News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված երանաշնորհ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին:

Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, պետական այրեր, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ եւ այլ հրավիրյալներ:

Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեց «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, ապա ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Երեկույթին ձեռամբ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարների, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, «ՀայՓոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ավագյանի ու ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի կատարվեց «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումը:

Այնուհետեւ հանդիսության առիթով ներկաներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Սիրելի հավատավոր զավակներ Մեր,

Գոհունակ սրտով ողջունում ենք Կոմիտաս վարդապետի 150-ամյակի առիթով կազմակերպված այս համերգի մասնակիցներիդ: Մեր երաժշտության մեծ երախտավորի հոբելյանը այս տարվա մեջ նշվեց տարբեր միջոցառումներով, եւ այսօր մեկ անգամ եւս համախմբվել ենք մեծարելու մեր ժողովրդի երախտարժան զավակին, ներշնչվելու նրա ստեղծագործություններով, որոնք գրավում եւ հուզում են ճշմարիտ հայկական մեղեդայնությամբ ու բարձր արվեստով:

Մեր ժողովրդի եւ հայրենի ժառանգության նկատմամբ անհուն սիրով ու նախանձախնդրությամբ Կոմիտաս վարդապետը նվիրվեց մեր հոգեւոր եւ ժողովրդական երգի հավաքման ու մշակման առաքելությանը, որի իրագործումը հայտնություն եղավ ոչ միայն հայ իրականության մեջ, այլեւ ժամանակի համաշխարհային մշակույթի անդաստանում: Սուրբ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսումնառության տարիներից արդեն նա կարեւորեց հայոց հոգեւոր եւ ազգային երաժշտության անաղարտ պահպանությունն ու զարգացումը եւ կուսակրոն քահանայության ուխտը ստանձնելիս՝ ստացավ 7-րդ դարի երախտարժան Հայրապետի՝ շարականագիր ու բանաստեղծ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի մեծարելի անունը: Մեր Եկեղեցու հովանու ներքո հայրենի ավանդներով սնված Կոմիտաս վարդապետը, արդարեւ, եղավ գանձապահ մեր ժողովրդի երաժշտական արժեքների: Նա վեր հանեց ու ներկայացրեց հայ երգի հնամենի ակունքները եւ մեր ժողովրդին վերադարձրեց սեփական երգարվեստի անխառն ու անկրկնելի բույրն ու երանգը եւ դասական գեղեցկությունն ու բարձր արժեքը: Նման տարողունակ, մանրակրկիտ ու նրբաճաշակ գործ կատարելու համար բավարար չէին երաժշտական մեծ կարողությունները, տաղանդը, որ մանուկ հասակից դրսեւորվել էր նրա մեջ, լավագույն կրթությունը, որ նա կատարելագործել էր Եվրոպայում, այլեւ պետք էր նվիրյալ սիրտ՝ զգալու հարազատ ժողովրդի հոգին եւ ունենալու նրա առաջընթացի մեծ ու պայծառ տեսիլքը:

Այս գիտակցությամբ ու նվիրումով էր Կոմիտաս վարդապետը ստեղծագործում, դասավանդում, հիմնում երգչախմբեր եւ հայ երաժշտությունը քարոզում տարբեր երկրների բեմահարթակներից` հնչեցնելով այն իր բարձրարվեստ մշակումներով, խմբավարությամբ եւ իր անզուգական կատարմամբ: Հոգեւոր երաժշտության հանդեպ խորին ակնածանքով ու հիացումով՝ երանաշնորհ վարդապետը երկնապարգեւ իր տաղանդով ստեղծեց նաեւ երգեր ու մեղեդիներ, նոր մշակումով ներկայացրեց Սուրբ Պատարագի երգեցողությունը, որը հիասքանչ մեղեդայնությամբ պարուրում է հավատացելոց ներաշխարհը, առաջնորդում հաղորդվելու Աստծո հետ, զորանալու Քրիստոսով եւ Նրա պարգեւած փրկության հույսով:

Մեր նախնյաց սուրբ հավատքով ու ոգով, հայրենիքի բույր ու գույնով ներծծված իր ստեղծագործությամբ եւ նախանձախնդիր ու նրբաճաշակ երաժշտի իր բարձր արվեստով Կոմիտաս վարդապետը բերեց նաեւ հայկական երգարվեստի եւ մեր ողջ մշակույթի հանդեպ խնամքով վերաբերմունքի պահանջ: Մեր ազգային ժառանգության պահպանումն ու զարգացումը, առաջադիմության, կատարելագործման ձգտումն ու պահանջը մշտապես պիտի լինեն ատաղձը ազգային մեր հավաքական մտածողության եւ ուղեկիցը մեր կրթության ու մեր սերունդների, որպեսզի մեր ինքնության ամուր գիտակցությամբ շենացնենք մեր հայրենիքն ու ազգային կյանքը», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը նաեւ իր բարձր գնահատանքը հայտնեց Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի առիթով նամականիշի թողարկման նախաձեռնողներին եւ հոբելյանական հանդիսության կազմակերպիչներին` աղոթելով, որ Տերը խաղաղ պահի մեր հայրենիքն ու ժողովրդին եւ օրհնի բոլորի ջանքերը՝ զորացնելու հայրենի երկիրը, ծաղկուն պահելու մշակույթը եւ իրականություն դարձնելու ազգային զարթոնքի մեր նպատակները:

Երեկույթին համերգային կատարումներով հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան):

Հանդիսության երեք բաժիններում` «Կոմիտաս վարդապետը», «Կոմիտասը եւ Եվրոպան», «Կոմիտասը եւ մենք», հնչած ստեղծագործությունների, դրանց ընտրության եւ Կոմիտաս վարդապետի հանճարի վերաբերյալ համապարփակ բանախոսություն ներկայացրեց արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը:

Մայր Աթոռում կազմակերպված հոբելյանական հանդիսությանը առաջին անգամ կատարվեցին եւ հայ հանդիսատեսի ուշադրությանը հանձնվեցին Կոմիտաս վարդապետի հեղինակած «Հիշողություն» պիեսը լարային նվագախմբի համար եւ «Անտառի գիշերը» պիեսը սիմֆոնիկ նվագախմբի համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ