News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Տեսարանը Շուշիի ազատագրության տարեդարձի օրը Ազգային Ժողովի նիստերի դահլիճից է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացել է եւ գործի են դրվել բռունցքները: Ծեծկռտուքից վայրկյաններ առաջ Մարուքյանը հանդիմանում էր «Իմ քայլից» Բաբկեն Թունյանին, ասելով, որ երբ ամբիոնից «սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»: Նրա ելույթն ընդհատել էր Սասուն Միքայելյանը:

Կրքերը փոքր-ինչ հանդարտվելուց հետո Մարուքյանը դարձյալ մոտեցել է ամբիոնին: Այդ ընթացքում տասնյակ պատգամավորներ դարձյալ մոտեցել էին Սասուն Միքայելյանին ու ամբիոնին՝ փորձելով թույլ չտալ նոր բախում: ԱԺ նախագահն էլ ստիպված էր ընդհատել նիստը:

Ծեծկռտուքի տեսագրությունից կարելի է ենթադրել, որ մեջքից խփողը Փաշինյանի մտերիմներից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն է, որը հարձակվում է Մարուքյանի վրա, բռնում նրա գլուխն ու քաշքշում։ Եվս մեկ, ավելի թեթև հարված Մարուքյանը ստանում է մինչև այդ։ Նրան զանգվածային  քաշքշոցի մեջ ապտակում է «Իմ քայլից» Արտակ Մանուկյանը։

Սակայն ծեծկռտուքը դրանով էլ չէր ավարտվել.  մինչև 14։30–ն ընդմիջում հայտարարելուց հետո, պատգամավորները դահլիճից չէին հեռացել ու շարունակում էին ծեծկռտուքը։ Արարատ Միրզոյանը, չկարողանալով հանդարտեցնել դրությունը, բղավել է. «Էս շենքում անվտանգության աշխատակիցներ կա՞ն»։ Այնուհետեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը  նիստ է հրավիրել,  Արարատ Միրզոյանի աշխատասենյակում էլ հավաքվել են «Իմ քայլի» պատգամավորները։ Ծեծկռտուքն, ի դեպ, տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ։

Իսկ Բաբկեն Թունյանին Մարուքյանը հանդիմանել էր այն բանի համար, որ նա, դժգոհելով ընդդիմադիրների ելույթներից, ասել էր, թե նրանք խեղաթյուրում կամ ուռճացնում են բացասական երեւույթները, եւ հետեւության հանգել, որ նրանք կամ բութ են, կամ սրիկա:

Միջադեպից 3 ժամ անց մենք չտեսանք արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին, ընդմիջումից հետո մոտենալով ամբիոնին հայտարարել է Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակված արժեքները: Միջադեպը, Մարուքյանի խոսքով, պետք է ստանա քաղաքական գնահատական, որն, ըստ նրա, իրականում որեւէ բան չի կարող փոխել:  «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները լքել են նիստերի դահլիճը:

Այո, երեկ ԼՀԿ խմբակցության ղեկավարն ինձ հրավիրել է սուրճ խմելու, ես ընդունել եմ  հրավերը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ փակ հանդիպմանը: Հիշեցնենք, որ երեկ Էդմոն Մարուքյանը լրագրողներին հայտնել էր, որ խոսել են միայն արտաքին քաղաքականությունից եւ Արցախի խնդրից:

Փաշինյանը նաեւ դատաապարտել է  բռնության ցանկացած երեւույթ, ավելացրել, որ  արդեն երկու տարի հեղափոխական թիմը  շարունակաբար ենթարկվում է բարոյական ու հոգեբանական  բռնությունների: Այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել ու քայքայել քաղաքական մեծամասնությանը, քայքայել ժողովրդի եւ քաղաքական մեծամասնության միջեւ վստահությունը, ասել է վարչապետը եւ անդրադարձել առավոտվա միջադեպին: Փաշինյանն ասել է, որ տեղի ունեցածը այլ կերպ քան քստմնելի սադրանք, չի կարող անվանել:

Միջադեպը բուռն արձագանքներ է ունեցել հանրային եւ քաղաքական շրջանակներում, սոցիալական հարթակներում: «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը Ֆեյսբուքում գրել է. «Այն, որ Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ և անորակ խորհրդարանն է, գիտեինք։ Որ այս խորհրդարանում հավաքվել են 100-ից ավել քաղաքական տրանսգենդերներ, դա վերջերս պարզ դարձավ։ Բայց որ տղամարդկային հարթության վրա վեճերի մեջ էլ են անտաղանդ, և ունակ են կնոջ նման մեջքից «չանչել», այդ դա իրոք նորություն էր»։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ հիշեցրել է, որ վերջին անգամ Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորի ամբիոնի մոտ  ծեծել էին հհշականները: «Մարուքյանի և բոլոր քաղաքացիների անվտանգության համար պատասխանատու են իշխանությունները, հակառակ դեպքում` յուրաքանչյուրս ինքնադատաստանի օրինական իրավունք ենք ստանում»,- գրել է նա:

Գրեթե երկամսյա ընդմիջումից հետո վերսկսվել է հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը: Փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել է նախկին նախագահին անձնական երաշխավորությամբ ազատելու մասին միջնորդությունը: Քոչարյանի համար պատրաստ են երաշխավորել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Փաստաբանը հիշեցրել է, որ երկու ամիս դատավարությունը տեղում դոփում է: Ալումյանը ներկայացրել է նախկին վարչապետերի գրավոր հայտարարությունների պատճենները: Երաշխավորության մեջ շեշտվում է Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահի ավանդը հանրապետության եւ բանակի զարգացման գործում: Դահլիճ են հրավիրվել նախկին վարչապետերը, որոնք բանավոր հայտարարել են անձնական երաշխավորության մասին: Նիստն ընթացել է լարված մթնոլորտում. Տուժողի իրավահաջորդ Քլոյանը նախկին վարչապետերին անվանել է գողեր ու ավազակներ, հարուցելով պաշտպանների վրդովմունքը: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին:

Դժվար է պատկերացնել, թե այդ թղթի կտորի վրա ինչ պիտի գրի դատավոր Աննա Դանիբեկյանը, քանի որ էլ բան չի մնացել որից իրենք կառչեն, դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է երկրորդ նախագահի որդի Լեւոն Քոչարյանը։

Արցախի հերոսն անօրինական կալանքի տակ է, լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Դատական գործընթացը նա «ազգային խայտառակություն» է բնութագրել: «Թուրքին ծնկի բերած հերոսը կալանքի տակ է: Այսօր խորհրդանշական օր է: Դատավորը պետք է գործի ոչ թե Փաշինյանի հրամանով, այլ` օրենքով»,- ասել է Շարմազանովը եւ ավելացրել. Պոպուլիստները գալիս եւ գնում են, ազգային հերոսները մնում են:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորել է երկրորդ եւ երրորդ նախագահներին, նշել, որ երկրորդ անգամ է ականատես լինում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը անձնական նման երաշխավորությունների:

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը խորհրդանշական է համարում թե՛ օրը, թե՛ դատավարության մասնակիցների կազմը։

Սա այն նկուղն է, որն Արցախյան ազատամարտի տարիներին դարձել էր իմ ընտանիքի ժամանակավոր կացարանն ու ապաստարանը։ Instargam-ում գրել է երկրորդ նախագահի դուստրը՝ Գայանե Քոչարյանը: Նա հիշել է, ինչպես էին այդտեղ պատսպարվում ռմբակոծությունից,  ինչպես է մայրը վիրավորվել, ինչպես են դիմավորել Ամանորը, հոր հազվադեպ այցերը, նաեւ Շուշիի գրոհից առաջ հոր այցը, երբ Ռոբերտ Քոչարյանը եկել է ամեն դեպքում հրաժեշտ տալու, քանի որ երաշխավորված չէր հաղթական ելքը: «Շնորհակալություն քեզ և քո տեսակի մարդկանց այն բանի համար, որ ես և մենք ունենք հաղթանակած հայրենիք և հերոսներ»,- գրել է նա:

Հայաստանում կորոնավիրուսից 48-ամյա կին է մահացել: Անցած մեկ օրում վարակվելու 145 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ՝ մայիսի  8-ին հաստատվել է կորոնավիրուսի 3029 դեպք:  Վերջին տվյալով՝ ապաքինվել է 1318 մարդ, 43 պացիենտ մահացել է:

Բանակում ունենք եւ վարակվածներ եւ մեկուսացվածներ, «Եռաբլուրում» NEWS.am-ի հետ զրույցում նշել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Նաեւ ունենք ռիսկային տարիքի անձնակազմ, որը գտնվում է տանը: Մեկուսացումների եւ ինքնամեկուսացումների մեծ նվազում է արձանագրվել, ասել է նա:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.97 դրամով ու  կազմել  484.11 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.99 դրամով ու հասել  524.73 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.36 դրամով ու հասել  599.62 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու  կազմել  6.58 դրամ։

Մայիսի  9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում  սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երեւանում հաջորդ երկու օրերին սպասվում է անձրև: Երեւանում գիշերը կլինի 8-10 աստիճան տաքություն, վաղը ցերեկը՝  +16  +18:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ