NEWS.am-ը շարունակում է «Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով» նախագիծը: Գաղափարի հեղինակ Անի Աֆյանը զրուցել է Հայաստանում բնակվող երիտասարդ կանանց հետ եւ հարցրել նրանց «Թավշյա հեղափոխության» եւ ընտանեկան բռնության, համընդհանուր տագնապների եւ անձնական վախերի, ոճի եւ ավելորդ քաշի մասին. մի խոսքով՝ ամեն ինչի մասին: Հիմա եւ այստեղ: Անկեղծ: Դեմ առ դեմ: 

Վեներա Ավետիսյանը գրականագետ է: Սիրում է իր փոքրիկ քաղաք Ալավերդին, Էմիր Կուստուրիցային եւ կլյոշ ջինսեր: Հավատում է, որ բոլոր ճանապարհները տանում են տուն:​

Մասնագիտության եւ իր մասին

Ես գրականագետ եմ, Հայ-Ռուսական Համալսարանի (ՀՌՀ) ռուս եւ համաշխարհային գրականության ու մշակույթի անկրկնելի ամբիոնի լաբորանտն եմ: Այս տարի ասպիրանտուրան եմ ավարտում: Դեռեւս մագիստրատուրայից մի քանի տարի համագործակցել եմ նիդեռլանդական ընկերության հետ, որն իր միսիոներներին ուղարկում էր զարգացող երկրներ՝ սահմանամերձ մարզերում փոքր բիզնեսի զարգացմանն օգնելու նպատակով: Սա անգին փորձ էր, ես ինձ համար բացահայտեցի Հայաստանը՝ զարմանահրաշ հերոսներով, որոնց մասին երբեւէ անպայման կգրեմ: Բայց հիմա զբաղված եմ «Պենելոպա» գրքի հեղինակ Գոհար Մարկոսյան-Կասպերի ստեղծագործության մասին թեկնածուական ատենախոսությամբ: Իմ կյանքում ՀՌՀ-ի գրական ակումբի հայտնվելուց հետո կարճ արձակ եմ գրում: Չգիտեմ՝ կյանքում ինչով եմ ցանկանում զբաղվել, բայց համենայնդեպս երազում եմ երբեւէ անկախ գրական ամսագիր հրատարակել եւ «Վահագնի» գյուղում հեթանոսական արձանի տակ հին թանգարանը վերականգնել: Դե, նաեւ դասական խաղալ:

Ինձ քննադատում եմ միայն գործի համար, բայց խիստ:

Ես լավատեսության և իրատեսության արանքում եմ՝ իրավիճակից կախված:

Իմ տարիքի առիթով Բորիս Գրեբենշչիկովը հատուկ երգ ունի.

«Ես 25 տարեկան եմ եւ մինչեւ հիմա չգիտեմ՝ ինչ եմ ուզում:

Եվ ինձ թվում է՝

Սեփական ճակատագրով հպարտանալու

Ոչ մի հիմնավորում չկա, 

Բայց եթե կարողանայի ինձ ընտրել, 

Կրկին ինքս ես կդառնայի»:

Երբեք չեմ մտածում, թե ինչ տպավորություն եմ թողնում շրջապատի մարդկանց վրա: Բայց արժեր: Հավանաբար:

Քաղաքականության, փոփոխությունների եւ հայրենասիրության մասին

Այսօր չի ստացվում քաղաքական գործընթացներին չհետեւել. ինձ ավելի շատ փղոսկր է հարկավոր աշտարակիս համար: Վերջին անգամ հրապարակավ կարծիքս հայտնել եմ Դեբեդ գետի ակունքների մոտ հիդրոէլեկտրակայանի շինարարության հետ կապված: Այդ գետում ես սովորել եմ եթե ոչ լողալ, ապա ջրի վրա ինձ պահել, դրա համար չեմ կարող հաշտվել հնարավոր շինարարության հետ, որը գետի եւ նրա շրջակայքի ոչնչացմանը կհանգեցնի:

Մի անգամ արտասահմանյան գրականության հրաշալի դասախոսիս նախաձեռնությամբ գնացել եմ կենդանիների փրկության հանրահավաքի: Շփվեցի շների հետ: Ես տիեզերական ճշմարտություններ չունեմ, որ մարդկանց առաջ ելույթ ունենամ, այնպես որ՝ դա միակ դեպքն էր:

Իմ շրջապատում կան մարդիկ, որոնք առաջինից մինչեւ վերջին օրը գնացել են հանրահավաքների, քիչ չեն նաեւ նրանք, որոնք ոչ մի անգամ չեն գնացել: Ես էլ չեմ գնացել: Եթե պետք լինի, էլի չեմ գնա: Հանրահավաքն իմ բողոքի ձեւը չէ: Բայց սարասփելի է, երբ երկու կողմերը որոշում են միմյանց սովորեցնել բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով: Սակայն չնայած ամեն ինչին՝ լավագույնի հույս ունեմ: Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի առավոտյան արթնանալն ու թեյնիկը միացնելը:

Վատ է, որ երկրի բոլոր ուժերը կենտրոնացած են մայրաքաղաքում: Սա ասում եմ որպես 25-ամյա ոչ երեւանցի: Սիրում եմ իմ փոքրիկ քաղաք Ալավերդին, որտեղ միշտ երկու հարցից մեկն արդիական է՝ կա՛մ պղնձի գործարանի փակումը եւ գործազրկությունը, կա՛մ դրա շահագործումը եւ թունավոր արտանետումները: Իսկ ընդհանրապես լավ կլիներ, որ բառերն ու արարքները իմաստավորված լինեին: Չափից շատ աղմուկ, աղբ եւ աղբի շուրջ աղմուկ կա:

Հայաստանի տրանսպորտային համակարգից ավելի վատ կարող են լինել միայն դրա մասին խոսակցությունները: Թող օրհնյալ լինի մետրոն:

Հայրենասեր տղամարդ, հայրենասեր կին, հայրենասեր զավակներ՝ սրանից ուզում ես «եղջերուի երկիր» փախչել: Կամ այնպիսի տեղ, որտեղ տան նկատմամբ սերը եւ խնամքը բնական երեւույթ է, քարոզչության եւ դատարկ, վերամբարձ բառերի կարիք չունի:

Սեռական փոքրամասնությունների ու ընտանեկան բռնության մասին

Ամենից շատ չեմ սիրում, երբ մարդու մեջ ինչ-որ բան ճչում է՝ լինի շպարը, հագուստը, կրոնը կամ կողմնորոշումը: Կարծում եմ՝ ցանկացած, այդ թվում հայ ավանդական ընտանիքին սպառնալիք է ներկայացնում նեղ մտահորիզոնը եւ սիրո բացակայությունը:

«Ընտանեկան բռնություն» բառակապակցության մեջ նախապես կա ինչ-որ հնազանդ, սխալ բան: Բռնության դեմ պետք է պայքարել՝ անկախ դասակարգումից: Եվ սա, առաջին հերթին, նրա պայքարն է, ով դրան անմիջականորեն բախվել է: Հասարակությունը կաջակցի, այնուհետեւ տուն կգնա, խալաթը կհագնի ու թեյ կխմի: Սա նորմալ է: Յուրաքանչյուրի ընտրությունն է բռնության հետ ապրելը կամ ոչ: Թեժ գծերը, տուգանքները, սատարող կազմակերպությունները ոչ մի նշանակություն չունեն, եթե մարդը հաշտվել է զոհի կերպարին:

Փողի, վախերի եւ շարժառիթների մասին

Փողին վերաբերվում եմ ստացածի չափով: Ամենից շատ ծախսում եմ շոկոլադապատ վաֆլիի եւ կլյոշ ջինսերի վրա: Հագուստի մեջ պետք է ինձ հավատարիմ մնամ, եւ սա, թերեւս, միակ չափանիշն է:

Ամենամեծ վախը կորուստի վախն է:

Իմ ամենամեծ մոտիվացիան ծնողներս են: Նաեւ սերը եւ Ռիչարդ Բրոտիգանի բանաստեղծությունները:

Զգեստապահարանի, դիմահարդարման եւ ավելորդ քաշի մասին

Զարմանալի պատմությամբ մի իր կա: Մի քանի տարի առաջ ես սիրահարվեցի Գոհար Մարկոսյան-Կասպերի «Պենելոպային»: Այս գիրքն այն մասին է, թե ինչպես է Ղարաբաղյան պատերազմի ֆոնին 90-ականների «մութ ու ցուրտ» Երեւանում, ջրի ու լույսի բացակայությամբ Պենելոպա անունով կինը ցանկանում գլուխը լվանալ: Այդ ժամանակ մտքովս էլ չէր անցնի, որ 2 տարի հետո կհայտնվեմ Տալլինում եւ ըստ գլխավոր հերոսի նախատիպի՝ «country» ոճով վուշից սարաֆան կգնեմ (-30 աստիճանի պայմաններում):

Դիմահարդարման հարցում անգրագետ եմ, բայց սիրում եմ վառ գույնի շրթներկ: Մի ժամանակ մազերիս մի մասը շեկ էի ներկում, մինչև չձանձրացա: Ինձ դուր է գալիս իմ բնական գույնը: Կցանկանայի քաղաքում ավելի շատ երջանիկ դեմքեր տեսնել, կարեւոր չէ՝ շպարված, թե ոչ:

Ավելորդ քաշ չունեմ, պակասող քաշ ունեմ: Համոզված եմ՝ գլխավորը առողջությունն է: Այդ թվում իմ եւ շրջապատիս մարդկանց:

Քննադատության, ազդեցիկ մարդկանց եւ համոզմունքների մասին

Քննադատությունն անհրաժեշտ է, հատկապես ուսուցիչներիս, որոնց սիրում եմ եւ ականջալուր լինում:

Անկախ միտումներից եւ եղանակից՝ սիրում եմ Էմիր Կուստուրիցային, Բոբ Դիլանին, Պաոլո Սորենտինոյին եւ «Նեժնի» յոգուրտը: 20-րդ դարի արվեստում ոգեշնչում է Ռենե Մարգրիթի աշխարհը: Հիմա մեծ աղմուկ կա Բենքսիի շուրջ: Հնարավոր է՝ նա այն անհատներից է, ովքեր միտումներ են թելադրում եւ «եղանակ փոխում»:

Ես հավատում եմ, որ բոլոր ճանապարհները տանում են տուն :

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am-ի

Հարցազրույց նախագծի մյուս մասնակիցների հետ

1. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անի Մովսիսյան)

2. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ջեմմա Փանոյան)

3. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Նատալյա Զալիբեկյան)

4. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Աննա Արեւշատյան)

5. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ինեսա Մկրտչյան)

6. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ելենա Գեւորգովա)

7. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անահիտ Թադեւոսյան)

8. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Լիլիթ Մովսիսյան) 

9. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Սոնա Ազարյան)