Թիվ 76 երթուղայինը սպասարկող ընկերությունը դատական կարգով բողոքարկել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումը` վերջինիս գործունեությունը կասեցնելու հետ կապված: Այս մասին այսօր` հունիսի 7-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

«Դատական գործընթացի ընթացքում քաղաքապետի որոշումը կասեցվում է առժամանակ: Քանի դեռ գործը վարույթ է վերցված, այդ համարի երթուղայինի գործունեությունը չի կասեցվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի որոշմամբ, մայիսի 20-ից լուծված են համարվում թիվ 76 եւ 69 երթուղիները սպասարկող ընկերությունների հետ կնքած պայմանագրերը, եւ վերջիններս նույն օրվանից զրկվել են տվյալ երթուղիները սպասարկելու իրավունքից:

Որոշումը կայացվել է քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա։ Մասնավորապես՝ թիվ 76 երթուղին սպասարկող ընկերության վարորդները ուղեւորներից գանձել են 200 դրամ ուղեվարձ, ինչը ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի խախտում է: Նշենք, որ մայիսի 17-ին 76 համարի երթուղին սպասարկող «Գազելը» խոշոր ավտովթարի էր ենթարկվել Արցախի փողոցում, որի հետեւանքով մահացել էր 4 մարդ: