News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կարծում է՝ խմբակցությունը պետք է դիրքորոշում հայտնի նույն խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի վարքագծի վերաբերյալ, որը ֆեյսբուքյան մեկնաբանություններում իր հետ Մարալիկի ծննդատան հարցի շուրջ բանավիճելիս ասել էր՝ «Ամուսնացիր, կանցնի»։

«Շատ կոպիտ եւ շատ անարժեհամակարգային արտահայտություն էր։ Որեւէ մարդ, առավել եւս որեւէ տղամարդ իրեն պետք է թույլ չտա նման վիրավորանք որեւէ անձի նկատմամբ, եւ խոսքն այստեղ միայն պատգամավորը չի, առհասարակ մարդն է։ Եթե մենք՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներս ամեն օր խոսում ենք, որ մարդը գերագույն արժեք է, միեւնույն ժամանակ, մարդու արժեքը ոտնատակ ենք տալիս, ապա ուղղակի օրենսդրից պետք է շատ հեռու լինենք։ Խմբակցությունը պետք է իր գնահատականը տա նմանատիպ արատավոր երեւույթների վերացման համար։ Երբ նմանատիպ արժեհամակարգով մարդը մեր կողքին է, սա վատագույն գնահատական է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Պատգամավորը տեղեկացրեց, որ խմբակցության ղեկավարն իրեն զանագահարել, այս հարցի շուրջ քննարկման է հրավիրել, որին ինքը առաջիկայում կմասնակցի։ Հովսեփյանը հարցն ավելի լայն քննարկման չի դնի, եթե խմբակցությունը չանի։

Կարեն Սարուխանյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը մեկնաբանությունում ծիծաղելու նշաններ է դրել, ինչը վկայում է այն մասին, որ պարզապես կատակել է։ Այս մեկնաբանությունը Սոֆյա Հովսեփյանը մանիպուլիացիա է որակում։ 

«Ես չեմ պատկերացնում, թե կարելի է նման կատակ անել։ Ինքը ընդամենը շատ լավ մանիպուլիացիա է արել։ Եթե նման էժան կատաներ է անում, ավելի լավ է՝ թող չանի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ պատգամավորների միջեւ քննարկումը ծավալվել էր ֆեյսբուքյան տիրույթում՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանի գրառման մեկնաբանություններում։ Գրառմամբ Աշոտ Սարգսյանը քննադատել էր Սոֆյա Հովսեփյանի այն պնդումը, թե նախարարությունը որդեգրել է հիվանդանոցները փակելու վարքագիծ: Սոֆյա Հովսեփյանը, որ մինչեւ պատգամավորական մանդատ ստանալը եղել է Շիրակի փոխմարզպետ եւ կարգավորել առողջապահության ոլորտը, գրել էր, որ այն ժամանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը խտրական վերաբերմունք է ցույց տվել, երբ անհրաժեշտություն է եղել կրճատել 18 հաստիք, ինչն էլ դարձել է իրենց միջեւ բախման պատճառ։ Ըստ պատգամավորի՝ կրճատվողներից ամենատարեցի որդին զանգահարել է մարզպետին եւ խնդրել բացառություն անել, ինչին մարզպետը ընդառաջել է, մինչդեռ ինքը պնդել է, որ դա արատավոր երևույթի շարունակություն է, պետք է կրճատել բոլորին։ Ի վերջո, ոչ ոք չի կրճատվել, ինչն էլ, Սոֆյա Հովսեփյանի պնդմամբ, ֆինանսական խնդիրներ է առաջացրել ծննդատանը, որն այս պահին արդեն ֆինանսավորման բացակայության պատճառով պետք է լուծարվի։ Կարեն Սարուխանյանը հակադարձել է, որ այդ  հաստատությունում մարզպետարանի կողմից կատարած ֆինանսական աուդիտի արդյունքները ցույց են տալիս, որ ոչ թե այդ աշխատողների թիվն է հասցրել ֆինանսական ծանր պայմանների, այլ ծննդատան աշխատանքը՝ պայմանավորված ծնելիության քանակի նվազ լինելով։

 

Տպել
Ամենաշատ