ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո մտադիր է վարչակազմում նոր կադրային փոփոխություններ կատարել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ընդհանուր առմամբ գոհ է իր թիմից։

«Ես սիրում եմ իմ նախարարների կաբինետը։ Կարծում եմ՝ նրանք լավն են։ Բայց հնարավոր է՝ մի քանի փոփոխություն կատարեմ», — ասել է Թրամփը CBS News հեռուստաալիքի «60 Minutes» հաղորդմանը տված հարցազրույցում։

Լրագրող Ռոս Դութաթի այն հարցին, թե արդյոք պատրաստվում է որևէ մեկին պաշտոնանկ անել այն բանից հետո, երբ հանրապետականները կորցրել են վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ, Թրամփը պատասխանել է. «Այո՛, պատրաստվում եմ։ Մի քանիսին»։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հասկացրել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն առայժմ կարող է չանհանգստանալ հնարավոր պաշտոնանկության առնչությամբ։

Ավելի վաղ CBS News-ը հայտնել էր, որ այս շաբաթ Թրամփը խորհրդականներին հարցրել է՝ արդյոք Պենտագոնի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել։ Հարցազրույցում ուղիղ հարցին, թե արդյոք վստահում է Հեգսեթին, ԱՄՆ նախագահը դրական պատասխան է տվել։

Անդրադառնալով իր վարչակազմի ձեռքբերումներին՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաղթել է երկու պատերազմում։ Նա հիշատակել է Վենեսուելան՝ հավելելով, որ ԱՄՆ-ն այնտեղից արդեն միլիարդավոր դոլարների ակտիվներ է ստացել։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն ակնկալում է ավելի շատ միջոցներ ստանալ։

Հնարավոր պաշտոնանկությունների մասին հայտարարությունները հնչել են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի հեռանալու ֆոնին։ Ուրբաթ Թրամփը հայտարարել է, որ նրան կփոխարինի Սթիվեն Միլլերը։

CBS News-ի տվյալներով՝ Ուայլսը հրաժարականի դիմում է ներկայացրել հինգշաբթի, իսկ նրա հեռանալը կապված է միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտության հետ։