որ եթե վարչապետի մոտենալը ռեակցիա չի առաջացնում ուսադիրներով մարդու մոտ, բա քաղաքացու մոտենալը ի՞նչ ռեակցիա ա առաջացնելու»։

Ազատման դիմում գրելու պահանջի վերաբերյալ Փաշինյանը պարզաբանեց․«Ասում են՝ դիմում գրելու պահանջն ապօրինի էր։ Եթե ես որոշումը կայացրել եմ, եթե պետք լիներ, ես այդ ամբողջ կառույցը կլուծարեի՝ հանուն դրոշի՝ պետականության սիմվոլը պահպանելու, այսինքն՝ էնպես չէր, որ եթե դիմումը չգրվեր, էդ որոշումը վարչապետը լծակ չունի ի կատար ածելու»։

Քննադատվել է նաեւ, որ նա աշխատակցից է պահանջել դիմում գրել, մինչդեռ պետք է ՊԵԿ նախագահին աշխատանքից ազատեր, որը համակարգի առաջին պատասխանատուն է․ «էդ տրամաբանությամբ ես պիտի տեղում հրաժարական տայի, որովհետեւ իմ ղեկավարած առընթեր մարմնի աշխատողն  է դա արել։ Դրոշի հետ հարաբերությունը ամեն քաղաքացու անհատական հարաբերությունն ա դրոշի հետ»,- ասաց Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ այդ պատմությունը  դրոշի հանդեպ վերաբերմունքի առումով հեղափոխական նշանակություն է ունենալու։

Նիկոլ Փաշինյանը մերժեց օգտատիրոջ խնդրանքը՝ պատճառաբանելով, որ ամենավնասակար ղեկավարը թույլ ղեկավարն է, եւ որ ինքը ներողություն կխնդրեր, եթե համարեր, որ սխալվել է, մինդեռ վստահ է, որ ճիշտ է վարվել․ «Չեմ ուզում տպավորություն ստեղծել, որ ձեր տեսակետը չեմ հարգում, բայց ես միշտ էն կարծիքին եմ եղել, որ աշխարհի ամենավնասակար ղեկավարը թույլ ղեկավարն է։ Ինչքան էլ հարգեմ, էմոցիոնալ տանեմ, սրտիս մոտ ընդունեմ ձեր առաջարկները, քննադատությունները, չեմ կարող ինձ թույլ տալ, որ լինեմ ՀՀ այնպիսի ղեկավար, որի կամքը հեշտ ա ծռել։ Էդ պահին ճիշտ որոշում եմ կայացրել ու եթե որեւէ տեղ մտնեմ ու էդպիսի վիճակ տեսնեմ, իմ ռեակցիան լինելու ա նույնը, ինչ մակարդակի պաշտոնյա լինի, տեղում ազատվելու ա աշխատանքից։ Եվ սա իմ սկզբունքային դիրքորոշումն ա։ Շատ ցավում եմ, որ չեմ կարող ձեր խնդրանքը կատարել, համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, ճիշտ եմ գործել։ Ես երեւի թե ամենաշատը հրապարակայնորեն ներողություն խնդրած ՀՀ վարչապետն եմ՝ ԱԺ ամբիոնից եմ ներողություն խնդրում, խոսելիս եմ ներողություն խնդրում, լրագրողներից եմ  ներողություն խնդրում։ Ես չգիտեմ՝ նախկին ղեկավարներից որեւէ մեկը էդ բառը օգտագործե՞լ ա, բայց եթե նույնիսկ օգտագործել ա, ինձնից շատ չի օգտագործել։Եթե սխալվեմ, նախ ինքս ինձ պիտի համոզեմ, որ սխալվել եմ, եւ կկանգնեմ ձեր առաջ, ներողություն կխնդրեմ»,- ասաց նա։

Փաշինյանը մաքսատան դեպքը համեմատեց Բագրատաշենի մաքսատան միջադեպի հետ. «Երեկ չէ առաջին օրը ԱԺ-ում իմացա, որ Բագրատաշենի մաքստանը մի նոր միջադեպ է տեղի ունեցել։ Մի քաղաքացի, ըստ ամենայնի՝ երիտասարդ, որը ճամփորդելու փորձ չի ունեցել, մուտք է գործել այն ռենտգեն սարքի մեջ, որը նախատեսված չի մարդկանց համար, այլ նախատեսված է ճամպրուկները սկանելու, այսինքն՝ ստուգելու համար։ Մաքսատան աշխատողները սա նկարել էին եւ գցել սոցիալական ցանց։ Ոչ միայն նկարում են, այլեւ կանգնած հռհռում են էդ քաղաքացու վրա։ Համարում եմ, որ դրոշի հետ կապված միջադեպը ու այս միջադեպը բացարձակապես նույն բաներն են, դրանք նույն երևույթի երկու տարբեր կողմերն են։ Հանրային վրդովմունք կա, թե՝ հանեք գործից, բայց ինչի՞ հանենք, նա ընտանիք ունի, մեծ հավանականությամբ, երեխեք, բա ինչի՞ հանենք։ Էն դեպքում անարգել են քաղաքացուն, էս դեպքում էլ անարգել են դրոշը, նա ով անարգում է քաղաքացուն, անարգում է դրոշը, նա, ով դրոշն է անարգում, անարգում է քաղաքացուն, որովհետեւ առանց դրոշի քաղաքացի չկա, եւ առանց քաղաքացու դրոշ չկա։ Էդ արձագանքները ցույց են տալիս, որ մենք էդքան ասում ենք՝ պետություն, պետություն, քաղաքացի, մեր երկրում պետական սիմվոլները կայացած չեն, եւ սրանից բխում են շատ գործողություններ, երեւույթներ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ