News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Սիրիայի հարցում դեռեւս համաձայնության չեն եկել, բայց մայիսի 14-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի արդյունավետ հանդիպումներից հետո բոլոր մակարդակներում շփումներ են ընթանում: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ամերիկացի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին՝ Վաշինգտոնում Մերձավոր Արեւելքի ինստիտուտում պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Մենք Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներով շփումներ ունեցել ենք եւ ունենք, այդ թվում՝ երկու շաբաթ առաջ Սոչիում, մեր կարծիքով, արդյունավետ քննարկումներ եղան նախագահ [Վլադիմիր] Պուտինի եւ ԱԳ նախարար [Սերգեյ] Լավրովի մակարդակով: Համաձայնություն չկա: Չկան ո՛չ բանակցություններ, ո՛չ մանրամասներ, քանի որ բանակցություններ չկան: Կան շարունակվող շփումներ»,- ասել է նա:

«Երկու կողմերն էլ համաձայն են, որ անհրաժեշտ է այս հակամարտության քաղաքական լուծում,- ընդգծել է դիվանագետը: - Սա կլինի աստիճանական գործընթաց, ինչպես նախատեսված է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւով»:

Պոմպեոն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սոչիում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ համաձայնեցրել են Սիրիայի վերաբերյալ մի շարք կոնկրետ քայլեր: Բայց չէր հստակեցրել դրանք՝ միայն նշելով, որ կողմերն այն պահերի ընդհանուր ընկալում ունեն, որտեղ տեղի է ունենում «գործընթացի քաղաքական տեղապտույտ»: Նա զրույցն արդյունավետ էր որակել եւ շեշտել, որ շփումներն իրեն գոհացրել են:

Մայիսի 14-ին Սոչիում Ջեֆրին ամերիկյան պավիրակության կազմում մասնակցել էր ռուսական ղեկավարության հետ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպմանը: Սա որպես Պետքարտուղարության ղեկավար Պոմպեոյի առաջին այցն էր Ռուսաստան:

Տեղեկությունների փոխանակում

Ջեյմս Ջեֆրին հայտնել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պարբերաբար տեղեկություններ են փոխանակում, որոնք առնչվում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին:

«Իհարկե, հակաահաբեկչական համագործակցությունը, միասին աշխատանքը կարեւոր ոլորտ է: Մենք Ռուսաստանի հետ տարբեր մակարդակներով դրանով զբաղվել ենք 2001 թվականի սեպտեմբերի 11-ից»,- ընդգծել է Պետքարտուղարության աշխատակիցը: Նա նկատի է ունեցել Մոսկվայի եւ Վաշինգտոնի փոխգործակցությունը 2001 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում իրագործված ահաբեկչություններից հետո: Նախկինում այն գոյություն է ունեցել նաեւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համատեղ աշխատանքային խմբի տեսքով: Այս մարմինը գործել է երկկողմ նախագահական հանձնաժողովի կազմում: Սակայն հանձնաժողովի եւ դրա մեջ մտնող 21 աշխատանքային խմբերի գործունեությունը 2014 թվականի գարնանը դադարեցվել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ՝ կապված Ուկրաինայում ճգնաժամի հետ:

«Ինչ վերաբերում է Սիրիայում ահաբեկչությանը, ապա, բնականաբար, ժամանակ առ ժամանակ կատարվում է տեղեկությունների փոխանակում»,- այնուհետեւ հայտարարել է Ջեֆրին: Նա մանրամասներ չի ներկայացրել:

«Դրանից բացի, առկա է ռազմական գործողությունների ժամանակ պոտենցիալ կոնֆլիկտների չափազանց ընդարձակ կանխարգելում. [Սիրիայում] ռուսական հակաահաբեկչական գործողությունների եւ մեր հակաահաբեկչական գործողությունների ժամանակ: Սրանով ես կսահմանափակվեմ»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխման մասին հուշագիրը ստորագրվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարությունների կողմից 2015 թվականի հոկտեմբերին։ Հետո կողմերը, համաձայն տեղեկությունների, որոնք ավելի վաղ ներկայացրել էր Պենտագոնը, սկսել են փոխգործակցել նաեւ Սիրիայում ցամաքային գործողությունների ժամանակ բախումներ թույլ չտալու նպատակով։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի պայմանավորվածությունների բացակայությունը

Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Իսրայելը ոչ մի պայմանավորվածություն չեն կնքել Երուսաղեմում նախատեսվող բարձր մակարդակով եռակողմ խորհրդակցություններին ընդառաջ։ Որոշակիություն այս հանդիպման հարցում դեռեւս չկա, ենթադրվում է, որ այն կնվիրվի նախեւառաջ Մերձավոր Արեւելքին։

«Հազվագյուտ դեպքերից մեկն է, երբ ԱՄՆ-ի կողմից (օրերս) սեղմ հրապարակված հայտարարությունը ամբողջությամբ ճշգրիտ ի մի է բերում այն, թե որտեղ ենք մենք գտնվում այս հարցում։ Առաջիկայում տեղի կունենա Ռուսաստանի, Իսրայելի եւ ԱՄՆ եռակողմ հանդիպում Մերձավոր Արեւելքի հարցով։ Դա ճշգրիտ (արտացոլում է) այն, թե որտեղ ենք մենք գտնվում (այս բանակցությունների պատրաստման առումով)։ Մենք դեռեւս փորձում ենք պայմանավորվել մանրամասների շուրջ»,- ասել է Ջեֆրին։

«Այնուամենայնիվ, ոչ մի կողմից ոչ մի համաձայնագիր չի եղել որեւէ սպառիչ ցուցակի շուրջ, չգիտեմ՝ ինչպես ավելի ճիշտ արտահայտեմ, պնդում, մեղադրանք, որոնք ես տեսել եմ այդ նույն զանգվածային լրատվամիջոցում»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը՝ մեկնաբանելով Asharq Al-Awsat պարբերականի վերջին հրապարակումը, որում ասվում էր, թե իբր ԱՄՆ-ն եւ Իսրայելը պատրաստվում են Երուսաղեմի հանդիպման ժամանակ Ռուսաստանին գործարք առաջարկել, որը ներառելու է պատժամիջոցների չեղարկում Դամասկոսի հանդեպ՝ Մոսկվայի համաձայնության դիմաց՝ ձեռնարկել գործողություններ, որոնք անհրաժեշտ են Սիրիայում Իրանի ազդեցությունը զսպելու համար։

Ավելի վաղ Asharq Al-Awsat-ում ներկայացված տեղեկություններն արդեն հերքել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ցանկանում եմ բոլորին կոչ անել լինել շատ զգույշ տարբեր արտահոսքերի եւ տարբեր ֆեյքերի հարցում, որոնք հաստատ առատորեն կհայտնվեն տեղեկատվական դաշտում (նախատեսվող եռակողմ հանդիպման առնչությամբ)»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա հաստատական պատասխան է տվել այն հարցին, որ չարժե վստահել Asharq Al-Awsat-ի տեղեկատվությանը։

Նախատեսվում է, որ Երուսաղեմում կհանդիպեն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը եւ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն-Շաբաթը։ Ինչպես ճշտել են Ռուսաստանի ԱԽ-ում, այդ բանակցությունները նախատեսվում են հունիսի վերջին։ «Բնականաբար, բանակցությունների կարեւորագույն թեման կարող է դառնալ մերձավորարեւելյան պրոբլեմատիկան»,- ասել է Ռուսաստանի ԱԽ մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ