Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերլուծել է Կազանում հունիսի 24-ին իր նախաձեռնած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության շուրջ, եւ առաջիկայում որոշում կընդունի այդ ուղղությամբ: Այդ մասին հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը նկատել է, թե Ռուսաստանի նախագահը հանդես է եկել որպես միջնորդ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համաձայնությամբ եւ աջակցությամբ:

Ինչ վերաբերում է բանակցությունների ձեւաչափին, Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով, դրա փոփոխումը արդյունավետ չի լինի:

«Կարծում ենք` այսօր մոտեցել ենք մի իրավիճակի, երբ անհրաժեշտ է որոշումներ կայացնել»,- ամփոփել է Լավրովը:

Կազանում հունիսի 24-ին կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: