News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշել է մերժել Վանաձոր համայնքի ՏԻՄ 05․12․2021 թվականի թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թ․ վճռի դեմ հայցվոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունում։  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առավել շատ ձայն ստացած  «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ֆեյսբուքյան էջից։ 

«Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թվականի վճռի դեմ այն պարագայում, երբ այն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, հետեւաբար, հիմք ընդունելով Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, եզրահանգում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման։

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց Վանաձոր համայնքի ՏԻՄ 05․12․2021 թվականի թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թ․ վճռի դեմ հայցվոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել։  

Հետեւաբար կարելի է արձանագրել, որ այլեւս ավագանու նիստ հրավիրելու եւ համայքի անտերությանն ու անիշխանությանը, կոլապսային այս վիճակին վերջ տալու խոչընդոտ եւ արգելք չկա։


ՏԻՄ չձեւավորելու հետեւանքով համայքը կրում է թե՛ ֆինանսական,թե՛ կազմակերպական, թե՛ ծառայությունների մատուցման հետ կապված տարաբնույթ վնասներ։

Ի շահ մեր համայնքի մենք պարտավոր ենք օր առաջ ձեռնամուխ լինել տեղական իշխանության ձեւավորմանը եւ բոլոր շահագրգիռ ուժերի հետ միասին համայնքը հանել այս ծանր վիճակից»,– ասվում է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, սակայն այն չկայացավ: Դատարանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:

Բացի այդ, ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում էր, որ նիստն իրավազոր չէ:

Դեկտեմբերի 5–ին ՏԻՄ ընտրություններում առավել շատ ձայն ստացած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը հայտարարել էր, որ իշխող ուժն այդ որոշումով փորձում է խլել վանաձորձու քվեն, որին աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ 

ԼՀԿ–ին անցողիկ շեմը հաղթահարելու համար պակասում էր 10 ձայն։ ԼՀԿ–ն վերահաշվարկի պահանջով դիմել էր Տարածքային ընտրական հանձնաժողով, սակայն ոչ մի փոփոխություն չէր գրանցվել վերահաշվարկի արդյունքում։  Ապա  «Լուսավոր Հայաստանը» դիմել էր Վարչական դատարան՝ ավագանիում մանդատներ ունենալու իրավունքը պաշտպանելու նպատակով,  բայց դատարանը մերժել էր այն, ինչից հետո էլ ԼՀԿ–ն բողոք էր ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան։ 

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5-ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է  (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ),  եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:

Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։

Տպել
Ամենաշատ