News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է «Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով» նախագիծը: Գաղափարի հեղինակ Անի Աֆյանը զրուցել է Հայաստանում բնակվող երիտասարդ կանանց հետ եւ հարցրել նրանց «Թավշյա հեղափոխության» եւ ընտանեկան բռնության, համընդհանուր տագնապների եւ անձնական վախերի, ոճի եւ ավելորդ քաշի մասին. մի խոսքով՝ ամեն ինչի մասին: Հիմա եւ այստեղ: Անկեղծ: Դեմ առ դեմ: 

Ինեսա Մկրտչյանը պրոդյուսեր է: Ամենից շատ կինոն է սիրում, երազում է ֆինանսավորել վայրի բնության փրկության նախագծեր:

Մասնագիտության եւ իր մասին

Ես գտել եմ ինձ. կինոն իմ կիրքն է, եւ ես ցանկանում եմ ամբողջ կյանքս կինոյին նվիրել: Հիմա առաջ եմ քաշում նոր կինոնախագիծ:

Վերջին շրջանում ոչ այնքան բուն կինոնկարն է կարեւոր խոշոր փառատոների համար, որքան դրա շուրջ քաղաքական աղմուկը: Այլ կերպ ասած՝ որպեսզի քո ֆիլմը Կաննում հայտնվի, ցանկալի է, որ այն քո երկրում արգելեն, իսկ քեզ քարկոծեն եւ վտարեն:

Քննդատության պակաս չկա: Ով չի ալարում, պետք է արտահայտվի, նույնիսկ եթե նրան ոչ ոք հարց չի ուղղում: Նման կարգի քննադատությունը ես անհասկանալի ու անընդունելի եմ համարում: Բայց եթե իմ աշխատանքը այդ ոլորտի պրոֆեսիոնալն է քննադատում, ապա ականջալուր եմ լինում:

Ես ռեալիստ եմ, որովհետեւ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն է կրում իր արարքների եւ հետեւանքների պատասխանատվությունը: Եվ միաժամանակ երազող եմ: Օրինակ՝ ցանկանում եմ հիմնել սեփական կինոընկերություն: Ընդհանրապես, ես միանգամայն իրականանալի երազանքներ ունեմ:

Նախկինում ինքնագնահատման հետ կապված խնդիրներ ունեի: Ինձ սաստիկ քննադատում էի ծուլության համար, բարդույթավորվում էի արտաքինիս պատճառով, բայց այդ ամենն արդեն հարթել եմ: Ինքնափորփրմամբ այլեւս չեմ զբաղվում: Դա ոչ մի իմաստ չունի:

Երբ 25 տարեկան դարձա, լարվեցի: Մի քանի տարի ինձ չէր լքում զգացումը, որ շատ ժամանակ եմ անիմաստ անցկացրել եւ հիմա ոչ մի բան երբեք չեմ հասցնի: Բայց հետո այն ինձ լքեց:

Իմ մասին առաջին տպավորությունը միշտ խաբուսիկ է: Հաճախ եմ շատերից լսում, որ չափից ավելի հպարտ ու անտանելի եմ թվում, բայց հետո հենց իրենք են խոստովանում. «Քեզ ուղղակի պետք է ճանաչել սիրելու համար»:

Քաղաքականության, փոփոխությունների եւ հայրենասիրության մասին

Աշխատում եմ քաղաքականությունից դուրս ապրել, չնայած դա բավականին բարդ է՝ համացանցում էջեր ունենալով:

Երկու անգամ հանրահավաքի գնացի եւ սոսկ համոզվեցի, որ դա իմը չէ: Նման կարգի միջոցառումների պետք է գնաս, եթե 100 տոկոսով աջակցում ես այնտեղ հնչող գաղափարներին: Իսկ կային այնպիսիները, որոնք գալիս էին զվարճանալու կամ տեսարանների համար՝ այնքան էլ չհասկանալով, թե ինչ է, ըստ էության, տեղի ունենում, եւ ինչու են բոլորը հավաքվել:

Թավշյա հեղափոխությունից հետո նշանակալի դրական փոփոխություններ չեմ տեսնում: Բայց ատելության ալիք եմ զգում՝ կրոնական, ազգության, սեռական կողմնորոշման, քաղաքական եւ այլ հայացքների հիմքով: Սա զայրացնում է: Դրա համար ոչ մի պատճառ չկար, առավել եւս, որ հեղափոխությանը մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ, եւ այդ ժամանակ ոչ մեկին չէր մտահոգում՝ կողքին կանգնածը բիսեքսուալ է, հայ, թե ոչ:

Շատ եմ սպասում, թե երբ են ընդունելու կենդանիների իրավունքների պաշտպանության մասին օրենքը: Տառացիորեն ամեն օր բախվում եմ թե՛ թափառող, թե՛ տնային շների, կատուների նկատմամբ դաժանությանը: Չկան նորմալ ապաստարաններ, մարդիկ, որոնք կենդանիներին վայրագությամբ են վերաբերվում, անպատժելի են մնում եւ շարունակում են մյուսներին հաշմել: Սա սարսափելի անարդարացի է նույնպիսի կենդանի արարածների հանդեպ, ինչպիսին մենք ենք:

Երեւանում տեղաշարժվում եմ մետրոյով կամ տաքսիով: Կցանկանայի, որ ավտոբուսները GPS-ով սարքավորված լինեին, եւ երթեւեկեին հստակ ժամանակացույցով, որ վերացնեին հին «ԳԱԶել»-ները, մետրոյի նոր կայարանների կառուցումն ավարտեին եւ նորերը ստեղծեին:

Հունից հանում է համատարած տգիտությունը, ու հոյակապ կլիներ, եթե դպրոցում արվեստների պատմություն դասավանդեին:

«Հայրենասերը» ընդամենը բառ է: Ո՛չ, ես հայրենասեր չեմ: Մենք բոլորս ապրում ենք միեւնույն մոլորակում: Ոչ ոք չի ընտրում, թե ինչպիսի ընտանիքում կամ երկրում է ծնվելու, դա զուտ պատահականություն է: Պարզապես անհրաժեշտ է հարգել միմյանց անձնական սահմանները:

Սեռական փոքրամասնությունների ու ընտանեկան բռնության մասին

Եթե անդրադառնանք սեքս փոքրամասնություններին, ապա 2 չափահաս մարդիկ իրավունք ունեն միասին անելու այն, ինչ խելքներին կփչի: Սա ոչ մեկին չի վերաբերում: Երբ ես մարդու հետ շփվում եմ, բացարձակապես ցանկացած մարդու հետ, ինձ հետաքրքրում են նրա հայացքները, մտքերը, այլ ոչ թե այն, թե նա ում հետ ինչ է անում իր ննջարանում:

Այո, շատ են բղավում այն մասին, որ ոչ ավանդական կողմնորոշմամբ մարդիկ իբր սպառնում են ավանդական հայ ընտանիքին: Բայց սա անհեթեթություն է: Հայ ընտանիքին իրական սպառնալիքը թաքնված է սելեկտիվ աբորտների եւ ընտանեկան բռնության մեջ:

Ի դեպ, ընտանեկան բռնության մասին: Սա Հայաստանում բավականին տարածված երեւույթ է: Եվ գլխավոր պատճառներից մեկը աղջիկների սխալ դաստիարակությունն է, որոնց սովորեցնում են դիմանալ կոպտությանը եւ ճակատագրի հետ հաշտվել հանուն ամուսնության: Այսպես, նրանցից շատերը մեծանալով եւ զոհ դառնալով՝ ամաչում են խոսել իրենց նկատմամբ բռնության մասին կամ, ինչն ավելի վատ է, դա որպես նորմա են ընդունում: Սա համալիր խնդիր է, սակայն կարծում եմ, որ այն մասնակիորեն կարելի է լուծել արդեն այսօր: Օրինակ՝ սկսել դպրոցում դասախոսություններից, ինչպես նաեւ գործարկել վստահության թեժ գիծ՝ որակյալ հոգեբանական եւ տեղեկատվական օգնության ցուցաբերման համար:

Փողի, վախերի եւ շարժառիթների մասին

Փողը տնօրինել չեմ կարողանում եւ, անկեղծ ասած, ոչ մի կերպ չեմ սովորում: Ամենից շատ ծախսում եմ տաքսու եւ կոշիկների համար:

Իմ ամենամեծ վախը անհաջողությունն է: Ես ամեն օր պայքարում եմ դրա դեմ, քանի որ անհաջողություն կրելու վախը անգործության է տանում: Իսկ անգործությունն, իր հերթին, տանում է դեպրեսիայի, ահա այդտեղ հայտնվել չեմ ցանկանում ու ոչ մեկին խորհուրդ չէի տա: Չարժի արդարացնել ծուլությունն ու նվնվալը:

Ինչպե՞ս եմ ինձ մոտիվացնում առաջ ընթանալ: Ինձ կշտամբում եմ անգործության համար եւ հիշեցնում, որ շուտով 30 տարեկան կդառնամ, իսկ Իսպանիայում դեռեւս տուն չունեմ:

Զգեստապահարանի եւ դիմահարդարման մասին

Ինձ համար կարեւոր է, թե ինչ եմ հագել ու ինչպիսի տեսք ունեմ: Հավանաբար, ավելի կարեւոր է, քան կցանկանայի:

Մանկության տարիներից ամենասիրելի դիզայներներից մեկն է Վիվյեն Վեսթվուդը: Հիշում եմ, թե ինչ հիացմունքի մեջ էի, երբ նրա կոշիկներից ունեցա:

Հագուստ ընտրելիս առաջնորդվում եմ տրամադրությամբ: Ոչ մի տրամաբանություն չկա: Նախընտրում եմ զգեստ հագնել: Պաշտում եմ բարձրակրունկները եւ 50-ականների ոճը, հատկապես այդ տարիների կանացի կոստյումները:

Ինձ դիմահարդարվելը դուր է գալիս, բայց դա այնքան հազվադեպ եմ անում, որ կարելի է ասել՝ դեռեւս չեմ սկսել: Իսկ մազերս ներկում եմ արդեն մի քանի տարի՝ ուղղում եմ բնության սխալը, որն ինձ ի ծնե շեկ մազեր չէր պարգեւել:

Ես ավելորդ կիլոգրամներ չունեմ, եւ չի էլ ավելանում: Այնպես որ, ուտում եմ, ինչ ցանկանում եմ, ինչի պատճառով հաճախ եմ լսում, որ ես վհուկ եմ: Հաճելի է, որ միջնադարում չեմ ծնվել: Ի դեպ, երբեմն մարզվում եմ:

Գեր մարդկանց նույն կերպ եմ վերաբերվում, ինչպես մնացյալին: Ամբողջ հարցը ինքնագնահատականն է: Եթե փարթամ մարմնակազմվածքով մարդն ինքն իրեն դուր է գալիս, իրեն վստահ ու հարմարավետ է զգում, ապա ոչ ոքի կարծիքը չպետք է կարեւոր լինի, այդ թվում՝ իմ:

Համոզմունքների եւ ազդեցիկ մարդկանց մասին

Մարդկանցից, որոնք աշխարհում այսօր ինչ-որ բան են փոխում, կանվանեի Իլոն Մասկին: Շատ այլոք, ցավոք, այլեւս ողջ չեն:

Ես ոչ մի բանի չեմ հավատում: Հավատը կույր է, խուլ եւ ավելորդ հարցեր չի տալիս, իսկ ես այդպես չեմ կարողանում ապրել: Չգիտեմ՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am-ի 

Հարցազրույց նախագծի մյուս մասնակիցների հետ

1. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անի Մովսիսյան)

2. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ջեմմա Փանոյան)

3. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Նատալյա Զալիբեկյան)

4. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Աննա Արեւշատյան)

5. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ելենա Գեւորգովա)

6. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անահիտ Թադեւոսյան)

7. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Լիլիթ Մովսիսյան) 

8. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Սոնա Ազարյան) 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ