Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն: Նա այդ մասին հայտարարել է «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն փաստը, որ վերջին շրջանում  շատ է խոսվում իր վերադարձի հնարավորությունների մասին, որը կապվում է Պուտին-Մեդվեդեւ փոխատեղման հետ:

«Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եւ դա տեղի է ունենում Հայաստանի անկախության քսանամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկտվեն դրսից:

Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն, այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեեւ շատ մոտ եւ Հայաստանի համար շատ կարեւոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետեւյալ երեք գործոնները.

1. երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավվման բացակայությունը, եւ, որպես հետեւանք` փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը;

2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը;

3. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը:Այս երեք գործոնների առկայության պարագայում կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար:

Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն հանդիսանում», - ասել է Ռոբերտ Քոչարյանը: