Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Պատգամավորները սկսել են քննարկել առաջին ընթերցմամբ ընդունված «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունները: Նաիրա Զոհրաբյանն օրինագիծը հետընթաց է որակել եւ հայտարարել, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու:

Նիկոլ Փաշինյանը նորից հանրաքվե նախաձեռնելու իրավունքն ավագանու խմբակցություններից վերցնելու հարց է բարձրացրել: Ժողովրդավարության մասին իշխող մեծամասնության պատկերացումները, մեղմ ասած, Փաշինյանի սրտով չեն: 

Խորհրդարանն արտահերթ կարգով քննարկել է նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին «Ելք» խմբակցության նախաձեռնությունը: Հարցն անցյալ շաբաթ ներառվել էր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, բայց այդպես էլ չի քննարկվել. հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը նիստին չէր ներկայացել: Արմեն Աշոտյանն այդ մասին չէր մոռացել: Աշոտյանն անդրադարձել է նաեւ Ազգային Ժողովի նիստերից իր բացակայությունների հարցին. պարզվում է՝ Գագիկ Ծառուկյանից հետո երկրորդ ամենաշատ բացակայող պատգամավորն է այս նստաշրջանում: Ամբիոնին մոտեցած Փաշինյանը չի կարողացել չհեգնել. աշխատանքային այցով Երեւանում է Արմեն Աշոտյանը:

Հետո արդեն Փաշինյանը խոսել է ԵՏՄ-ին անդամակցության տարիների բացասական երեւույթների, թանկացումների մասին: Ասել է՝ սրանք ախտանշաններ են, որոնց պատճառը պետք է գտնել, բայց Հանրապետականը «յամեռ»-ի փոխարեն «մալինայով թեյ ու քարաբաղնիս է առաջարկում»:

Օրերս լուրեր տարածվեցին, որ Արայիկ Գրիգորյանը հեռացել է ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմից: Լրագրողները պատգամավորից հետաքրքրվել են, արդյո՞ք հանձնաժողովի նիստերից բացակայությունների համար արված նկատողությունն է պատճառը: Գրիգորյանը հերքել է: Առաջիկայում Արտաշատում քաղաքապետի ընտրություններ են կայանալու: Այստեղ մրցակցություն էր սպասվում Արայիկ Գրիգորյանի եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմակիցների միջեւ: Գրիգորյանն ասել է՝ Արտաշատով չի զբաղվում:

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ 100 հազար դրամ են ստանում պետբյուջեից՝ Երեւանում բնակարան վարձելու համար: Նրանց թվում է նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը: Թեեւ, ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Ծառուկյանը երեկ հավաքել է իր խմբակցության պատգամավորներին, ամոթանք տվել եւ պահանջել հետ վերցնել 100 հազար դրամ ստանալու մասին դիմումները: Պողոսյանը, սակայն, պնդում է՝ հավելյալ գումարի կարիքն ունի, քանի որ աշխատավարձով է ապրում, կողմնակի եկամուտ չունի: Փոխարենը դիմումը հետ է վերցրել խմբակցության մյուս պատգամավոր Վարդան Ղուկասյանը: Նա լրագրողներին նաեւ խորհուրդ է տվել ուշադրությունը չկենտրոնացնել այդ հարցի վրա:

Լաս Վեգասում 59 մարդու կյանք խլած հրաձիգ Սթիվեն Փեդոքը մուլտիմիլիոնատեր էր: Նա կարողություն էր կուտակել անշարժ գույքի վաճառքի գործարքներից, 2 օդանավ եւ մի քանի տուն ուներ ԱՄՆ-ում: 64-ամյա Փեդոքը վերջերս խաղային բիզնեսի հետ կապված տասնյակ հազարավոր դոլարների գործարքներ է կատարել: Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք այդ գործարքները որեւէ կապ ունեն հանցագործության հետ: Սթիվեն Փեդոքն ավելի քան 40 միավոր զենք է ունեցել: Իսկ հրաձգության զոհերի թիվը հասել է 59-ի, 527 վիրավոր կա: Նշենք, որ սպանդը տեղի է ունեցել Լաս Վեգասի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հարեւանությամբ գտնվող հյուրանոցի բակում: Զոհերի եւ տուժածների թվում հայեր չկան:

Փարիզում ահաբեկչություն է կանխվել: Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի ՊՍԺ-«Բորդո» հանդիպումից առաջ «Պարկ դե Պրընս» մարզադաշտի մոտ ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել: Այն բաղկացած է եղել բենզինով լցված 4 գազի բալոնից. նախատեսել են դրանք պայթեցնել բջջային հեռախոսազանգից հետո: 5 կասկածյալ է ձերբակալվել, որոնցից մեկը հսկողության տակ գտնվող ծայրահեղ իսլամական է: Նշենք, որ ՊՍԺ-«Բորդո» խաղին մարզադաշտում 47 հազար երկրպագու է հետեւել: Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին ահաբեկչություն էր իրականացվել Փարիզի մեկ այլ մարզադաշտում՝ «Ստադ դը Ֆրանս»-ում, Ֆրանսիա-Գերմանիա խաղի ժամանակ: Այդ օրը Փարիզի տարբեր վայրերում իրականացված հարձակումների հետեւանքով առնվազն 130 մարդ զոհվեց:

Ամփոփվել են National Geographic Traveler Awards 2017-ի առցանց քվեարկության արդյունքները: «Գաստրոնոմիական եւ ագրոտուրիզմ» անվանակարգում Հայաստանը հայտնվել է 5-րդ հորիզոնականում: Այս անվանակարգում լավագույն հնգյակում են նաեւ Բելառուսը, Վրաստանը, Իտալիան եւ Շվեդիան: Լեռնադահուկային հանգստի առաջատարն Ավստրիան է, ընտանեկան հանգստինը՝ Կիպրոսը: Արկածներ որոնողները կարող են հանգստի մեկնել Արգենտինա եւ Ռուսաստան, էկզոտիկ հանգստի համար էլ բաց են Ճապոնիայի, առողջարար հանգստի համար՝ Իսրայելի դռները:

Դոլարն ու եվրոն նորից թանկանում են: Հոկտեմբերի 3-ին դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 8 դրամ 24 լումա, ֆունտինը՝ 633 դրամ:

Հոկտեմբերի 4-ին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն: