Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը չի հեռարձակվում ՌԴ տարածքում ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 2-ին ասել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ այդ գումարները Հանրային հեռուստատեսությունը պահելու համար 2024թ. բյուջեի նախագծում պարզապես նախատեսված չեն։ «Համապատասխան միջպետական համաձայնագրի ստորագրումից հետո հայկական կողմը սկզբում փորձեց ձեռնարկել որոշակի քայլեր այդ ուղղությամբ։ Բայց հետո պարզվեց, որ ունիվերսալ լիցենզիա դրա համար չկա, եւ որ նման բան ռուսաստանյան օրենսդրությունում նախատեսված չէ»,- ասել է Մովսիսյանը։
Մոտավոր հաշվարկները ցույց են տվել, որ ՌԴ-ում հեռարձակման համար հայկական կողմը ամսական 25 հազար դոլարի կարիք կունենա։ «Գովազդից ստացվող միջոցներով նման ֆինանսավորում ապահովելը պարզապես անհնար է։ Գովազդային եկամուտները թույլ են տալիս միայն ապահովել հեռուստաալիքի տեխնիկական թարմացումը, ոչ ավելին»,- նշել է Մովսիսյանը։