Տվյալների կենտրոնների կառուցման դեմ պայքարը դարձավ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նշանակալի գործոններից մեկը։ Նման օբյեկտների կառուցման սահմանափակումների օգտին հանդես եկող թեկնածուները հաջողության հասան մի քանի առանցքային ընտրապայքարներում, գրում է Politico-ն։

Դա կարող է Կոնգրեսի նոր կազմին զգալիորեն ավելի քննադատական դարձնել արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման նկատմամբ և ուժեղացնել օրենսդիրների վրա ճնշումը՝ ոլորտի կարգավորումը խստացնելու պահանջով։

Տվյալների կենտրոնների թեման նշանակալի դեր խաղաց ընտրություններում հաղթած դեմոկրատ սենատորներ Ջոն Օսոֆի՝ Ջորջիայում, Շերոդ Բրաունի՝ Օհայոյում և Աբդուլ Էլ-Սայեդի՝ Միչիգանում անցկացրած քարոզարշավներում։ Հարավային Կարոլինայում դեմոկրատ Էնի Էնդրյուսը հաղթեց հանրապետական Դարլին Գրեմին։ Ընդ որում, տվյալների կենտրոնների զարգացման օգտին հանդես եկող Building the Future սուպերկոմիտեն 2,5 միլիոն դոլար էր ծախսել Գրեմին աջակցելու համար, ընդգծում է լրատվամիջոցը։

Թեկնածուները քննադատում էին խոշոր հաշվողական կենտրոնների կառուցումը՝ էլեկտրաէներգիայի սպառման աճի և այն մտավախությունների պատճառով, որ էլեկտրացանցերի ընդլայնման ծախսերը կդրվեն սովորական սպառողների վրա։ Հաղթողները խոստանում էին հասնել նրան, որ տեխնոլոգիական ընկերություններն ինքնուրույն վճարեն իրենց անհրաժեշտ էլեկտրաէներգիայի և ենթակառուցվածքների արդիականացման համար։

«Ես միշտ ձեր կողքին կլինեմ։ Ես չեմ աշխատում էներգետիկ ընկերությունների համար, չեմ աշխատում տվյալների կենտրոնների համար և չեմ աշխատում Ուոլ Սթրիթի համար։ Ես աշխատում եմ ձեզ համար, ես աշխատում եմ Օհայոյի համար»,- հայտարարել է Բրաունն իր հաղթական ելույթում։

Ներկայացուցիչների պալատի ընտրություններում հանրապետական Գեյբ Էվանսը պարտվեց Կոլորադոյում։ Թենեսիում դեմոկրատ Ջասթին Փիրսոնը, որն իր քարոզարշավի առանցքային թեմա էր դարձրել Մեմֆիսում տվյալների կենտրոնների պատճառով շրջակա միջավայրի աղտոտումը, սպասվածից զգալիորեն բարձր արդյունք գրանցեց մի ընտրատարածքում, որը 2024 թվականին աջակցել էր Դոնալդ Թրամփին՝ ավելի քան 21 տոկոսային կետի առավելությամբ։

Հանրապետականները ևս փորձեցին իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը։ Ամռանը սենատորներ Ջոն Հասթեդը և Գեյբ Էվանսը ներկայացրին Ratepayer Protection Act օրինագիծը, որը պետք է խրախուսեր նահանգներին տվյալների կենտրոնների պատճառով սակագների աճից սպառողներին պաշտպանող կանոններ ընդունել։ Սակայն սեպտեմբերին Սենատը չկարողացավ առաջ մղել փաստաթուղթը. դեմ հանդես եկան դեմոկրատները, որոնք դրանով նախատեսված միջոցները անբավարար էին համարում։

Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող Դարել Ուեսթի կարծիքով՝ նոր Կոնգրեսը ստիպված կլինի ավելի ակտիվ արձագանքել հանրային դժգոհությանը։ Նա նշում է, որ տվյալների կենտրոնների քննադատությունն ավելի ու ավելի լայն տարածում է ստանում երկու կուսակցությունների ընտրողների շրջանում։

Հնարավոր նախաձեռնությունների թվում են ընկերություններին պարտավորեցնելն ինքնուրույն ապահովել իրենց օբյեկտների էլեկտրամատակարարումը, վճարել էլեկտրացանցերի արդիականացման համար և պահպանել բնապահպանական ավելի խիստ պահանջներ։ Դեմոկրատներից ոմանք նաև հանդես են գալիս տվյալների նոր կենտրոնների կառուցման ժամանակավոր մորատորիումի օգտին։

Այդուհանդերձ, Կոնգրեսի հնարավորությունները կարող են կախված լինել թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի բարեփոխման մասին առանձին օրինագծի ճակատագրից։ Եթե այն ընդունվի մինչև խորհրդարանի նոր կազմի աշխատանքի մեկնարկը, դաշնային մակարդակով լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունները կարող են սահմանափակվել։ Սակայն փորձագետները կարծում են, որ տեղական համայնքների և կոմունալ վճարների աճից դժգոհ ընտրողների ճնշումը չի վերանա։