Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունն ուժեղանում է` կապված 2013-ի նախագահական ընտրությունների հետ. ակտիվորեն քննարկվում է առաջիկա նախագահի թեկնածու հարցը, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը եւ ներկայացնում նոր մանրամասներ Նախիջեւանյան կլանի` վերջերս Գաբալայում կայացած հանդիպման մասին:

Թերթը նշում է, որ Նախիջեւանյան կլանի գլխավոր ներկայացուցիչները` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը, Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը եւ Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը քննարկել են Իլհամ Ալիեւին փոխարինելու եւ իրենց համար շահավետ թեկնածուի հարցը: «Եթե Մեհրիբան Ալիեւան զբաղեցնի նախագահի պաշտոնը, ապա դա աղետալի հետեւանքներ կունենա Նախիջեւանյան կլանի համար»,-նշում է թերթը: Այդ իսկ պատճառով, «Եռյակը» այլընտրանքային տարբերակ է փնտրում Իլհամ Ալիեւին: Նրանցից ավելի հավանական է համարվում Քեմալադին Հեյդարովի թեկնածությունը:

«Այսպիսով, շուտով պարզ կլինի նաեւ, թե ինչպես է Իլհամ Ալիեւը վերաբերվում այդ խնդիրներին: Այդ ժամանակ էլ Արտակարգ իրավիճակների նախարարը կարող է հայտնվել ծանր իրավիճակում»,-եզրակացնում է «Ազադլըգը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար ներքին պայքարը նոր երանգներ է ստանում, հատկապես, որ Իլհամ Ալիեւը վերջերս խուսափողական եւ ոչ հստակ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ:

Մասնավորապես, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել էր, որ հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել:

Դա լրջորեն անհանգստացրել էր Նախիջեւանյան կլանի ներկայացուցիչներին (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւ, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարով եւ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբով), ովքեր առանձին հավաք էին կազմակերպել Ադրբեջանի Գաբալա շրջանում: Պատճառն այն է, որ նման պայմաններում Մեհրիբան Ալիեւայի իշխանության գալը դառնում է շատ հավանական եւ իրականանալի, իսկ Նախիջեւանյան կլանը ցանկանում է կանխել դա: