News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է «Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով» նոր նախագիծը: Գաղափարի հեղինակ Անի Աֆյանը զրուցել է Հայաստանում բնակվող երիտասարդ կանանց հետ եւ հարցրել նրանց «Թավշյա հեղափոխության» եւ ընտանեկան բռնության, համընդհանուր տագնապների եւ անձնական վախերի, ոճի եւ ավելորդ քաշի մասին. մի խոսքով՝ ամեն ինչի մասին: Հիմա եւ այստեղ: Անկեղծ: Դեմ առ դեմ: 

Ջեմմա Փանոյանը կրթական ոլորտում շահույթ չհետապնդող հիմնադրամների իրավաբան է, զուգահեռ իրականության մեջ՝ մանկապարտեզի դաստիարակ:

Մասնագիտության եւ իր մասին

Ինձ շատ դուր է գալիս մտածել ոլորտի իրավական լուծումների մասին, ինչը միաժամանակ պահանջում է պահպանողականություն եւ նորարարություն: Վերջերս մի կոնֆերանսում լսեցի հետեւյալ արտահայտությունը. «Կրթությունը երբեք չի կարող լինել լրիվ նորարարական՝ պարզապես այն պատճառով, որ դասավանդողները միշտ երկու սերունդ մեծ են լինելու սովորողներից: Ինձ դուր եկավ այս միտքը: Այն կիրառելի է նաև է իրավական դաշտում: Մենք միշտ փորձելու ենք օգտագործել մեխանիզմներ, որոնք մի քանի սերունդ առաջ են մտածել նոր իրողությունների համար:

Ինձ դուր է գալիս ուսումնասիրել Երեւանը, այն ամբողջությամբ մաս առ մաս հավաքել, իմանալ  խենթ պատմություններ: Իմ ընկերներից որոշներն այնքան են սկսել վստահել ինձ, որ ինձ են խնդրում ցույց տալ քաղաքն իրենց հյուրերին: Աներեւակայելիորեն հրաշալի է, որ օտարներն ինչ-որ բանի հանդեպ ունեցած քո սիրուց վարակվում են: Հիմա սա այն է, ինչ ես սիրում եմ, աշխատանքից բացի: Իսկ մի քանի տարի անց, գուցե, ես սկսեմ զգեստներ կարել կամ էլ դառնամ օդապարիկով թռչողների հրահանգիչ, ով գիտե:

Այս տարի դարձա 30 տարեկան: Գլուխս լցված էր արդյունքներով, կասկածներով, իմ եւ ուրիշների համեմատությամբ: Իսկ հետո, 30 տարեկան եւ 1 օրականում դուրս ես գալիս տանից, գնում ես աշխատանքի եւ ապրում այնպես, ինչպես ամեն նախորդ օրը:

Ես լավատես ճակատագրապաշտ եմ: Հավատում եմ, որ ամեն ինչ կլինի, ինչպես պետք է, որ դա լինի: Իսկ ամեն ինչ լավ պետք է լինի: Երբեմն, իհարկե, դժվար է պահպանել մտքերի այդ ընթացքը: Մեր հասարակությունում կա մի տեսակ կտրոն-թերթիկ, որը ենթակա է կատարման: Դպրոցից հետո անմիջապես ԲՈՒՀ ընդունվել, անպայման դիպլոմ ստանալ, ամուսնանալ կամ ամուսնացած լինել որոշակի տարիքում: Երբեմն դժվար է մարդկանց համոզել, որ եթե քեզ մոտ նույնիսկ որոշ գալոչկաներ դեռ չեն դրվել, մեկ է, ամեն ինչ լավ է եւ հետո էլ է լավ լինելու: Այնպես, ինչպես պետք է լինի:

Իմ ու քրոջս միջեւ տարբերությունը երկու տարի է: Ով մեզ չի ճանաչում մանկությունից, կարծում է, որ մեծը ես եմ: Թվում է՝ ես ավելի լուրջ եմ կամ քրոջս սովորեցնում եմ: Դե, ուրիշ ինչ է մնում անել կրտսեր քույրերին:

Քաղաքականության եւ փոփոխությունների մասին

Ես գործնականում չգիտեմ Հայաստանի քաղաքական գործիչներին եւ շատ էլ գլուխ չեմ հանում, թե որ պատգամավորն ինչին է «կողմ» եւ «դեմ» հանդես գալիս:

Երբեք հետաքրքրված չեմ եղել մաքուր քաղաքականությամբ։ Միեւնույն ժամանակ, եթե մտահոգված եմ որեւէ հարցով, օրինակ, Երեւանում որեւէ շինության կառուցմամբ, գիտեմ, թե որ մարմիններին դիմել պատասխան ստանալու համար։

 «Թավշյա հեղափոխության» ֆոնին ես դարձա ավելի պահանջկոտ: Եթե ​​նախկինում ինչ-որ բան ինձ դուր չէր գալիս, փորձում էի շտկել իրավիճակը, բայց հազվադեպ էի գնում մինչեւ վերջ: Այժմ փորձում եմ ավելի շատ ժամանակ եւ ջանքեր ներդնել:

Կցանկանայի փոխել վերաբերմունքը մաքրության հանդեպ: Մենք շատ ենք հպարտանում Հայաստանի բնությամբ եւ պատմությամբ, բայց բացարձակապես դրանք չենք հարգում: Մենք կարող ենք հյուրերին բերել–զարմացնել տեսարժան վայրերով եւ թողնել աղբը կիրճի մեջտեղում կամ վանքի մոտ եւ մաքուր խղճով հեռանալ:

Ես մեքենա եմ գնել, որովհետեւ Երեւանում այլ կերպ տեղափոխվելը դժվար է կամ թանկ: Մի կողմից, ինձ շատ է դուր գալիս վարելու փորձն այստեղ. ամեն օր երաշխավորված են վառ էմոցիաներ, մյուս կողմից, ցավալի է, որ հասարակական տրանսպորտի ցանցն այնքան զարգացած չէ, որ ոչ ձեռնտու եւ ոչ գործնական լիներ մեքենա գնելը։  

Սեռական փոքրամասնությունների մասին

Ոչ ավանդական կողմնորոշման մարդիկ ինձ մոտ նույն զգացմունքներն են առաջացնում,  ինչ ցանկացած այլ մարդ: Նրանք լինում են ծիծաղելի եւ խելացի, պարկեշտ եւ ոչ այնքան, բարի եւ դաժան: Հայկական ավանդական ընտանիքի (ինչ էլ որ դա չնշանակի), ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության, ազգային անվտանգության ու էկոլոգիայի համար մարդիկ կարող են սպառնալիք ներկայացնել՝ անկախ նրանից, ում են իրենք սիրում եւ ում հետ են ապրում:

Փողի, վախերի եւ շարժառիթների մասին

Բացարձակապես չեմ կարողանում փողերի հետ վարվել սովորել։ Պարբերաբար բեռնում եմ ծախսերին հետեւելու ծրագրեր եւ մոռանում դրանց մասին: Ամենից շատ ծախսում եմ ճամփորդության վրա եւ դրա համար ընդհանրապես չեմ ափսոսում:

Ահավոր է ժամանակին չնկատելը, որ ես ինչ–որ մեկին պետք եմ: Ահավոր է մտածել, որ չեմ հասցնի օգնել։

Ինձ մոտիվացնում են խորը գիտելիքներով մարդիկ, հատկապես, եթե դրանք ձեռք են բերվել ուսումնական հաստատությունների պատերից դուրս: Մենք TED talk–ի սերնդից ենք: Մենք ուզում ենք, կատակելով եւ փոփ մշակույթին հղում անելով, մի քանի րոպեում ստանալ արժեքավոր գիտելիքներ: Իդեալական կլինի, եթե զուգահեռ դեռ զբաղվել սպորտով, խոհանոցով եւ տան մաքրությամբ։ Ոչ ոք ժամանակ չունի խորանալու բուն էության մեջ: Մենք վերցնում ենք միայն այն, ինչ կա մակերեսին: Իսկ մեր մայրերը, հայրերը, տատիկները եւ պապիկները կարողանում էին նստել գրքի առաջ, վերանալ արտաքին խանգարիչներից եւ մանրակրկիտ ուսումնասիրել իրենց հուզող հարցը։

Հանդերձանքի եւ դիմահարդարման մասին

Հայ հասարակությունը շատ պահանջկոտ է կանանց հանդեպ: Նա պետք է լինի կրթված, հաջողակ, խնամված, կարողանա պատրաստել, սպորով զբաղվել եւ դեռեւս անսահման թվով «պետք է»–ներ: Ես չգիտեմ, թե ինչպես են հայ կանայք դա անում: Անձամբ ես առավոտյան ուժ ունեմ միայն մի բաժակ սուրճի համար: Իսկ նրանց ուժը հերիքում է աշխատանքից տուն գալ, հոգ տանել իրենց ընտանիքի եւ տան մասին, գիշերը մի ամբողջ գնդի համար սնունդ պատրաստել, առավոտյան մազերը հարդարել, դիմահարդարվել եւ սլանալ առաջ։ Շատ կուզեի հավատալ, որ տղամարդիկ դա գնահատում են: Բայց կարծում եմ՝ հազիվ թե:

Կանանց, ովքեր կարողանում են ճիշտ դիմահարդարվել, ես նույնկերպ եմ վերաբերվում, ինչպես այն ​​մարդկանց, ովքեր կարող են երաժշտական ​​գործիքներ նվագել: Ես մեծ հարգանք եմ տածում նրանց հանդեպ, բայց հասկանում եմ, որ եթե ինքս փորձեմ դա անել, «խալտուրա» կլինի: Միգուցե մի օր ինձ էլ դա կհաջողվի: Իսկ մինչ այդ, ես կշարունակեմ հավատալ, որ սուրճը հաճելի երանգ է տալիս դեմքի մաշկին:

Ես սիրում եմ գեղեցիկ բաներ, բայց ատում եմ վազվզել խանութներով, ուստի երկար ժամանակ ինձ համար հագուստ ընտրում էր մայրս՝ քրոջս կամ հորաքրոջս հետ: Իմ զգեստապահարանը բաղկացած էր ընտանեկան ոճերի խառնուրդից: Աստիճանաբար սովորեցի նավարկել այդ ոճերի մեջ, եւ հիմա դա ինձ նույնիսկ դուր է գալիս:

Ես նախընտրում եմ բնական գործվածքները: Եթե ​​մի բան իմ սրտին «կպչում է», միեւնույն ժամանակ գեղեցիկ է նայվում, այն դառնում է սիրված: Ես սիրում եմ համադրել տարբեր դարաշրջանները` տաբատները, որոնք կարել է իմ տատիկը հորաքրոջս համար՝ դեռեւս նախքան իմ ծնունդը, վերնաշապիկով, որի վրա եղած գրությունը տատիկիս կստիպեր մի քանի օր չխոսել հետս։ 

Երկար եմ հիշում այն ​​իրերը, որոնք կրելիս եմ եղել, երբ ինձ հետ ինչ-որ բան է պատահել: Ես հիշում եմ, թե ինչ վերնաշապիկով եմ եղել, երբ համալսարանի առաջին կուրսում թռա ջրհորդանի վրայով՝ հույսով, թե այդկերպ կպահեմ մանկությունը։

Ես ունեմ փոքրիկ կրունկով ամառային կոշիկներ, որոնցով քայլել եմ Փարիզի կամուրջներով՝ փորձելով համոզել ինձ, որ իսկական ֆրանսուհին չէր էլ մտածի սպորտային կոշիկների մասին: Սակայն ես հեշտությամբ եմ բաժանվում իրերից, նույնիսկ եթե դրանց հետ լավ հիշողություններ կան կապված:

Միայն մի բան կա, որը ես կարոտում եմ։ Դա հին քռչոտ ուսապարկն է, որն ինձ ժառանգություն հասավ քրոջիցս։ Այն ինձ հետ միասին շատ բան է տեսել, իսկ գլխավորը, հավատարիմ գրքակիր զենք էր։ Բրազիլիայից Ռուսաստան ճանապարհի վրա ինչ–որ տեղ նա որոշեց, որ արդեն վաստակած հանգստի անցնելու ժամանակն է, եւ տուն չվերադարձավ։ Հուսամ, Կոպակաբանի ուսապարկն ուրախացնում է իր նոր տերերին։

Երազանքի, համոզմունքների եւ ազդեցիկ մարդկանց մասին

Իր գրքերից մեկում արվեստաբան Պաոլա Վոլկովան նկարագրում է Հիերոնիմոս  Բոսխի «Հիմարների նավը» նկարը, որտեղ բոլորը խմբով եւ անխտիր երգում են: Մինչ այդ հատվածը կարդալը ես բազմիցս տեսել եմ նկարի արտատպությունը եւ նայել եմ նրան նույն ձեւով՝  «խմբով եւ անխտիր»՝ դրանում առանձնակի ոչինչ չտեսնելով: Հետեւաբար, պատասխանելով հարցին, թե ովքեր են այսօր ապրողներից «եղանակ փոխում», ես կտամ Պաոլա Վոլկովայի անունը՝  մի մարդու, ում շնորհիվ ես նորովի սկսեցի նայել ինձ արդեն ծանոթ նկարին:

Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական ճանապարհը: Եթե ​​մենք լսենք ինքներս մեզ, ազատենք մեր գլուխն անպետք մտքերից եւ ուրիշների սպասումներից, ապա անպայման կհասնենք այնտեղ, ուր տանում է մեզ մեր ճանապարհը։

Երազանքներն ու նպատակները տարբեր բաներ են: Երազանքները երբեմն իրականանում են, ամենակարեւորը այդ պահին չպետք է չափազանց հոգնած (զբաղված) նյարդայնացած լինել եւ նկատել դա: Ահա նստած ես բազմոցին, թեյ ես խմում, իսկ քո երազանքը կատարվել է:

Լուսանկարները ՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

Հարցազրույց նախագծի մյուս մասնակիցների հետ

1. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անի Մովսիսյան)

2. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Նատալյա Զալիբեկյան)

3. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Աննա Արեւշատյան)

4. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ինեսա Մկրտչյան)

5. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ելենա Գեւորգովա)

6. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անահիտ Թադեւոսյան)

7. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Լիլիթ Մովսիսյան) 

8. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Սոնա Ազարյան) 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ