Սիրիան դիմել է համաշխարհային հանրությանը՝ խնդրելով ազդեցություն գործել Անկարայի վրա Սիրիայի հյուսիս-արեւելքում ագրեսիվ գործողությունները դադարեցնելու համար, որոնք, Դամասկոսի համոզմամբ, հակասում են Աստանայում եւ Սոչիում ձեռք բերված համաձայնագրերին։ Այս մասին ասվում է հինգշաբթի Սիրիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում։
«Սիրիական Արաբական Հանրապետությունը ամենավճռական ձեւով դատապարտում է հանցավոր հարձակումները, որոնք կատարում են թուրքական օկուպացիոն ուժերը սիրիացի ժողովրդի դեմ, եւ կոչ է անում համաշխարհային հանրությանը ազդեցություն գործել Անկարայի վրա՝ ագրեսիայի դադարեցման նպատակով»,- հայտարարությունից մեջբերումներ է կատարում սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը։
Թուրքիան, ինչպես հավաստիացնում է Սիրիայի ԱԳՆ-ն, «շարունակում է կատարել հանցագործություններ՝ չնայած ավելի վաղ Աստանայում եւ Սոչիում ձեռք բերված համաձայնագրերին»։ Այդ գործողությունները, նշվում է փաստաթղթում, «լիովին հակասում են միջազգային օրենսդրությանն ու մարդասիրական իրավունքին»։