Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ոստիկաններն ու մաքսային ծառայողները մեծածախ շուկայում բանանի արկղերում 300 կգ կոկաին են հայտնաբերել։ Առգրավված խմբաքանակի արժեքը սև շուկայում գնահատվում է մոտ 20 միլիոն եվրո (շուրջ 22 միլիոն դոլար), հայտնում է dpa-ն՝ հղում անելով Բավարիայի քրեական ոստիկանության վարչությանը (LKA)։

Երկուշաբթի ոստիկանություն են կանչել շուկայի տարածք ապօրինի ներթափանցման փորձից հետո։ Ստուգման ընթացքում իրավապահները զննել են մթերային խանութներ առաքելու համար պատրաստված բանանի արկղերը։

Շուկայի աշխատակիցներից մեկը նկատել է, որ արկղերից մեկն անսովոր ծանր է։ Զննման ժամանակ դրա ներսում կոկաինի մի քանի բրիկետ են հայտնաբերել։

Դրանից հետո ոստիկանությունն ու մաքսային ծառայությունը ստուգել են 50 բեռնահարթակների վրա տեղադրված մյուս արկղերը և թմրանյութի լրացուցիչ խմբաքանակներ հայտնաբերել։

Քննությամբ պարզվել է, որ բանանը կոկաինի հետ միասին բեռնանավով Էկվադորից հասել է Նիդեռլանդների Ֆլիսինգեն նավահանգիստ։ Այնտեղից բեռը տեղափոխել են Նյուրնբերգ։