
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատական եւ պահպանողական կուսակցության անդամները պնդում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկար հեռահարության զինամթերք ուղարկի Ուկրաինային, քանի որ Կիեւի վաղուց սպասված հակահարձակումը կարծես թե սկսվել է: Այս մասին գրում է Politico-ն։
Հինգշաբթի օրը Բայդենին ուղղված նամակում 10 հանրապետական եւ դեմոկրատ օրենսդիրներ կոչ են արել նախագահին հնարավորինս արագ կանաչ լույս տալ Ուկրաինա ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ուղարկմանը:
«Ուկրաինայում պատերազմը վերածվել է հյուծվածության հակամարտության։ Մենք կարող ենք եւ պետք է օգնենք դուրս գալ այս փակուղուց։ Տրամադրելով լրացուցիչ հնարավորություններ՝ մենք կարող ենք զգալիորեն մեծացնել հաղթանակի նրանց շանսերը, վերականգնել խաղաղությունը Եվրոպայում եւ ապահովել ավելի կայուն եւ բարեկեցիկ խաղաղություն»,-ասվում է նամակում։
300 կմ հեռահարությամբ ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարումն արդեն մի քանի ամիս է ՝ ինտենսիվ քննարկումների առարկա է ԱՄՆ-ում: Գրեթե մեկ տարի առաջ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վախենում էր, որ ATACMS-ի ուղարկումը կարող է հանգեցնել նրան, որ հակամարտությունն ի վերջո վերածվի Երրորդ համաշխարհային պատերազմի, քանի որ Ուկրաինան կարող է այդ զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար:
Ինքը ՝ նախագահ Ջո Բայդենը, վերջերս հասկացրել է, որ կարող է պատրաստ լինել ATACMS հրթիռներ ուղարկել։