News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահ Միշելը շատ է ցանկանում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները նորից գան Բրյուսել։ Այս մասին ասել է ԵՄ-ի Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական APA գործակալության հարցազրույցում։

Նրա խոսքով՝ զարմանալի կլիներ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին լայնամասշտաբ պատերազմից երկու տարի անց ամեն բան նորմալ լիներ։ «Դա ժամանակ է պահանջում։ Կարեւոր է, որ Երեւանի եւ Բաքվի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու հակամարտության հետեւանքները։ Այս տեսակետից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիեւը հավատարիմ է այդ գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի։ Բայց նորից՝ դա ժամանակ է պահանջում եւ հեշտ գործընթաց չէ»,- ասել է Կլաարը։ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Եվրամիության համար երբեք չի եղել «բրյուսելյան գործընթաց մեկ այլ գործընթացի դեմ»։ «Պարզ ասած՝ մենք ցանկանում ենք աջակցել խաղաղությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ մեր դիրքորոշումն այս առումով միշտ եղել է այն, որ ով էլ որ լինի արտաքին ակտորը, եթե նրանք ցանկանում են աջակցել եւ շահագրգռված են դրանում, մենք ուրախ կլինենք աշխատել նրանց հետ եւ համակարգել նրանց հետ այդ գործընթացը։ Այս իմաստով մենք երբեք չենք ցանկացել որեւէ մրցակցային գործընթաց։ Որովհետեւ դա պարզապես մեր նպատակը չէ։ Նպատակն այն է, որպեսզի օգնենք Հայաստանին եւ Ադրբեջանին հաղթահարել հակամարտության հետեւանքները։ Իսկապես, հանդիպումներ Բրյուսելում ինչ-որ ժամանակ չեն եղել։ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մոտեցումն այն է, որ երկու ղեկավարների վերադարձը Բրյուսել, անշուշտ, կարեւոր նշանակություն կունենա։ Որովհետեւ խոսքը միայն Բրյուսելի մասին չէ. վերջին մի քանի ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ոչ մի հանդիպում չեն ունեցել։ Մենք կարծում ենք, որ նրանց համար իսկապես կարեւոր է մշտապես հանդիպել եւ աշխատել կարեւոր հարցերի շուրջ։ Ինչն էլ մենք տեսնում ենք Բրյուսելում։ Այնպես որ, այս իմաստով նախագահ Միշելը շատ է ցանկանում, որպեսզի ղեկավարները նորից գան Բրյուսել։ Մի քանի շաբաթ առաջ նա հանդիպել է ղեկավարների հետ Մյունխենում։ Ես Բաքվում եմ, եւ անցած շաբաթ Երեւանում էի այդ հանդիպումների առիթով։ Այժմ մենք սպասում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ամենամոտ ժամանակներս նորց հանդիպեն Բրյուսելում»,- ասել է Կլաարը։

Մեկնաբանելով ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հայտարարությունն այն մասին, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումն սպասվում է ամենամոտ ժամանակներս, Կլաարն ասել է, որ «փոքր-ինչ վաղ էր խոսել եռակողմ հանդիպման անցկացման մասին։ Ես չեմ կարծում, թե նա անգամ ասել է «մոտ ժամանակներս», այլ՝ «մոտ օրերս», եւ նորից՝ փոքր-ինչ վաղ էր խոսել այդ մասին։ Բայց եւ միաժամանակ, «մոտ ժամանակներս»-ը, մեր տեսակետից, իրական նպատակ է։ Մոտենում է Նովրուզը։ Ես հավատում եմ, որ դա նույնպես անպայման իր դերը կունենա այս գործընթացում։ Այնպես որ, ես չեմ սպասում, որ դա (եռակողմ հանդիպումը- խմբ.) տեղի կունենա մինչեւ Նովրուզը, բայց արդյունքում, իհարկե, մենք կարող ենք հանդիպում անցկացնել եւ կողմերին այն անցկացնելու պլատֆորմ տրամադրել։ Միեւնույն ժամանակ, նախագահ Միշելը կարող է ղեկավարներին հրավիրել եւ նրանց ժամանակ տալ։ Բայց, իհարկե, ամենից կարեւորը նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հանդիպելու, պայմանավորվածություն ձեռք բերելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ընդհանրապես Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու  ցանկությունն է»։

Այն ճշտմանը, թե «Մյունխենում նախագահ Ալիեւը եւ վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են ապագայում հաջորդ եռակողմ հանդիպման անցկացման մասին», ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը պարզաբանում է տվել, որ «հարցը, որը նախագահ Միշելը քննարկել է երկու ղեկավարների հետ, այն է եղել, թե ինչպես ընթացիկ պահից անցնել հանդիպման։ Սա թեմա է, որը ես քննարկել եմ Երեւանում եւ Բաքվում»։

«Երկու երկրների կառավարությունների համար կարեւոր է ցուցադրել թշնամանքի դարաշրջանի, հակամարտությունների դարաշրջանի ավարտը եւ հայտարարել գործընկերության եւ բարեկամության դարաշրջան սկսելու ձգտման մասին։ Դա հեշտ չի լինելու։ Եթե նայեք Եվրոպային եւ Ֆրանսիայի ու Գերմանիայի միջեւ հարաբերություններին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ապա ձեզ անհնար կթվա ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնք այժմ գոյություն ունեն ֆրանսիացիների եւ գերմանացիների միջեւ։ Ինչպես է տեղի ունենում ուսանողների փոխանակումը, ինչպես են մշտապես հանդիպումներ տեղի ունենում Ֆրանսիայի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ։ Բայց դա մեծ աշխատանք է պահանջել, առաջին հերթին՝ Փարիզի եւ Բեռլինի, Բոննի ղեկավարությունից։ Այդպես պետք է լինի նաեւ այստեղ»,- ասել է Կլաարը։ Ինչ վերաբերում է Մոսկվակի հետ «մրցակցությանը», Կլաարն առաջարկել է «հարցնել ռուսներին»։ «Մենք, մեր բոլոր ջանքերը ցուցադրելով, ջանացել ենք ընդգծել ռուսաստանցիներին, որ ԵՄ-ի համար սա մի ինչ-որ աշխարհաքաղաքական խաղ չէ։ Ինչպես սիրում է ասել տիկին Զախարովան։ ԵՄ-ի համար սա նշանակում է օգնություն մեր հարեւան Հայաստանին եւ Ադրբեջանին հակամարտության ժառանգությունը հաղթահարելու գործում։ Սա է մեր միակ շահը։ Հարավային Կովկասը գտնվում է ԵՄ-ի հարեւանությամբ, եւ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումն այս տարածաշրջանում համապատասխանում են մեր շահերին։ Որովհետեւ, որքան ավելի լավն են մեր հարեւանները, այնքան ավելի լավն ենք մենք, ամեն բան շատ պարզ է։ Ես ուրախ կլինեի, եթե Մոսկվայում եւս հասկանային, որ եթե մենք իրականում մեկ նպատակ ունենք, ապա կարող ենք լրացնել մեկս մյուսի ջանքերը, այլ ոչ թե դա դիտարկել որպես մի ինչ-որ մրցակցություն, ինչը չի մտնում ԵՄ-ի հեռանկարների մեջ»,- ասել է ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը։

Նա տեղեկացրել է, որ մի քանի շաբաթ առաջ հեռախոսազրույց է ունեցել փոխնախարար Գալուզինի հետ, նա նաեւ հանդիպել է Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ, անգամ եղել է Մոսկվայում 2022թ. սեպտեմբերին, քննարկումներ անցկացրել այս առիթով. «Այսինքն՝ շփումներ կան, ոչ շատ սերտ, ոչ շատ հաճախ ու խիտ, բայց կան։ Ես ունեմ նրանց հեռախոսահամարները, նրանք՝ իմ (ծիծաղում է)։ Մեկ անգամ եւս ընդգծում եմ, որ մեզ համար սա մի ինչ-որ աշխարհաքաղաքական խաղ չէ, սա կապված է երկու երկրներին օգնելու ցանկության հետ, եւ սա գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Կարծում եմ, որ ԵՄ-ի մասնակցության առիթով խիստ անհանգստանալու փոխարեն Ռուսաստանը եւս պետք է կենտրոնանա դրա վրա»։

«Մենք հավատում ենք, որ այս հակամարտությունը կարելի է հաղթահարել, հարցերը կարելի է լուծել. եւ մենք կարող ենք հասնել ամուր, կայուն խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Սա վերաբերում է նաեւ Բաքվի եւ արցախահայերի միջեւ հակամարտության ժառանգության կարգավորմանն այնպես, որպեսզի այն վերացվի։ Եվ մենք աշխատում ենք դրա համար։ Կառավարումն այն է, ինչը դուք կարող եք անել մի իրավիճակում, երբ չկան անհապաղ լուծման հեռանկարներ, բայց ես կարծում եմ, որ այստեղ մենք հեռանկարներ ունենք։ Կարծում եմ, որ թե՛ Բաքուն, թե՛ Երեւանն ունեն հակամարտության լուծման եւ վերացման պոտենցիալ, եւ մենք, իհարկե, ցանկանում ենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ՀՀ-ին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Ադրբեջանցի պատգամավորը եւ քաղաքագետն ազդարարել է  Տավուշում «կոմանդոսների գործողության» հնարավորությունը
Ռասիմ Մուսաբեկովն ազդարարել է կոմանդոսների գործողության հնարավորությունը Տավուշում...
Ինչո՞ւ պետք է ՌԴ-ն պահի մեր սահմանները, մենք պետք է պահենք. Երբ ՀԱՊԿ-ը ստեղծվում էր, ես ասացի՝ մի մտեք. Ագո
Եթե քո սահմանը դու չես պահում, դու սուվերեն չես...
Ոչինչ էլ չեք պայմանավորվելու, պատերազմ է լինելու, պետք է պատրաստվել. Արկադի Կարապետյան (ԱԳՈ)
Իսկ ադրբեջանցին կանգնա՞ծ է իր լեգիտիմ ահմաններին...
Ինքը վախեցած է, գնում, տեղի բնակիչներին էլ պատերազմով վախեցնում է. Արկադի Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
Ադրբեջանն ընդհանրապես, պարզ չէ՝ որտեղ է ձեւավորվել, մանավանդ իրենք…
Ամենաշատ