News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շնորհիվ այս օրենսդրական փաթեթի, համայնքների միավորման կամ բաժանման մասին կառավարության օրենսդրական նախաձեռնության դեպքում բնակիչները կկարողանան նախաձեռնել տեղական հանրաքվե։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում դեկտեմբերի 19-ին ասաց փաթեթի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Ընդ որում՝ համայնքների միավորման կամ բաժանման տեղական հանրաքվեի արդյունքները կրում են բացառապես խորհրդատվական բնույթ։ «Տեղական հանրաքվեի անցկացման դեպքում, որը կրում է զուտ խորհրդատվական բնույթ, համապատասխան ընտրական հանձնաժողովը չի ընդունում որեւէ որոշում եւ քվեարկության արդյունքների մասին արձանագրությունը ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին եւ լիազորված պետական մարմնին»,- պարզաբանել է Կարապետյանը։

Նա միաժամանակ նշեց, որ եթե կառավարությունը մշակի համայնքներում վարչատարածքային բաժանման մասին օրինագիծ, նախաձեռնող խմբերը պետք է հնարավորություն ունենան նախաձեռնելու տեղական հանրաքվեներ, գրանցվելու համապատասխան ընտրական հանձնաժողովներում, դիմելու համայնքի ղեկավարին, ինչպես նաեւ ավագանուն՝ համապատասխան ֆինանսավորման համար։ Քվեարկության արդյունքները պետք է ներկայացվեն նաեւ խորհրդարանի քննարկմանը։

«Մենք առաջարկեցինք երկու փոփոխություն։ Փոփոխություններից մեկը տեղական հանրաքվեի մեխանիզմը բարդացնելն է՝ սահմանելով 50 տոկոս ներկայության շեմ։ Այսինքն՝ մենք համարելու ենք, որ այդ խորհրդատվական հանրաքվեն կայացել է, եթե դրան մասնակցել է ընտրացուցակներում նշված ընտրողների 50 տոկոսից ոչ պակասը»,- ընդգծել է պատգամավորը։

Խորհրդարանը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը (կողմ՝ 94, դեմ՝ 18)։ Օրենսդրական փաթեթին դեմ էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները՝ այն թերմշակված համարելով։

Նիստի վերջում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը պաշտոնապես ավարտեց աշխատանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ