News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Եթե առաջիկայում գործարար Սիլվա Համբարձումյանին ապտակելու համար Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ հարուցված եւ կարճված գործի, ինչպես նաեւ Ս. Համբարձումյանի հանքից կորած գործիքի (նա դրանում եւս մեղադրում է Սուրեն Խաչատրյանին) գործերի զարգացումները չբավարարեն կին գործարարին, նա երկու գործով էլ կդիմի Եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ը թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց գործարար Սիլվա Համբարձումյանը, ով ներկա պահին գտնվում է Իրանում: Վերջինս պատասխանեց եւս մի քանի հարցերի, որը ներկայացնում ենք ստորեւ:

Տիկին Համբարձումյան, Դուք մեզ հետ զրույցում նշել էիք, որ Ձեզ բավարարել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ներողությունը: Այդ դեպքում, ինչո՞ւ բողոքարկեցիք Ձեզ ապտակելու գործը կարճելու դատախազության որոշումը:

Դատախազը բողոքը կարճել է, հետեւաբար նորից բողոքարկում ենք:

Հասկանալի է, իսկ, եթե ներել էիք Սուրեն Խաչատրյանին ինչո՞ւ դիմեցիք այդ քայլին:

Լկտիացել էր, դրա համար էլ դիմեցինք այդ քայլին:

Այսինքն` շարունակում էր սպառնալիքնե՞ր հնչեցնել ձեր հասցեին:

Ոչ, չի սպառնացել, բայց ես արդեն դիմել եմ օրենքին: Օրինակ, երբ ուրիշ մեկը նման քայլի է դիմել, նրան բանտարկել են: Այս դեպքում ինչո՞ւ Սուրեն Խաչատրյանը պետք է չպատժվեր:

Տիկին Համբարձումյան, Դուք նաեւ Եվրադատարանով եք սպառնում: Բայց կոնկրետ Եվրադատարան պատրաստվում եք դիմել ապտակի՞, թե՞ Ձեր հանքի կորած գործիքի համար, որում նույնպես մեղադրում եք Սուրեն Խաչատրյանին:

Եթե առաջիկայում այս երկու գործերի զարգացումները Հայաստանում ինձ չբավարարեցին ես երկու գործով էլ գնալու եմ Եվրադատարան:

Վերջերս Իրանում նոր հանք բացեցիք: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հիասթափվել եք Հայաստանից եւ ցանկանում եք Ձեր բիզնեսը տեղափոխել արտերկիր:

Այն, որ հիասթափված եմ դա հաստատ է, բայց չեմ պատրաստում հրաժարվել իմ հայաստանյան բիզնեսից, որովհետեւ դա իմ երկիրն է: Իսկ ինչ վերաբերում է տեղի եւ արտերկրի բիզնեսներին, ապա դրանք բազմաթիվ են:

Իսկ հրաժարվե՞լ եք արդյոք թիկնապահի ծառայությունից, թե` ոչ:

Ոչ, ապահովության համար դեռեւս շարունակում եմ օգտվել թիկնապահի ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա, ըստ որի  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն: «Ես գոհ եմ գործից, որովհետեւ ինքը վերջ ի վերջո զղջաց: Ես կարծում եմ, որ երբեւէ, էլ չեմ հանդիպի իր հետ: Ավելին` չէի էլ ուզում, որ Սուրեն Խաչատրյանն անձամբ ինձանից ներողություն խնդրեր: Նա պետք է իր մոտ ընկերների միջոցով դա աներ եւ երբ այդ մասին լրագրողներին ասեի ասելու էր, որ ես նման բան չեմ ասել: Հետեւաբար` ես այս տարբերակից շատ գոհ եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել էր Սիլվա Համբարձումյանը հավելելով, որ չի բողոքարկի ՀՔԾ որոշումը: Հիշեցենք նաեւ, որ  դեկտեմբերի 13-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործը: ՀՔԾ լրատվական բաժնից հայտնում են, որ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ տեւական ժամանակ Սուրեն Խաչատրյանի եւ Սիլվա Համբարձումյանի միջեւ ձեւավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջեւ ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս.Համբարձումյանին: Նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում՝ ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, ինչն առգրավվել եւ կցվել է քրեական գործին: Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի համաձայն՝ Սուրեն Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել եւ հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Սուրեն Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար: Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության եւ նվազ կարեւորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Ի դեպ, սույն գործով հարուցված քրեական գործը կարճելու` Հատուկ քննչական ծառայության  որոշման  դեմ Սիլվա Համբարձումյանի առաջին բողոքը մերժվել է: Գլխավոր դատախազը բողոքը վերահասցեագրել է գործի նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազին, վերջինս էլ եզրակացրել է, որ նորմալ  քննություն է ընթացել, որոշումը օբյեկտիվ է, իսկ Սիլվա Համբարձումյանի բողոքն անհիմն է: Տուժող կողմը պատրաստվում է նոր բողոք ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ մերժում ստանալու դեպքում դիմելու է դատարան:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ