Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը օգօստոսի 14-ին ավարտված 19-րդ արտահերթ Պատգամավորական Ժողովի ընթացքում որոշում է կայացրել կուսակցության շարքերից վտարել Էդվարդ Անտինյանին: Համագումարը միաձայնությամբ ՀՌԱԿ ատենապետ է ընտրել Հարություն Առաքելյանին:
ՀՌԱԿ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ ՀՌԱԿ ատենապետի ընտրությունը ՀՌԱԿ Կարգապահական Ատյանը գրություն էր ուղարկել ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Պատգամավորական Ժողովի պատգամավորներին, որում ներկայացվել են Էդվարդ Անտինյանի վերջին ամիսների իրականացրած անօրինականությունները:
Մասնավորապես նշվել է, որ վերջինս կեղծ տեղեկություններ է տրամադրել ոստիկանությանը, իբր կորել է կուսակցության կլոր կնիքն ու պետռեգիստրի վկայականը, «երբ քաջ գիտեր, որ եւ կնիքը, եւ վկայականը գտնվում են ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Պատգամավորական Ժողովի ատենապետ, ՀՌԱԿ ատենադպիր Կարեն Կակոյանի մոտ: Փաստորեն ցանկանում էր խաբել ոստիկանությանը»:
ՀՌԱԿ-ի փոխանցմամբ, Էդվարդ Անտինյանը միանձնյա որոշում է կայացրել եւ հայտարարել լրատվամիջոցներին, թե իբր փոխվել է ՀՌԱԿ Կենտրոնական գրասենյակի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն:
Գաղտանգողի փոխել է ՀՌԱԿ պաշտոնական կայքէջի գաղտնաբառերը, հանդես է եկել մամուլով, որտեղ տարածել է ապատեղեկատվություն, թե իբր իր ատենապետ դառնալուց հետո կուսակցության գործերի ընդունում ու հանձնում չի եղել` այն պարագայում, երբ ատենապության առաջին օրերից իր ստորագրությունն է հաստատված եւ տարածքային հարկային տեսչությունում եւ բանկային հաշիվներում, անձնական վիրավորական արտահայտություններով լեցուն հարցազրույցների մի ամբողջ շարքով է հանդես եկել Անտինյանը` տարբեր լրատվամիջոցներում վարկաբեկելով Հարություն Առաքելյանի, Կարեն Կակոյանի, ինչպես նաեւ կանխապես անօրինական համարել ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Պատգամավորական Ժողովը, այն պարագայում, երբ այդ Ժողովն է իրեն ընտրել ատենապետ, փորձել է ներքաշել իր խարդավանքների մեջ կուսակցության սփյուռքի ղեկավարությանը. մամուլում կեղծ լուրեր է տարածել, թե իբր սփյուռքի ղեկավարությունը աջակցում է իրեն, որն էլ խիստ բացասական գնահատականի է արժանացել վերջիններիս կողմից:
ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Պատգամավորական Ժողովը, վտարել է Էդվարդ Անտինյանին կուսակցության շարքերից` կուսակցությունը հետագա խարդավանքներից զերծ պահելու ակնկալիքով:



























