Գյումրիում կրակոցներ են հնչել. 2 քաղաքացի է մահացել: Իրավապահներն արդեն պարզել են զոհվածների ինքնությունը. նրանք են 33-ամյա Վարդան Կարապետյանն ու 37-ամյա Թելման Կարապետյանը: Սպանվածները Գյումրիի բնակիչներ են, հորեղբոր որդիներ: Դեպքի վայրում ինքնաձիգի եւ «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճներ են հայտնաբերվել։ Քրեական գործ է հարուցվել, կասկածյալին որոնում են:

Զանգվածային թունավորում Արմավիրում: Սննդային թունավորման ախտանշաններով քաղաքի բուժկենտրոն, ընդհանուր առմամբ, 90 մարդ է դիմել: Բոլորը մարզի Արեւադաշտ գյուղի մերձակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցներ են: Նշենք, որ ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Տուժածներից 20-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 30-ը՝ տեղափոխվել Մեծամորի բժշկական կենտրոն: Բոլորի ինքնազգացողությունը գրեթե միաժամանակ է վատացել: Մասնագետները ջրի, սննդի փորձանմուշ են վերցրել կազմակերպությունից՝ թունավորման պատճառը պարզելու համար:

Նոր կառավարությունն այսօր ամբողջական կազմով առաջին նիստն է գումարել: Ինչպես անցյալ շաբաթ՝ այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանը նիստից առաջ զրուցել է տարբեր խնդիրներով կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիների հետ: Իսկ գործադիրի նիստի ընթացքում անդրադարձ է եղել, մասնավորապես, արագաչափերին եւ տեսախցիկներին: Վարչապետն ընդհանրապես որոշ ժամանակով դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու անհրաժեշտություն է տեսնում: Ոստիկանապետին եւ արդարադատության նախարարին հանձնարարել է հարցով քննարկում կազմակերպել:

Իրավապահներին Փաշինյանը եւս մեկ հանձնարարություն ուներ՝ ապրիլին անհնազանդության ակցիաների ժամանակ հարձակումների եւ ավտոմեքենաներ վնասելու մասին: Հետաքրքրվել է, մասնավորապես, Հերացի փողոցում ուսանողների վրա հարձակման գործով. նրանց ծեծողներից մեկը, ըստ տեղեկությունների, Մասիսի քաղաքապետի եղբայրն է: Հայտարարել է, որ այդ բոլոր գործերը պետք է բացահայտվել:

Այսօրվա նիստում անդրադարձ է եղել նաեւ ծառայողական մեքենաներին. Փաշինյանը մտադիր է զգալիորեն կրճատել դրանց թիվը: Իսկ նոր կառավարության անդամներից մի քանիսը, պարզվում է, արդեն հրաժարվել են իրենց ծառայողական մեքենաների մի մասից:

Նոր նշանակումներ գործադիրում. Վարդան Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՊԵԿ նախագահի պաշտոնից: Կոմիտեն այսուհետ կղեկավարի Դավիթ Անանյանը, ով մինչ այդ ֆինանսների փոխնախարարն էր: Իսկ պաշտոնից հեռացող Վարդան Հարությունյանը ներկայացրել է 1.5 տարվա կատարած աշխատանքը: Նիկոլ Փաշինյանը կատակով դիմել է Դավիթ Անանյանին. «Ակնարկն ընկալեցի՞ք»:

Պաշտոնավարման 6 տարի ժամկետով էլ Վիճակագրական ծառայության կոմիտեի նախագահ է նշանակվել Ստեփան Մնացականյանը: Դեռ Ազգային ժողովում վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների բովանդակությունը մշտապես կասկածի տակ դնող Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կասկածներ այլեւս չեն լինի: Վարչապետը նաեւ թեմայի շուրջ մի արտահայտություն է հիշել:

Ավելի ուշ եւս մեկ նշանակում է արվել. Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել քաղաքագետ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը: Նշենք, որ նոր Սահմանադրությամբ եւ օրենսդրական կարգավորումներով՝ Անվտանգության խորհրդի կազմում Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի խոսնակն ու ՍԴ նախագահն այլեւս ընդգրկված չեն: Ազգային ժողովում հարցի քննարկումը, հիշեցնենք, հատկապես «Ելք» խմբակցության պատգամավորների խիստ քննադատությանն էր արժանացել:

«Սասնա ծռերի» 10 անդամի եւ Կարո Եղնուկյանի գործով դատական նիստն այսօր մեկնարկել է առանց ամբաստանյալների: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնել է, որ ուղեկցող գումարտակ չկա, այդ պատճառով նրանց չեն կարողացել դատարան բերել: Այս գործով նիստին նույնպես փաստաբաններն իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդություններ են ներկայացրել: Դրանք քննարկելու փոխարեն Արտուշ Գաբրիելյանը որոշել է մեկ շաբաթով հետաձգել նիստը:

Իսկ «Սասնա ծռերի» անդամների մի մասը երեկվանից Շենգավիթի դատարանում են. ոստիկանությունը չի կարողանում նրանց քրեակատարողական հիմնարկ տեղափոխել: Երեկվա նիստից հետո նրանց աջակիցները փակել են դատարանի բոլոր մուտքերն ու ելքերը, ինչպես նաեւ Արշակունյաց պողոտան: Նրանք վրաններ էին տեղադրել պողոտայում եւ գիշերել այնտեղ:

Այս ակցիաների մասին հարցին Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. չի կարող բացել բոլոր քրեակատարողական հիմնարկների դռները: Ավելի ուշ վարչապետը կոչ է արել այլեւս փողոցներ չփակել, փոխարենը համատեղ աշխատելու տարբերակ է առաջարկել: «Սասնա ծռերի» աջակիցներն ի վերջո բացել են Արշակունյաց պողոտան: Իսկ Գարեգին Չուգասզյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը. նա վաղը ասուլիս է տալու: Նշենք, որ Չուգասզյանը հացադուլի մեջ է արդեն 23 օր:

Գյումրիի քաղաքապետարանում այսօր ավագանու արտահերթ նիստ էր գումարվել: Օրակարգում միայն մեկ՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցն էր: Հետաքրքիր է, որ նախաձեռնողները՝ ավագանու 13 անդամ, հիմնականում «Բալասանյան» խմբակցությունից են: «Գալա» խմբակցության անդամները սա արհետական օրակարգ եւ կազմակերպված սցենար են համարում:

Ավագանու որոշ անդամները կարծում են, որ թիմակիցները փորձում են ապահովագրել Սամվել Բալասանյանին, քանի որ եթե անվստահության հարցը քննարկվում եւ չի ընդունվում, մեկ տարի այդ հարցին վերադառնալ այլեւս հնարավոր չէ: Մինչ քվեարկությունը Սամվել Բալասանյանը խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների, պաշտոնավարման տարիներին կատարած լուրջ գործերի մասին: Իր գործերը թվարկելիս ոգեւորվելով՝ Բալասանյանը հայտարարել է. բա որ հրաժարական տա: Ի վերջո՝ փակ գաղտնի քվեարկությամբ ավագանու անդամները դեմ են արտահայտվել քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցին:

Դոլարն ու եվրոն շարունակում են զիջել դիրքերը: Մայիսի 17-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 570, ռուբլունը՝ 7 դրամ 81 լումա, ֆունտինը՝ 652 դրամ:

Մայիսի 18-19-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես առանձին հատվածներում տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն: