News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Առաջնագծում այսօր ամենալարվածը Մարտունու ուղղությունն էր։ Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագծում թեժ մարտեր են ընթացել,  այս ուղղությամբ մեր անտառներում ու ձորերում՝ ՊԲ ստորաբաժանումներն ու ամավորականները ոչնչացրել են թշնամական ահաբեկչական խմբավորումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու զրահապատ ավտոշարասյուն:

Գիշերը հայկական զորքերը պաշտպանական մարտեր են վարել արևելյան,  հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, Պաշտպանության բանակի ուժերը մարտավարական նկատառումներով հետ են քաշվել՝ զբաղեցնելով առավել նպաստավոր բնագծեր: Հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին  հասցվել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել:

Արդեն երկրորդ օրն է՝ լարված է նաև հյուսիսարևմտյան՝ Քարվաճառի ուղղությունը։ Այսօր ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր ոչնչացված զինծառայողների դիերը: «Սակայն հայկական կողմի հրանոթային եւ ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով եւս երկու դի: 10 րոպե անց նույն ուղղությամբ 30 հոգանոց խումբ է հարձակման փորձ արել, սակայն հայկական ստորաբաժանումների հակահարվածով, կասեցվել է, հակառակորդը կորուստներ կրելով, նահանջել է: Մեկ ժամ անց հավաստանշելով թշնամու կուտակման փորձերը,  ոչնչացվել է հակառակորդի 4 զինծառայող:

Բերդաքաղաք Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ: Թշնամին այստեղ օգտագործել է կասետային ռումբեր: Լուսադեմին հակառակորդը կրակ է բացել նաև «Սմերչ» կայանքից՝ Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։

Արցախի Հանրապետության տարածքում  հայտնվել է թշնամական  ուժերի կողմից արձակված  նոր զինատեսակ։ Այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։

Այսօր նույնպես ադրբեջանական կողմը հայկական ստորաբաժանումների ուղղությամբ հրետանային կրակ վարելիս վրիպել ու հարվածել Իրանին։ Արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածքում:

Ռուսաստանի նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման հարցը: «Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 2-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Համակողմանիորեն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտության գոտում առանց արդյունավետ վերահսկողական միջոցառումների մասին պայմանավորվածությունների դժվար է հասնել կայուն հրադադարի: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք աշխատում ենք այս ուղղությամբ՝ բոլոր մակարդակներում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործնականում ամեն օր միջնորդական ջանքեր է նախաձեռնում` ուղղված իրավիճակի կարգավորմանը: Նրա նախաձեռնությամբ հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակի ավարտին պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար զինադադարի մասին: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, այդ թվում` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող գործընկերների հետ, որպեսզի այս համաձայնագիրն ամբողջությամբ գործի: Զուգահեռաբար առաջարկում ենք քաղաքական կարգավորման հնարավոր տարբերակներ: Հուսով ենք, որ ի վերջո Բաքվում եւ Երեւանում կգերակշռի կառուցողական մոտեցումը, ռազմական գործողությունները կդադարեն եւ ղարաբաղյան գործընթացը կվերադառնա քաղաքական ուղի»,– ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ Մոսկվային անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ինտերնացիոնալացումը եւ Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց կարողությունները՝ կանխելու համար վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի: Այս թեման, մասնավորապես, բարձրացրել է Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների (նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի) հետ կանոնավոր շփումներում: Համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ մղել մեր դիրքորոշումը»:

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում որոշ մշակումներ են արվել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Դրանք հիմա քննարկվում են: Ըստ նրա՝ դեռ վաղ է խոսել Փաշինյանի ու Ալիեւի հանդիպման մասին:

ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը զգուշացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անխնա հարձակումները կարող են ռազմական հանցագործությունների հավասարեցվել: «Ես մեկ անգամ եւս կոչ եմ անում Հայաստանին եւ Ադրբեջանին դադարեցնել կասետային ռումբերի օգտագործումը, ապաքաղաքականացնել մարդու իրավունքների եւ հումանիտար հասանելիությունը, այդ թվում նաեւ իմ թիմերի, հակամարտությունից տուժած բոլոր տարածքներ»: Բաչելետը նաեւ լուրջ մտահոգություն է հայտնել այն տեսանյութերի վերաբերյալ, որոնցում ադրբեջանցի զինվորականները սպանում են գերեվարված երկու հայերի:

Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա են արել արցախվի կանայք։ Նրանք ծաղկեպսակ ու դագաղ են բերել գրասենյակի մոտ՝ դրանով իրենց բողոքը հայտնելով թուրք-ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ ՄԱԿ-ի անտարբերության դեմ:

ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները որոշել են Երեւանի քաղաքապետի եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարների մեկ տեղակալի հաստիք ավելացնել։ Նրանք ռազմական դրության շրջանում կգլխավորեն համայնքներում ձեւավորված աշխարհազորը:

Հայաստանը մերժել է մարդասիրական օգնության Իսրայելի առաջարկը։ Jerusalem Post-ի հետ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը, ըստ էության, հիմա գտնվում են նույն կողմում: Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո նախագահ Ռիվլինը զանգահարել էր իր հայ պաշտոնակցին և առաջարկել մարդասիրական օգնություն: «Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»,– ասել է Փաշինյանը, ընդգծելով, որ Թուրքիայի «կայսերապաշտական հավակնությունների» թիրախում Իսրայելի հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է:

Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարել։ Երկուշաբթի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում քաղաքի 6 կետերում, այդ թվում՝ սինագոգի մոտ, տեղի է ունեցել հրաձգություն։ Մահացել է 4 մարդ, 20–ից ավելին վիրավորվել են։ Հրաձիգներից մեկին ոստիկանները վնասազերծել են, նա «Իսլամական պետության» հետեւորդ էր։ Երկրով մեկ շուրջկալներ են՝ ծայրահեղականների հայտնաբերման նպատակով։ Հիշեցնենք, որ Ավստրիայի կանցլեր Կուրցը եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կոշտ քննադատության էին ենթարկել Թուրքիայի նախագահին. Շատ վերլուծաբանների համոզմամբ, Էրդողանն է կանգնած Ֆրանսիայում ու Ավստրիայում տեղի ունեցող բռնարարքների հետևում։

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 1328 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 94776 դեպքի: Այս պահին բուժվում է 35381 պացիենտ: Մահացել է 29 COVID-19-ով վարակված 29 մարդ, նրանցից 7-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահացածների ընդհանուր թիվը 1796 է։

Եվ օրվա լուսանկարը. Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Հրայր Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից ներբեռնել եւ հրապարակել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոսի լուսանկարը եւ գրել. «Մեր Սրբազանը»:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.10 դրամով ու կազմել  493.66 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.55 դրամով ու հասել 577.34 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.82 դրամով ու հասել 641.31  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու կազմել 6.20 դրամ:

Նոյեմբերի 4-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երեւանում եւս վաղը տեղումներ չեն սպասվում։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 8-10, վաղը ցերեկը 18-20 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ