Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ներառվել է Հայաստանի գալիք տարվա պետական բյուջեի առաջնահերթությունների շարքում։ Այս մասին նոյեմբերի 5-ին՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի հարցին։
Նախարարի խոսքով՝ այս հարցն արտացոլված է պետբյուջեի նախագծի այն բաժնում, որը վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը։
«Գերիների և անհայտ կորածների հարցը պետք է փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման ու ինստիտուցիոնալացման կետում։ Երբ մենք խոսում ենք խաղաղության ամրապնդման, համաձայնագրի կնքման և համագործակցության հաստատման մասին, բոլորն էլ հասկանում են, որ խաղաղություն հաստատելուց բացի՝ առջևում հաշտեցման տևական գործընթաց է։ Իսկ այն անհնար է առանց գերիների հարցի, առհասարակ հումանիտար խնդիրների, ինչպես նաև անհայտ կորածների ճակատագրերի լիարժեք հանգուցալուծման»,— նշել է Միրզոյանը։
Նա նաև հավաստիացրել է, որ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և այս հարցն անուշադրության չի մատնվում։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ժամանակ առ ժամանակ հաջողվում է հասնել որոշակի արդյունքների, թեև դրանց վերաբերյալ գնահատականները կարող են տարբեր լինել։
Արարատ Միրզոյանն ընդունել է, որ ոմանք ձեռք բերված արդյունքներն անբավարար են համարում, մինչդեռ մյուսները դրանք գնահատում են դրական՝ միաժամանակ նշելով, որ ըմբռնումով է մոտենում երկու դիրքորոշումներին էլ։ Ընդ որում՝ նախարարն ընդգծել է, որ գերիների վերադարձի հարցը ֆինանսական բնույթ չի կրում։ Եվ եթե դրա լուծումը կախված լիներ միայն գումարից, ապա արդյունքի հասնելն անհամեմատ ավելի հեշտ կլիներ։



























