ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Սպիտակ տան կառուցվող պարահանդեսների դահլիճը կունենա ուժեղացված պաշտպանություն անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և հրազենի կիրառմամբ հարձակումներից։ Դրա մասին նա խոսել է նոյեմբերի 4-ին՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո իր առաջին հրապարակային ելույթի օրը, գրում է The Washington Post-ը։

«Այն պաշտպանված է անօդաչուներից և հրթիռներից։ Կողային պատերը զրահակայուն են։ Ապակին զրահակայուն է և պաշտպանված է անօդաչուներից. ոչ մի անօդաչու չի կարողանա այն խոցել, և ոչ մի գնդակ չի կարողանա անցնել դրա միջով՝ ինչ էլ որ պատահի»,- հայտարարել է Թրամփը։

Ըստ նրա՝ ապակու միջով հնարավոր կլինի տեսնել մոտեցող սպառնալիքը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ նախագահը նախագիծը ներկայացնում է ոչ միայն որպես պաշտոնական ընդունելությունների վայր, այլև որպես մեծածավալ պաշտպանված համալիրի մաս։

Մայիսին նա պատմել էր տանիքին ռազմական անօդաչուների համար հարթակ, իսկ շենքի տակ՝ ստորգետնյա տարածքներ, ներառյալ՝ բժշկական և հետազոտական օբյեկտներ տեղակայելու ծրագրերի մասին։

Թրամփը պնդել էր նաև, որ նախագծով ամրացված տանիք և հաստ պաշտպանիչ ապակուց հատուկ պատուհաններ է նախատեսվում։ Բաց աղբյուրներում չկան փորձարկումների միջոցով հայտարարված բնութագրերի անկախ հաստատումներ։

Թրամփը բազմիցս շինարարության անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ Սպիտակ տանը տարածքը չի բավարարում պետական խոշոր միջոցառումների համար։

Սեպտեմբերին՝ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ, նա Չինաստանի առաջնորդին և մյուս հյուրերին հրավիրել էր դիտելու կառուցվող դահլիճը՝ դա անվանելով առանձնահատուկ հարգանքի նշան։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ շինարարության ավարտը սպասվում էր մոտ մեկ տարի անց։

Ընտրություններից հետո ունեցած ելույթում Թրամփը նաև հիշատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Սի Ծինփինին՝ որպես պարահանդեսների դահլիճի ապագա հյուրերի։

Միջանկյալ ընտրություններում դեմոկրատները խոշոր հաջողություններ են գրանցել և վերահսկողություն ստացել Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։ Պարտությունը լուրջ քաղաքական հարված է դարձել Թրամփի և նրա կուսակցության համար։