
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել, որը ստացել է «դելտա պլյուս» անվանումը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Hindustan Times-ը:
Մահարաշտրա նահանգի չորս շրջաններում՝ Սինդհուդուրգում, Ռատնագիրիում, Պալգարում եւ Ջալգաոնում, հայտնաբերվել է շտամի նոր տարբերակով (B.1.617.2.1) վարակվածության ընդհանուր 20 դեպք: Նմուշներն ուղարկվել են գենոմի հաջորդականացման՝ մուտացված վիրուսի համաճարակաբանական բնութագրերն ուսումնասիրելու համար:
Առողջապահության պետական նախարար Ռաջեշ Թոփը, չնայած հաստատել է CSIR-IGIB-ի (Գենոմիկայի եւ ինտեգրացիոն կենսաբանության ինստիտուտ) գենոմի հաջորդականության մասին զեկույցի ստացումը, սակայն հրաժարվել է հարցը քննարկել մինչեւ երկուշաբթի:
«CSIR-IGIB-ը զեկույց է պատրաստել, որը հիմնված է նահանգների բոլոր շրջաններից կորոնավիրուսով հիվանդներից հավաքված նմուշների վրա... Զեկույցի բովանդակությունը կքննարկվի երկուշաբթի կայանալիք նիստին եւ եզրակացություններ կարվեն...»,- ասել է նա:
Մարտի վերջին Հնդկաստանում կրկնակի մուտացիայով կորոնավիրուսի նոր տարբերակ էր հայտնաբերվել, որը հայտնի է նաեւ որպես B.1.617: Այս տարբերակն ավելի վարակիչ է, քան «սովորական» SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Չինաստանի Ուհան նահանգում անցյալ տարվա սկզբին: Դրանից առաջ հայտնի դարձավ կորոնավիրուսի «բրիտանական» եւ «բրազիլական» տարբերակների մասին, որոնք նույնպես տարբերվում էին բարձր վարակելիությամբ՝ Ուհանի COVID-19-ի համեմատ: