Երեւանի Զաքյան 4 շենքի մոտ օգոստոսի 2-ին հրազենային կրակոցներից մահացած Ռուսաստանի քաղաքացի 46-ամյա Խաչիկ Գալոյանի սպանության գործով կասկածյալը ձերբակալվել է:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` սպանությունը տեղի է ունեցել վրեժխնդրության հողի վրա: Մոտ մեկ տարի առաջ սպանվել էր կասկածյալի որդին, հնարավոր է` այս երկու սպանությունները կապված են իրար հետ:

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի հետ զրույցում, հաստատեց, որ սպանությունը բացահայտվել է, կա ձերբակալված անձ, իսկ դեպքին առնչվող մանրամասները լրացուցիչ կհայտնեն:

Նշենք, որ օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ասել էր, որ դեպքի մանրամասները տանում են ՌԴ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ոստիկանության Կենտրոնի բաժնում օգոստոսի 2-ին ժամը 21.16 հաղորում է ստացվել, որ Զաքյան 4 շենքի մոտ սպանություն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ հրազենային կրակոցներից սպանվել է ՌԴ քաղաքացի 46-ամյա Խաչիկ Գալոյանը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 5 պարկուճ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Տղամարդու մահը վրա էր հասել հրազենային մի քանի կրակոցների հետեւանքով: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Սպանվածը ռուսաստանցի գործարար էր եւ Տուապսե քաղաքում զբաղվել է բետոնի արտադրությամբ: