Հունաստանում, ըստ երեւույթին, արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Ընտրությունների ամսաթիվ է նշանակվել փետրվարի 19-ը: Քվեարկությունը կայացել է միայն Աթենքի կողմից ԵՄ ֆինանսական օգնության փաթեթը հաստատվելուց հետո:
Նախօրեին Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն համաձայնել էր հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից`կապված նախքան արտահերթ ընտրությունները, ազգային միաբանության կառավարություն ձեւավորելու հետ: Ապագա վարչապետի եւ նրա կաբինետի թեկնածուների անունները կհամաձայնեցվեն նոյեմբերի 7-ին կայանալիք Պապանդրեուի եւ ընդդիմադիր խոշորագույն «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Անտոնիս Սամարիսի հանդիպման ընթացքում:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հենց ընդդիմությունն է պահանջել Պապանդրեուի հրաժարականը, որի կառավարությունը համաձայնել էր տնտեսման կոշտ միջոցներ կիրառելուն, որպես դեֆոլտի սպառնալիքին բախված Հունաստանին միջազգային օգնություն տրամադրվելու պայման:
Համարվում է, որ Աթենքի հնարավոր դեֆոլտը, որը Պապանդրեուն ստիպված կլինի հայտարարել, եթե ԵՄ-ից եւ ԱՄՀ-ից վարկեր չստանա, համաշխարհային տնտեսությունը կարող է երկրորդ ճգնաժամի առջեւ կանգնեցնել` անկանխատեսելի հետեւանքներով:Մի քանի օր առաջ կայացած ԵՄ գագաթաժողովին վարկատու բանկերը համաձայնել են չեղյալ համարել Հունաստանի պարտքերի 50%-ը, գրում է Газета.Ru-ն:




























