News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանին չընտրելով վարչապետի պաշտոնում եւ թողնելով նրան որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ ենթադրյալ հանցախումբը հանցագործությունը հասցրեց ավարտին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում տապալվեց 2018 թվականին ընտրված օրինական իշխանությունը։ Այս ամենն արվեց կանխամտածված, կազմակերպված գործողություններով, ենթադրյալ հանցախմբի անդամների միջեւ դերերի հստակ բաժանմամբ՝ կոնկրետ գործողություններով եւ անգործությամբ։

Երկրորդը, արձանագրված է փաստ, որ Ազգային ժողովն արդեն երկրորդ անգամ չի ցանկանում Նիկոլ Փաշինյանին տեսնել վարչապետի պաշտոնում։ Հետեւաբար մարդը, որն Ազգային ժողովում ունի ընդամենը մեկ կողմ ձայն՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար, ոչ մի պարագայում իրավունք չունի վարչապետի լիազորություններն ամբողջ ծավալով կատարելու։ Նա կարող էր այդ լիազորությունները կատարել՝ Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելելու պարագայում։ Այսօր Կառավարության ղեկավարի լիազորությունները կատարում է մի մարդ, որն Ազգային ժողովում ստացել է ընդամենը մեկ կողմ ձայն»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ մեկ վայրկյան շուտ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը պետք է դադարեցվի.

«Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ պաշտոնավարելու 2021 թվականի ապրիլի 25-ից, երբ նա ներկայացրել էր իր հրաժարականը. նախագահի աշխատակազմը հրապարակել է նրա դիմումները, նշված է՝ խնդրում եմ՝ ընդունեք իմ հրաժարականը վարչապետի պաշտոնից։ Նախագահը հրամանագիրն ընդունել է այդ դիմումի հիման վրա, այսինքն՝ նա նախագահի հրամանագրի ստորագրումից հետո այլեւս պաշտոնավարելու իրավունք չուներ»։

Ղազարյանը նշեց, որ Հայաստանում այսօր կատարյալ անիշխանություն է. «Չունենք Ազգային ժողով, Կառավարություն, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ չունենք, չունենք Սահմանադրական դատարանի նախագահ. Հայաստանում իշխանության  3 թեւերը գոյություն չունեն։ Դա հայ ժողովրդի թշնամիների երազածն է, միայն թշնամիները կարող էին մեր պետությանը, ժողովրդին հասցնել այս վիճակին»։

Էդգար Ղազարյանի դիտարկմամբ՝ իր նշած ապօրինության առնչությամբ քրեական գործի հարուցումը որեւէ պարագայում չպետք է կապել քաղաքական գործընթացների հետ, որովհետեւ Դատախազությունը, քննչական մարմինները Սահմանադրությամբ անկախ մարմիններ են եւ պարտավոր են իրենց պարտականությունները կատարել. «Կապ չունի այդ անձը պաշտոնավարում է, թե՝ ոչ։ Ունենք պրակտիկաներ, որ քրեական գործեր են հարուցվել, մեղադրանքներ են առաջադրվել նաեւ գործող բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «այս օրը մեր ամենամեծ հաղթանակն է» այսօրվա հայտարարությանը՝ Էդգար Ղազարյանն արձագանքեց.

«Չգիտեմ՝ ինչն է հաղթանակ կամ պարտություն համարում։ Ինքը գուցե նոյեմբերի 9-ի իր ստորագրած հայտարարությունը նույնպես հաղթանակ է համարում։ Եթե ադրբեջանական շահերի տեսանկյունից ենք նայում, գուցե իր գործողությունները հաղթանակ են, բայց Հայաստանի համար նրա գործողությունները ողբերգություն են»։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չի ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվեց։

Նշենք, որ ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել վարչապետի պաշտոնից։ Քաղաքական ուժերի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ երկու անգամ խորհրդարանը նոր վարչապետ չպետք է ընտրեր, եւ Հայաստանում կազմակերպվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին։

Տպել
Ամենաշատ