News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում: Ստորև՝ նախարարի ելույթն ամբողջությամբ:

Հայաստանը շնորհավորում է Մարոկկոյի ներկայացուցիչ Օմար Զնիբերի նախագահությամբ ընտրված Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին և մաղթում է ամենայն բարիք այս հեղինակավոր մարմնի ղեկավարման գործում: Մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրեց մարդու իրավունքների նկատմամբ հանրային անտեսման և պաշտոնական արհամարհանքի մասին: Նա կոչ արեց կանգնել պատմության ճիշտ կողմում, ամենուր ոտքի կանգնել մարդու իրավունքների համար։

Իրոք, աշխարհը դառնում է վտանգավոր վայր, երբ մարդու իրավունքներին հանձնառությունը հետընթաց է գրանցում, երբ մեր ընդհանուր սկզբունքներն ու նորմերը, մասնավորապես՝ միջազգային իրավունքը, մարդու իրավունքներն ու մարդասիրական իրավունքը անտեսվում և լայնորեն խախտվում են:

Հայաստանն այս հեղինակավոր խորհուրդը դիտարկում է որպես ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման առանցքային հիմնասյուներից մեկը: Այդ իսկ պատճառով այս նստաշրջանում Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման նոր բանաձև։ Մենք կարծում ենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է շարունակի իր ներդրումը ցեղասպանության արհավիրքին հակազդելու միջազգային ջանքերում, հատկապես վաղ նախազգուշացման և վաղ գործողությունների կարողությունների ուժեղացման ուղիների ուսումնասիրման միջոցով: Սա է նոր նախագծի հիմնական առանձնահատկությունը։ Մենք ակնկալում ենք լայն աջակցություն այս վեհ նպատակին:

Պարոն Նախագահ,

2020 թվականից մեր տարածաշրջանում շարունակաբար խախտվում են մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը։ Վերջին երեքուկես տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տուժել է ագրեսիվ պատերազմից, արտադատական սպանություններից, կամայական կալանավորումներից, բռնի անհետացումներից, խոշտանգումներից, սովից և անմարդկային վերաբերմունքի այլ ձևերից։ Այդ բնակչությունը դիմակայեց Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի տասը ամիս շարունակվող շրջափակմանը, այնուհետև վերսկսվեցին ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտման:

Ադրբեջանի նման քաղաքականության ականատեսն ենք եղել անցյալ դարի 80-ականներից։ Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը։ Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաբնակ այլ քաղաքներում նմանատիպ գործողությունների հետևանքով շուրջ 360 հազար հայ ստիպված է եղել լքել իր տունը, նրանց զրկել են իրենց բոլոր իրավունքներից, այդ թվում՝ սեփականության իրավունքից և ապաստան են գտնել Հայաստանում:

Ավելի վաղ նույն քաղաքականության հետևանքով հայերը լքել են Նախիջևանի իրենց տները:

Տիկնայք և պարոնայք,

Լեռնային Ղարաբաղի դեպքում սպասվող վայրագությունների մասին նախազգուշացնող նշանների պակաս չկար, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հայտարարությունները, ՄՔԴ-ի հրամանները, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգի մանդատատար հանրային հաղորդագրությունները: Սակայն դա բավարար չէր միջազգային հանրության համար, և ես կրկին մեջբերում եմ գլխավոր քարտուղարին, որ «պետք է կանգնել պատմության ճիշտ կողմում, տեր կանգնել մարդու իրավունքներին»։

2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել շուրջ 145 հազար մարդ։

Այստեղ պետք է փաստեմ, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը նրանց իրավունքների և կարիքների հասցեագրման համար։ Այժմ փորձում ենք հաղթահարել կարճաժամկետ մարտահրավերները՝ ապահովելով հասանելիություն կրթության, սոցիալական պաշտպանության, առողջապահական համակարգերին, աջակցելով նրանց բնակարանային ապահովմանը։ Մենք արդեն ծրագրում ենք կոնկրետ գործողություններ՝ լուծելու միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները՝ ուղղված ԼՂ հայերի հետագա ինտեգրմանը։

Տիկնայք և պարոնայք,

1990-ականների և 2020-ի պատերազմներից հայկական կողմն ունի ավելի քան 1000 անհետ կորած և բռնի անհետացած: Ադրբեջանում ունենք 23 ռազմագերի և այլ պահվող անձինք: Հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման հսկայական լուրջ վտանգի առաջ է և, ինչպես նշել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, մեջբերում եմ. «կարող են մշակութային զտումներ լինել»:

Շարունակվում են Ադրբեջանի կողմից հրահրված ռազմատենչ հռետորաբանությունը և ռազմական սրացումները։ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումումից հետո Ադրբեջանի կողմից ուժի անօրինական կիրառման անպատժելիությունը հանգեցրեց նոր տարածքային պահանջների Հայաստանի նկատմամբ։ Ներկայիս Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացնում են որպես, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջան, որը հորինվել է տարածաշրջանում լարվածությունը պահպանելու հստակ մտադրությամբ։

Այնուամենայնիվ, Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու դրանից։ Համոզված ենք, որ 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության, սահմանների անփոփոխելիության փոխադարձ ճանաչումը և ԽՍՀՄ-ի ամենավերջին և օրինական քարտեզների հիման վրա միջպետական սահմանի սահմանազատումը միակ ճանապարհն է դեպի խաղաղություն և կայունություն։ Մենք նաև հավատում ենք, որ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը՝ պետությունների ինքնիշխանության ու իրավասության հարգանքի և հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա, կարող է ստեղծել լրացուցիչ փոխկախվածություն՝ ամրապնդելով Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունությունը։ Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով մեր իրական շահագրգռվածությունն ու քաղաքական կամքը՝ բացելու բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները։

Եզրափակելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած բոլոր խնդիրներին ու մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարության ամրապնդում, և մենք հպարտանում ենք արձանագրված ուշագրավ ձեռքբերումներով։ Հռոմի կանոնադրությանը միանալը ևս մեկ, սակայն կարևոր քայլ է այդ առումով և հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության մեր հանձնառության անսասան նշան: Հայաստանը զգալի քայլեր է ձեռնարկում նաև կանանց, երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների ամրապնդման, աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ