Ադրբեջանի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է «Նախկին նախագահների կարգավիճակի մասին» օրինագիծը։ Դրանում խոսք է գնում Ադրբեջանի նախկին նախագահների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության ու անվտանգության մասին, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: Աղբյուրը հայտնում է, որ Ազգային ժողովի պետականաշինության և իրավական քաղաքականության ենթակոմիտեի նախագահ Ալի Հուսեյնովը նշել է, որ նախկին նախագահների եւ նրանց ընտանիքի անդամների անվտանգության ապահավման համար ծառայողական մեքենա եւ թիկնապահ է հատկացվելու:

Քննարկման ժամանակ պատգամավոր Վահիդ Ադմեդովը պահանջել է Ալի Հուսեյնովից հստակ նշել, թե արդյոք վերոնշյալ օրինագիծը վերաբերվելու է նաեւ Այազ Մութալիբովին եւ Աբուլֆազ Էլչիբեին: Հարցին պատասխանել է խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը են նշել, որ օրինագիծը վերաբերվում է նաեւ նրանց երկուսին:

Ազադլըգը հայտնում է, որ քննարկման ժամանակ իշխող «Յենի Ազերջայջան» կուսակցության մի շարք անդամներ եւ իշխանամետ ուժեր առաջարկել են չընդգրկել Այազ Մութալիբովին նախկին նախագահների վերաբերյալ օրինագծում: Միաժամանակ մի շարք պատգամավորներ խստորեն քննադատել են այդ առաջարկությունը: Ի վերջո, 3 դեմ եւ հարյուր կողմ ձայնով օրինագիծը ընդունվել է:

«Այազ Մութալիբովի` նախկին նախագահի ճակատագրի հետ կապված հարցի քննարկումը կապված է Բաքու-Շիրվանյան եւ Նախիջեւանյան կլանների միջեւ առկա հակասությունների հետ: Որդու մահից հետո Բաքու ժամանեց Մութալիբովը, այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ նրա հարաբերությունները Փաշաեւների հետ բավական ջերմ են: Իսկ դա նպաստում է Փաշաեւների դիրքերի ամրապնդմանը, քանզի գաղտնիք չէ, որ նրանք 2013-ին նախագահական պաշտոնը զբաղեցնելու լուրջ ծրագրեր ունեն: Այդպիսով նրանք ստանում են միակ ողջ մնացած նախկին նախագահի` Այազ Մութալիբովի օժանդակությունը: Իսկ նախիջեւանյան կլանի ներկայացուցիչները ջանքեր էին գործադրում դա բացառելու համար: Սակայն, ի վերջո, հաղթանակ տարան Փաշաեւները» եզրափակում է «Ազադլըգը »:

Նշենք, որ «Նախկին նախագահների կարգավիճակի մասին» օրինագիծը բաղկացած է 12 կետից։ Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ «նախկին նախագահ» են համարվում այն անձինք, ովքեր զբաղեցրել են Ադրբեջանի նախագահի պաշտոնը, նախագահի պաշտոնը զբաղեցրած և կյանքից հեռացածները, ինչպես նաև այն անձինք, որոնց լիազորությունները չեղյալ են հայտարարվել Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն։

Փաստաթուղթը ենթադրում է պետության նախկին ղեկավարներին ու նրանց ընտանիքների անդամներին բժշկական, նյութական ու սոցիալական ապահովում։ Նախկին նախագահների թոշակը հավասարեցվելու է այդ պաշտոնում նրանց ամսական աշխատավարձի 50 տոկոսին։ Նախկին նախագահի մահվան դեպքում այդ վճարումները ստանալու է նրա կինը, իսկ վերջինիս մահվան դեպքում՝ երեխան (մինչև չափահաս դառնալը)։

Հիշեցնենք նաեւ, որ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել էր, որ հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել: Նա նաեւ նշել էր, որ դա կախված է այն բանից, թե արդյոք ժողովուդը կցանկանա օժանդակել իրեն առաջիկա ընտրությունների ժամանակ: Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը լուրջ քննարկումների տեղիք է տվել երկրում, մասնավորապես մի շարք կլանների միջեւ պայքար է սկսվել նախագահի պաշտոնի համար: Հավանական թեկնածուների շարքում է Մեհրիբան Ալիեւան, ինչպես նաեւ Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը: