News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսը շարունակում է մեծ տեմպերով տարածվել, մահերի թիվն էլ ավելանալ, հարյուրավոր մարդկանց վիճակն էլ ծանր է կամ ծայրահեղ ծանր: Հունիսի 12-ի առավոտվա դրությամբ վարակվելու 612 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի թիվը 15281 է: Այս պահին բուժվում է 9298 անձ: Մահացածների թիվն ավելացել է 13-ով եւ հասել 258-ի:

Մահացածներից ամենաերիտասարդը 55-ամյա տղամարդ է, տարեցը՝ 85 տարեկան տղամարդ: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։  Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ մարդկանց մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:

Կորոնավիրուսով վարակված մոտ 7 հազար մարդ տնային հսկողության տակ են,  կառավարության արտահերթ նիստում հայտարարել է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Առանձնակի կարեւորություն է արձանագրել եւ տեղորոշել այն դեպքերը, այն շրջանակներին, որոնք մարդկանց շրջանում տարածում են, թե հիվանդություն չկա, սուտ է, այդ նույն նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը որոշել է մեկ ամսով: Այն կտեւի մինչեւ հուլիսի 13-ը ժամը 17-ը: Որոշումը հաստատման է ներկայացվելու   Ազգային ժողովի հատուկ նիստում:

Արդեն Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խտրականությունն անտեղի է, քանի որ պարետատան պահանջները չեն պահպանել ո՛չ քաղաքացիները, ո՛չ կառավարությունը: Ըստ նրա՝ եթե կանոնները պահպանվեին, ապա արդեն հունիսի 3-ին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կնվազեր:

Մի քանի իրավաբաններ ու իրավապաշտպաններ Ազգային ժողովի դիմաց պահանջել են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։ Իրավաբանները պատգամավորներին կոչ են արել պահանջել վերացնել հավաքների սահմանափակումները։ Նրանք կանգնել են միմյանցից սոցիալական հեռավորության վրա և ընդգծել, որ չեն խախտել պարետի սահմանած որևէ սահմանափակում։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մինչեւ ոստիկանական կարգախմբերի ժամանելը գնացել էր եւ այնտեղ մնացած 4 ցուցարարից՝ Ռուբեն Մելիքյանից, Ռոբերտ Հայրապետյանից, Արմեն Գալստյանից ու Բաբկեն Հարությունյանից ոստիկանները պահանջել են ցրվել։

Ավետիք Իշխանյանը նշել է, որ ինքը որպես դիտորդ է այդտեղ գտնվում։

Իրավաբաններին ի վերջո բերման են ենթարկել:

Ավելի ուշ ոստիկանության բաժնի մոտից բերման են ենթարկվել ի պաշտպանություն արդեն իսկ բերման ենթարկված իրավաբանների՝ այնտեղ հավաքված հասարակական քաղաքական մի շարք գործիչների՝ այդ թվում Արսեն Բաբայանին եւ Արթուր Դանիելյանին։ Ոստիկանները բարձրախոսով նախ երեք րոպե ժամանակ են տվել հավաքվածներին, որպեսզի դադադարեցնեն ակցիան, հավաքվածները հրաժարվեցին հեռանալ, ինչից հետո ոստիկանները սկսել են հավաքվածներին բերման ենթարկել։

Ի դեպ, երբ Ռուբեն Մելիքյանը դուրս է եկել բաժնից եւ տեղեկացել է բերման ենթարկվածների մասին, վերադարձել է ոստիկանություն՝ նրանց իրավունքները պաշտպանելու:

Ակնհայտ է, որ 90 օր արտակարգ դրության ժամանակ հիմնականում սահմանափակվել են քաղաքացիների քաղաքական իրավունքները, ոստիկանության բակում լրագրողներին հայտարարել է դաշնակցական  գործիչ Արծվիկ Մինասյանը, որը նույնպես եկել էր՝ ի նշան իրավաբանների բերման ենթարկվելու դեմ բողոքի։

«Ինձ ստիպել են այստեղ գալ իշխանությունների հակապետական գործողությունները, արտակարգ դրության երկարացումը եւ մտահոգ քաղաքացիներին բերման ենթարկելը»,-  նույն վայրում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Որքան եք իրավաչափ համարում, որ ոստիկանն ու քաղաքացիական հագուստով քաղաքացին Սպիտակում բերման են ենթարկում կնոջը, երբ նա դիմակով է, արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է ԼՀԿ  պատգամավոր Աննա Կոստանյանը: Եթե բերման են ենթարկել, իմ կանխավարկածն այն է, որ դրա համար ունեցել են բավարար հիմքեր, ասել է վարչապետը:

«Բրևիս» հանրային կարծիքի հետազոտության կենտրոնի տվյալով՝ Հայաստանում մարդկանց 12.3%-ը կորցրել է աշխատանքը արտակարգ դրության ընթացքում։ Աշխատող մարդկանց եւս 27.5%-ն անցել է հարկադիր պարապուրդի։ Ընդ որում՝ ամենաշատը տուժել են շինարարության ոլորտում աշխատողները։ Հարկադիր պարապուրդում գտնվողների մեջ երկրորդ տեղում են արդյունաբերության ոլորտում աշխատողները՝ 38.2%։

Վաղն ունենք 10 բժշկի այց հատուկ չվերթով Ֆրանսիայից, Լիտվիայի կառավարությունն է մեզ պատրաստ օգնել, հավանաբար մյուս շաբաթ կայցելեն, Ռուսաստանից մոտ հիսուն մասնագետ ցանկացել է օգնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հունիսի 12-ին ժամը 10-ի սահմանում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ նրա մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ մի երիտասարդ հովիվ է Ադրբեջանից փախել Հայաստան:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։ Կուսակցի շիրմին նախկին նախագահն այցելել է նրա ծննդյան օրվա առթիվ, անվանի գործչի որդու` Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցույամբ։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.18 դրամով ու  հասել 481.79 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.64 դրամով ու կազմել  545.53 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.89 դրամով ու կազմել 609.42 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով  ու կազմել 6.93 դրամ։

Հունիսի  13-17-ը երկրի հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում տեղումներ չեն կանխատեսվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 18-20 աստիճան զրոյից բարձր, վաղը ցերեկը 32-34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ