Կրիկետը եւ գոլֆը ազգային սպորտաձեւեր են Անգլիայում: ԱՄՆ-ում դա բեյսբոլն է: Արգենտինայում եւ Ֆրանսիայում` ֆուտբոլը: Հայաստանում նույնպես ֆուտբոլը, բայց մի քիչ փոխաբերական եւ ավելի վատ իմաստով:

Փորձե՞լ եք երբեւէ գործ ունենալ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների եւ գերատեսչությունների հետ, որոնք տրամադրված են ամեն կերպ խուսափել իրենց պարտականությունների կատարումից: Քաղաքացին ակնթարթորեն վերածվում է ֆուտբոլի գնդակի, որին «դարպասապահները» միմյանց են փոխանցում մեծ կրքով եւ ոչ պակաս հաջողությամբ:

Հենց այսպիսի խնդրի են բախվել Երեւանի Ներքին Շենգավիթ 7-րդ փողոցի բնակիչները: Մի քանի ամիս առաջ փողոցի մեջտեղում սպառնալի չափերով ու տեսքով փոս էր գոյացել:

«Տեսեք, կողքին դիտահոր է: Ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ: Աշխատողները եկան, ինչ-որ բան մաքրեցին, ինչ-որ բան դուրս քաշեցին ու գնացին, եւ սկսվեց, հողը սկսեց նստել: Դիմեցինք «Վեոլիա»-ին (ընկերություն, որը մենաշնորհ ունի ջրամատակարարման եւ կոյուղու ոլորտում)` զրո արձագանք: Դիմեցինք համատիրությանը՝ նույնը: Չգիտենք ինչ անել»,- դժգոհում են բնակիչները:

Մինչ փողոցի բնակիչները փորձում են քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, փոսը մեծացել ու լայնացել է, եւ այժմ այն արդեն լուրջ վտանգ է ներկայացնում փողոցով անցնող մեքենաների եւ հետիոտների համար: Ինչպես երեւում է լուսանկարներում, փոսից մի քանի փոքր փոսիկներ են «բողբոջել», ինչը թույլ է տալիս մտածել շատ ավելի մեծ խնդրի մասին, քան տեսանելի է անզեն աչքով: Փոսից կես մետր հեռավորությամբ բնակելի շենք է...

«Արդեն մի քանի մեքենաներ են տուժել: Իսկ ինչ կլինի ձմռանը: Իսկ եթե մարդը չտեսնի՞: Մենք վախենում ենք երեխաներին դուրս թողնել»,- շարունակվում է բողոքների տարափը:

Եւ մինչ գերատեսչությունները «ֆուտբոլ» են խաղում, փոսն ավելի ու ավելի է մեծանում: